ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման:
Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտականթեմաների հայտերի մրցույթի արդյունքում:
Գիտական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասինզրուցել ենք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար Հովիկ Փանոսյանի հետ։ Վերջինիս խոսքով, ներկայումս մանրէային ծագման էկզոպոլիսախարիդները (ԷՊՍ) լայն պահանջարկ ունեն դեղագործական և սննդի արտադրություններում, ներկանյութերի ու կենսապլաստիկի ստացման,ինչպես նաև թունազերծման և կենսավերականգնման գործընթացներում.
«Մանրէային ծագման ԷՊՍ-ներն օժտված են հակաօքսիդանտային, հակավիրուսային, հակաքաղցկեղային, հակաթրոմբոզային և հակամետաստազային ակտիվություններով: ԷՊՍ-ների արտադրական ստացումն էքստրեմոֆիլ մանրէների կիրառմամբ մի շարք առավելություններ ունի. բացառվում է կոնտամինացիան, սինթեզի գործընթացը կարելի էկազմակերպել՝ շրջանցելով մանրէազերծման ծախսատար և էներգատար փուլերը»։
Ըստ ԵՊՀ դոցենտի՝ գիտական ծրագրի նպատակներն են Հայաստանի էքստրեմալ կենսամիջավայրերից (երկրաջերմային աղբյուրներից, աղուտ-ալկալի հողերից և աղի հանքից) ընտրողաբար մեկուսացնել ԷՊՍ արտադրող թերմոֆիլ և հալոֆիլ մանրէներ, ուսումնասիրել այդ մանրէների արտադրած ԷՊՍ-ների ֆիզիկաքիմիական ու կառուցվածքային առանձնահատկությունները և գնահատել կենսատեխնոլոգիաներում դրանց կիրառման ներուժը:
Նրա համոզմամբ, նախատեսված է նաև էքստրեմոֆիլ ԷՊՍ արտադրիչ մանրէների կենսազանգվածի և հետևաբար ԷՊՍ-ների ստացման համարկիրառել գյուղատնտեսական թափոններ, ինչը թույլ կտա իջեցնել արտադրանքի ինքնարժեքը:
Ծրագրում ընդգրկված են 2 ավագ մասնագետ և 2 երիտասարդ գիտնական: Թեմայի խորհրդատուն Նեապոլի կենսամոլեկուլային քիմիայի ինստիտուտի (ինստիտուտը Եվրոպայում էքստրեմոֆիլ մանրէների ԷՊՍ-ներիուսումնասիրության ոլորտի առաջատարներից է) առաջատար գիտաշխատող, պրոֆ. Աննառիտա Պոլին է, որի գիտական խումբը մասնագիտացված է մանրէային ԷՊՍ-ների ուսումնասիրություններում:
Հ. Փանոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է խմբի երիտասարդ հետազոտողների գործուղում Իտալիա համագործակից լաբորատորիայում առկա գերճշգրիտ սարքավորումներով ԷՊՍ-ների քիմիական կազմի և կառուցվածքային առանձնահատկությունների վերլուծության նպատակով:
Անդրադառնալով ծրագրից ակնկալվող վերջնարդյունքներին՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ նախագծի հաջող իրականացումը թույլ կտա ստանալ նոր և կենսատեխնոլոգիապես հեռանկարային ԷՊՍ արտադրիչներ և դրանց սինթեզն ապահովող գեներ.
«Հեռանկարային շտամների ամբողջական գենոմների սեքվենավորումը և ԷՊՍ սինթեզը կոդավորող գեների վերծանումը նախադրյալ են հանդիսանալու հետագայում գենային կենսաինժեներիայի մեթոդներով նոր, բարելավված ցուցանիշներով տրանսգենային շտամների նախագծման համար: Կենսատեխնոլոգիական ներուժ ունեցող ակտիվ շտամ-արտադրիչների ընտրությունը հեռանկարային է լինելու գիտության և արտադրության միջև երկխոսության համար»։
Հ. Փանոսյանի խոսքով, ստացված արդյունքները ներկայացվելու ենմիջազգային գիտաժողովներում և տպագրվեն ազդեցության գործակցով միջազգային ճանաչում ունեցող գիտական հանդեսներում:
Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական ծրագրի շրջանակում նախատեսվում է համալրել ամբիոնում ստեղծված էքստրեմոֆիլ մանրէների կուլտուրաների հավաքածուն, ներդնել ԷՊՍ-ների ուսումնասիրության նորագույն մեթոդներ, որոնք ընդգրկվելու են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի կրթական ծրագրերում՝ որպես լաբորատոր աշխատանքի բաղադրիչներ: