Հայաստանը և Հնդկաստանն ընդլայնում են գործակցությունը

Հայաստանը և Հնդկաստանն ընդլայնում են գործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների արտգործնախարարները մի շարք ոլորտներում շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո:

«Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, գործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Սա կարելի է տեսնել կառավարության ծրագրում»,- նշել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է պաշտպանական, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկու երկրների քայլեր ձեռնարկելը հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար:

«Մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում ևս կշարունակի խորանալ, փոխադարձ աջակցությունն ամրապնդվել»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ: Ըստ Արարատ Միրզոյանի Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը, աջակցությունը Հնդկաստանին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամություն ստանալու հարցում:

Արարատ Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, շարունակական աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում։

«Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը»,- նշել է Միրզոյանը:

Այս համատեքստում ԱԳ նախարարը կրկին հիշեցրել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար, և ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ հայտնի սկզբունքների հիման վրա:

Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի ԱԳՆ-ի այս տարվա մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:  Իր հերթին Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը` Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին աջակցելու առումով:

«Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Պարսից ծոց-Սև ծով և Հյուսիս-Հարավ ճանապարհային ուղիների հարցերը։

«Մենք բնականաբար անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին։ Դա վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքին, երկու երկրներն էլ՝ և Հայաստանը, և Հնդկաստանը հետաքրքրված են այս նախաձեռնության կատարելագործման և կյանքի կոչման մեջ։ Եվ մենք, բնականաբար, քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացքող վերջին դրական զարգացումներին, Հնդկաստանի ու Հայաստանի միջև ուղիղ հաղորդակցության հաստատմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, գուցե նաև դեպի Սև ծով, Եվրոպա հետագա տարանցիկ փոխադրումների հարցը։ Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է։ Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ապա ես կարող եմ թերևս ամենաթարմ տեղեկությունն ասել՝ իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը։ Եվ այս ծրագրի, համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավական դինամիկ են զարգանում։ Եվ հուսամ՝ մոտ ապագայում կունենանք նույնիսկ ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է, որ տրանսպորտային միջանցքների հարցը շատ կարևոր է Հնդկաստանի համար, և մեծ գերակայություն է տրվում դրանց։

«Մենք նաև գնահատում ենք Հայաստանի մասնակցությունը դրանցում, որը կավելացնի լրացուցիչ հնարավորություններ այն նախաձեռնությանը, որը քննարկվում է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավելի սերտ գործակցելու անհրաժեշտություն կա․ Կարեն Անդրեասյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

Հաջորդը

Գնել Սանոսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

Առնչվող նյութեր
Դիտել

Նախատեսվում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով

Աստիճանաբար աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում…
Դիտել

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share