«Չուչել» ներկայացման պրեմիերան և բեմից բարձրաձայնվող կարևոր թեման

Օրերս կայացավ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրված «Չուչել» ներկայացման առաջնախաղը, որի հիմքում Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վեպն է:

Ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն ու գլխավոր դերակատար Էմմա Մանուկյանը, համագործակցելով «Գլոբալ թու լոքալ» շվեդական կազմակերպության հետ, փորձել են գրել ժամանակակից դպրոցականների, միմյանց նկատմամբ պարբերաբար իրականացվող բուլիինգի մասին, ինչը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ: Ստեղծագործական կազմը սկզբում որոշել էր «Չուչելը» բեմադրել դեռահասների համար, բայց նյութն ուսումնասիրելուց հետո որոշել են դուրս գալ դպրոցական շրջանակից:

«Ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ միասին ցանկանում էինք մշակույթի լեզվով բարձրաձայնել դեռահասների շրջանում հաճախ հանդիպող եւ շատերի համար դեռեւս անծանոթ «բուլլինգ» (անձի՝ ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ) երևույթի եւ դրա երկարատեւ բացասական հետևանքների մասին»,- նշում է Էմմա Մանուկյանը։

Դերասանուհու փոխանցմամբ՝ ներկայացման գաղափարի համահեղինակ, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը «բուլլինգ»-ի խնդրին անդրադառնալու առաջարկն ստանալուց հետո երկար փնտրտուքների մեջ է եղել՝ մինչեւ որոշումը կանգ է առել «Չուչել»-ի վրա:

«Քանի որ սովետական ժամանակաշրջանում գրված վեպ էր, որոշ բառեր ժամանակավրեպ էին հնչում, որոշեցինք այդ կմախքի վրա նոր բառամթերք օգտագործել եւ Գրիգոր Խաչատրյանի հետ միասին նորովի այն գրել: Եթե հանդիսատեսը գա՝ իր սիրելի վեպը գտնելու, հիասթափություն կապրի, քանի որ այն հիմնովին փոխված է, սակայն եթե գա հնի մոտիվներով նոր բան տեսնելու, կարծում եմ՝ կհավանի»,- նշում է դերասանուհին:

«Մենք փորձել ենք ստեղծել մի ներկայացում, որը հնարավորություն տվեց խոսել, մտորել այսօրվա աշխարհի մասին։ Ես եւ Էմմա Մանուկյանը պիեսը զրոյից ստեղծեցինք՝ գրական հիմք ունենալով, սակայն այն ավելի արդիական դարձնելով», – շեշտում է Գրիգոր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ փորձել են լինել ճշմարիտ, անկեղծ, հասկանալ՝ ինչ խնդիրներ ունի մեր օրերի երեխան, ինչպես է մտածում եւ այլն։

«Չուչել» ներկայացման կազմում են դերասաններ Լևոն Հախվերդյանը, Լիդիա Գրիգորյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Դիանա Մալենկոն, Նարեկ Մարտիրոսյանը, Լիդա Լևոնյանը, Արմեն Մեսրոպյանը, Նարեկ Քթոյանը, Էմմա Մկրտչյանն ու Մարիամ Ադամյանը: Բեմադրությունը, որն ընդունվեց բուռն ծափողջույններով, ծաղիկներով ու ոգևորությամբ, պատրաստվել է «Բուլիինգի մասին՝ մշակույթի և մեդիայի լեզվով» ծրագրի շրջանակում՝ Շվեդական ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ:

Վլադիմիր Ժելեզնիկովը «Խրտվիլակը» գրել է 1981 թվականին, իսկ Ռոլան Բիկովը 1983-ին վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել: Գլխավոր հերոսուհին իր վրա է վերցնում ուրիշի մեղքը, ինչի հետևանքով դասարանը նրան սկսում է խարազանել, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկել:

Գրիգոր Խաչատրյանի խոսքով՝ ներկայացման միջոցով խոսում են դեռահասների շրջանում տարածված հոգեբանական բռնության՝ բուլիինգի մասին՝ թեման վերածելով դերասանական, ռեժիսորական խնդրի: Մտադիր են ընդգծել, որ բռնությունը, որը սկսվում է նաև դասասենյակից, կարող է վերածվել համամարդկային մեծ չարիքի:

Թիմը երկար է փնտրել գրական նյութը՝ չնայած բուլիինգին վերաբերող գրականությունը քիչ չէ, իսկ Ժելեզնիկովի վեպը միանգամից է գրավել: «Ժելեզնիկովը հիանալի է ներկայացրել խնդիրն ու շեշտել, թե ինչ խայտառակ երևույթ է դեռահասների շրջանում հարաբերություններ պարզելը: Խորհրդային տարիներին գրված վեպ է այդ շրջանի արտահայտչամիջոցներով: «Չուչել» ներկայացումը դասական կառույց ունի՝ սկիզբ, ընթացք, կուլմինացիա ու ավարտ, սակայն հերոսների վարքագիծը փոխված է»,- շեշտեց բեմադրիչը, հավելելով՝ հնարավոր չէ պատկերացնել այսօրվա դպրոցականին առանց բջջային հեռախոսի, որը բեմադրության մեջ ասես գործող կերպար լինի:

Ռեժիսորի խոսքով՝ իրենց գործը հերոս ստեղծելն է, որի շուրջ պետք է ծավալվի դրաման: «Մենք երկար ենք մտածել, թե ով է մեր հերոսուհին, ի՞նչ տեսակի ու վարքագծի աշակերտ է: Խորհրդային շրջանում վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում Չուչելն ուղղակի ծիծաղելի երեխա էր, իսկ մեր ներկայացման մեջ կերպար է, որը մեզ համար իրական է: Մեր ժամանակներում մեզ խորհրդանշում էր այն պաստառը, որը կախված էր մեր սենյակում, դա մեր մասին շատ բան էր ասում: Այսօր երեխաները նման պաստառներ չունեն, իսկ Չուչելը, որը Լենոնի երկրպագուն է, ունի այն»,- շեշտեց Խաչատրյանը:

Դերասանուհի Լիդիա Գրիգորյանն էլ նշում է՝ իր մարմնավորած կերպարն առաջին հայացքից բացասական է թվում, սակայն կերպարը բազմաշերտ է. «Կերպարս ստանալու համար ուսումնասիրել եմ դպրոցականներին, խոսել եմ ուսուցիչների հետ։ Հասկացել եմ, որ իմ հերոսուհին տարբերվում է մտածելակերպով։ Նրա կարծիքով՝ կան խաղի կանոններ, որոնք պետք չէ խախտել։ Նրա ամենամեծ կոմպլեքսը սխալվելն է, բայց մենք պետք է հասկանանք, որ սխալվելը բոլորովին էլ վատ չէ։ Որպես ծնող, կարծում եմ, որ երեխան չպետք է ապրի սխալվելու վախի մթնոլորտում։ Սխալվելը բնական գործընթաց է, որը բնորոշ է բոլորիս։ Ցանկացած երեխա պետք է սխալվի։ Եվս մեկ կարևոր ուղերձ ունեմ փոխանցելու՝ մենք բոլորս տարբեր ենք, սակայն չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը մեզնից տարբերվում է, ապա նրան պետք է բուլլինգի ենթարկել։ Մենք պետք է ընդունենք մեկս մյուսին մեր թերություններով ու առավելություններով հանդերձ ու հարգենք միմյանց»,- շեշտում է դերասանուհին։

Ներակայացումն արդեն թատրոնի խաղացանկում է, թատերասերներն այն դիտելու հնարավորություն կունենան մայիսի 28-ին:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Լուսանկարները՝ «Արմենպրես» գործակալությանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Հաջորդը

Ովքե՞ր են տուժելու, երբ փողոցի կրկեսն ավարտվի

Առնչվող նյութեր
Դիտել

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Իսահակյան (Գյումրի) ավտոճանապարհի 2 հատվածներում

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ  միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-75 /Մ-9/-Իսահակյան-/Մ-7/ (Գյումրի) ավտոճանապարհի 2 հատվածներում։ Առաջին 15.9կմ…
Դիտել

Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք

Վերջին շրջանում նկատելի են դարձել  երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության…
Դիտել

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ Ռոնալդուով

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով: Պորտուգալացին ամենայն հավանականությամբ, կհեռանա իր ներկայիս ակումբից ձմեռային…
Դիտել

Արցախում բեռնատարը բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին․ կա 9 տուժած

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share