Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել ԼՂ հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Իրապես, ուկրաինական ճգնաժամը և դրա հումանիտար հետևանքներն այս պահին չափազանց կարևոր են Եվրոպայի խորհրդի համար: Ցավոք, ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ, խախտելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան:

Մասնավորապես, հիմք ընդունելով Կառավարության պահանջը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ կոչ անելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն խաղաղ բնակչության համար՝ Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև կոչ անելով հարգել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները:

Չնայած վերոգրյալին՝ նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները:

Որպես այդպիսին՝ 2022 թ. փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել է Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանական ճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաև բարձրախոսներով ուղիղ, սպառնացող և վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը: Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձ բնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը և լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով:

Նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150.000 մարդու թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում: Միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն այն նորից դադարեցրել է 2 օր անց:

Հարգելի՛ գործընկերներ, վերոգրյալն էթնիկական զտման դասական օրինակ է:

Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի, Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից:

Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական ու խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատախազը զրուցեց զոհվածների հարազատնմերի հետ

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 200 հազար դեղաչափով

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակցությունների շնորհիվ` Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200…
Դիտել

ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատախազությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share