Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել ազատ եւ արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում:

Ալեն Սիմոնյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ 2018-2021 թվականներին Հայաստանը բարելավել է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման իր ցուցանիշը՝ 35-ից անցնելով 49-ի, եւ Freedom House-ի գնահատմամբ՝ ազատության գլոբալ ցուցանիշը դրական աճ է արձանագրել: Կողմերը վերահաստատել են, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան համագործակցության կարեւորագույն հիմնասյուներից է:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է կոնկրետ ոլորտներում Հայաստանի օրենսդրական մի շարք բարեփոխումներ:

Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի եւ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Քննարկվել են նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու նախանշել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը, որն ունի երկկուսակցական աջակցություն եւ առանցքային դեր է խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին եւ նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ համապատասխան բանաձեւի ընդունման գործում նրանց ունեցած արժեքավոր ներդրման համար:

Հանդիպմանը Նենսի Փելոսիին է հանձնվել Պատվո շքանշան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար հանրապետական Քեվին ՄըքՔարթին, հանրապետականներ Դեւիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը եւ Աննա Էշուն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոշ շրջաններում բուք է

Հաջորդը

ԱԳՆ-ն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Աֆղանստանում պատրաստակամություն են հայտնել աշխատել թալիբների հետ

Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի պաշտոնական իշխանությունները պատրաստ են համագործակցել «Թալիբան» շարժման…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում…
Դիտել

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կզինվեն

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Բացահայտվել պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա 

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում, ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՊԵԿ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share