Ապօրինի օկուպացվել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Մինչ խորհրդի նիստը՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը խոսել է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների վրա: «Մինսկը մտադիր է աշխատել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման ուղղությամբ: Կազմակերպության ամրապնդումը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը հնարավոր է առկա հակասությունների լուծումից հետո»,- ասել է նա:

Հանդիպումից հետո խորհրդարանների ղեկավարները Հաղթանակի հրապարակում ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ներկայացվում է ամբողջությամբ.

«Հարգելի՛ Վյաչեսլավ Վոլոդին,

Հարգելի՛ Վլադիմիր Անդրեյչենկո,

Կոլեգիայի նիստի մասնակիցնե՛ր,

Ողջունում եմ բոլորին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:

Շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Պավլովիչ Ձեզ և մեր բելառուս գործընկերներին ջերմ ընդունելության և Վեհաժողովի միջոցառումների կազմակերպման համար:

Ողջունում եմ նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղար պարոն Տասմագամբետովին և մաղթում նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու պաշտոնում:

Գործընկերնե՛ր,

Գոհունակությամբ նշեմ, որ խորհրդարանական վեհաժողովի կողմից շարունակվում են աշխատանքները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության իրավական ապահովմանն աջակցելու, ազգային խորհրդարանների օրինաստեղծ գործունեության համակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակման մասով՝ ուղղված կազմակերպության նպատակների և խնդիրների իրականացմանը: Կարիք չկա թվարկել բոլոր մշակված առաջարկությունները, մոդելային օրենքներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ գործունեության բոլոր բևեռներին:

Կարևոր է նաև հասկանալ, թե որքանով ենք մենք ընկալունակ ընդհանուր խնդիրների նկատմամբ: Եվ երբ խոսում ենք մեր աշխատանքի դրական փորձի մասին, պետք է հստակ հիշել, որ փոխադարձ հարգանքը, միմյանց շահերը հաշվի առնելու ձգտումը, կոնսենսուսային մոտեցումների մշակումը, բարդ իրավիճակներում դաշնակիցների աջակցությունը կոնկրետ արդյունքների հասնելու համար այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր կազմակերպությունը:

Գործընկերնե՛ր,

Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք անվտանգության լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև: Աշխարհը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների և վերափոխումների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ շատ երկրների համար: Եվ Հավաքական անվտանգության պատասխանատվության գոտին ևս բացառություն չէ:

Հայտնի է, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել անցած տարի, և այժմ ես կցանկանայի տեղեկատվություն տրամադրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի մասին: Իրավիճակը բավականին լարված է: Չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու քաղաքականությունը, թեժացնում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում:

5 ամիս Լաչինի միջանցքի ապօրինի կեղծ-բնապահպանական արգելափակումից հետո ապրիլի վերջին Ադրբեջանը դիմեց արդեն Լեռնային Ղարաբաղի պաշտոնական շրջափակմանը: Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի որոշումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և այս տարվա փետրվարին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշման կոպիտ խախտում է:

Գրեթե կես տարի Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայեր ապրում են լիակատար շրջափակման, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի սուր դեֆիցիտի պայմաններում: Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ սահմանափակում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը և միջանցքով հիվանդների տեղափոխումը:

Վերոնշյալի համատեքստում մեզ համար կարևոր են դաշնակիցների և գործընկերների կողմից իրական հասցեական հայտարարություններն ու քայլերը՝ եռակողմ հայտարարության պարտավորություններին համապատասխան Լաչինի միջանցքի գործարկման ռեժիմի վերականգնման և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ անվտանգության և անօրինական գործողություններից պաշտպանվածության պայմաններում Լեռնային Ղարաբաղի կյանքը կարգավորելու նպատակով:

Գործընկերնե՛ր,

Մենք հետևում ենք Ադրբեջանի կողմից հայկական հարուստ մշակույթը ոչնչացնելու և հայկական ինքնության հետքերը ջնջելու փորձերին: Կարևոր է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նաև հաստատել է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու սպառնալիքի առկայությունը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում:

Բաքուն մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և պատանդ պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց դեմ շինծու դատավարություններ անցկացնելով:

Գործընկերնե՛ր,

Անդրադառնամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Մենք բազմիցս հայտարարել ենք խաղաղության պայմանագիր կնքելու և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու Հայաստանի պատրաստակամության մասին: Ադրբեջանը, սակայն, շարունակում է ագրեսիվ դիրքորոշում իրականացնել:

Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ ականանետերի և հրետանու կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Իրավիճակի նման զարգացումն ապացուցում է, որ ադրբեջանական կողմի հրահրած համակարգված սադրանքները միտված են խաթարելու բանակցային ակտիվ գործընթացները՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նման բան տեղի ունեցավ նաև երեկ:

Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է:

Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը: Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր:

Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես գործընկերներին զգուշացրել էի Ադրբեջանի վարած քաղաքականության ապակայունացնող հեռանկարների մասին: Բաքուն արհամարհանք է դրսևորում միջազգային գործընկերների նկատմամբ, որոնց ներկայությամբ և միջնորդությամբ պաշտոնական Բաքուն ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և պարտավորություններ ստանձնել նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման հարցում:

Հարգելի՛ գործընկերներ,

Տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց և կառուցողական երկխոսությունը: Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռևս շոշափելի արդյունքներ չկան, և դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների:

Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքեր գործադրելու կարևորությունը: Կոչ եմ անում այս դահլիճում ներկա տարածաշրջանի խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ: Այս բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների և առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար:

Տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` FIFA Forward Awards 2023-ի հաղթող

Հաջորդը

«Հաստատում ենք Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ցանկացած պայմաններ թելադրելուն․ Պեսկով

Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին ցանկացած պայմաններ թելադրելուն և կողմ է միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն, հայտարարել…
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ եւ Դանիայի ԱԳ նախարարությունների միջեւ

Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Զասին հիշեցրել է, որ գոյություն ունի սահման

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող…
Դիտել

Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեկնաբանությունն օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ որոշ շահարկումների առնչությամբ. Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share