Արմեն Գրիգորյանը կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Այսօր Բաքվից նախագահի մակարդակով հնչել է հայտարարություն, որ մայիսին Բրյուսելում նախատեսված է հայ-ադրբեջանական հանդիպում, չի նշվել, սակայն, թե ինչ ձևաչափի մասին է: Կա նաև ԱԳՆ պատասխանը ռուսական լրատվամիջոցին, որ իրենք տեղյակ չեն` ինչի մասին է խոսքը: Ձեր մեկնաբանությունը:

Արմեն Գրիգորյան. – Երևի ԱԳՆ խոսնակն ավելի շատ նկատի է ունեցել` Արտգործնախարարության մակարդակով հանդիպումների մասին ինֆորմացիա չկա, բայց պլանավորվում է իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը գալիս երկուշաբթի օրը Բրյուսելում: Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող:

«Ազատություն». – Նախորդ անգամ Հաջիևի հետ Ձեր հանդիպումը նախորդեց նախագահ-վարչապետի մակարդակով բանակցություններին: Կարո՞ղ ենք ասել, որ սա ևս դրա նախապատրաստման ինչ-որ մի փուլ է:

Արմեն Գրիգորյան. – Որոշ առումով հա, եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխաններն ստանանք Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում:

«Ազատություն». – Պարո՛ն Գրիգորյան, Ձեր այս սպասվող հանդիպումը Հաջիևի հետ կարո՞ղ ենք տեղավորել նաև խաղաղության համաձայնագրի նախապատրաստությունների համատեքստում:

Արմեն Գրիգորյան. – Լայն կոնտեքստում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարող ենք տեղավորել, որովհետև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, կարող ենք ասել, այս պահին մի քանի ուղղություններ ունեն: Դա եռակողմ աշխատանքային խումբն է` ապաշրջափակման թեմայով: Այս պահին քննարկվում է նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը: Գրեթե վերջնական փուլում է, կարծում եմ` մոտակա ժամանակներս արդեն կհայտարարվի աշխատանքային խմբի ձևավորման մասին, և կձևավորվի այդ աշխատանքային խումբը, և կսկսեն քննարկել դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը: Կա նաև խաղաղության օրակարգի քննարկման ուղղությունը, որ արտգործնախարարների մակարդակով է: Կա նաև, գիտեք, որ անվտանգության ուժերի ղեկավարների պարբերաբար հանդիպում, որը քննարկում է նաև ընդհանուր առմամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, որոշ հարցեր: Եվ կա նաև իմ և Հիքմեթ Հաջիևի հանդիպման պլատֆորմը, որտեղ քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

«Ազատություն». – Եվ կարող ենք ասել, որ սա ամենաուղիղ` որպես Դուք վարչապետի ներկայացուցիչ, ինքն էլ Ադրբեջանի նախագահի, շփո՞ւմն է:

Արմեն Գրիգորյան. – Կարծում եմ` բոլորս էլ այդպիսի մակարդակում ենք` և՛ արտգործնախարարը, և՛ մնացած բոլոր ուղղություններով. բոլոր պաշտոնյաներն անմիջապես զեկուցում են բոլոր հանդիպումների մասին:

Ինչ վերաբերում է ուղիղ հանդիպում կազմակերպելու մասին, այո, մենք նաև հանդիպում ենք, որպեսզի նախապատրաստական աշխատանքներ կատարենք:

«Ազատություն». – Դուք ասացիք` եթե ինչ-որ հարցեր հստակեցվեն, հնարավոր է հանդիպումը: Ինչի՞ մասին է խոսքը:

Արմեն Գրիգորյան. – Դա բանակցությունների առարկա է: Եկեք, բանակցությունների առարկա թողնենք, հետագայում եթե ինչ-որ առաջընթաց ունենանք, մենք հանրությանը դրա մասին կտեղեկացնենք:

«Ազատություն». – Դուք արդեն մատնանշեցիք դեմարկացիայի հանձնաժողովի մասին, որը նաև անվտանգային երաշխիքներով է արդեն զբաղվելու: Ապրիլը վերջանում է, և ըստ բրյուսելյան պայմանավորվածության` այն արդեն պիտի ձևավորված լիներ…

Արմեն Գրիգորյան. – Դեռևս մեկ օր կա ապրիլի վերջի համար, և կարծում եմ` մինչև այդ ժամանակը մենք կունենանք հայտարարություն:

«Ազատություն». – Դա ի՞նչ ձևաչափ է ունենալու, ովքե՞ր են այնտեղ ընդգրկվելու:

Արմեն Գրիգորյան. – Տարբեր պետական ինստիտուտներ, որոնք որևիցե ձևով առնչություն ունեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, այսինքն` ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, նաև այլ ինստիտուտներ, որոնք և շահագրգռվածություն ունեն, և գիտելիք ունեն այս գործընթացի վերաբերյալ: Այս աշխատանքային խումբը երկկողմ աշխատանքային խումբ է: Մենք ցանկանում ենք նաև միջազգային հանրությանը, որպես գիտելիք ունեցող և նաև ինստիտուցիոնալ փաստաթղթեր կրող պետություններ, օգնություն ցուցաբերենք, որպեսզի դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացն անցնենք:

«Ազատություն». – Միջազգային հանրությանը, թե՞ միայն Ռուսաստանին, որովհետև ավելի վաղ ռուսական պայմանավորվածություններով…

Արմեն Գրիգորյան. -Ե՛վ Ռուսաստանին, և՛ Բրյուսելին, և՛ նաև եթե մենք տեսնենք` հավելյալ անհրաժեշտություններ ունենք, այլ քննարկումներ էլ կունենանք:

«Ազատություն». – Իսկ այդ անվտանգային երաշխիքների մասով, որ պիտի այս հանձնաժողովը նորից զբաղվի, ուշացած չէ՞ այն իմաստով, որ օդում մնաց Երևանի առաջարկը` մինչև այս աշխատանքները սկսելը նախ հայելային հետ քաշել զորքերը:

Արմեն Գրիգորյան. – Աշխատանքային խումբը նաև պետք է քննարկի նմանատիպ հարցեր, այդ առումով կարծում եմ, որ ուշացած չէ, մենք պետք է շարունակենք մտածել անվտանգության միջավայրի մասին, որովհետև այդ գործընթացը շատ ծանր գործընթաց է, նույնիսկ այնպիսի երկրների հետ, որոնց հետ ունենք շատ լավ հարաբերություններ, օրինակ` Վրաստանի հետ այս գործընթացը դեռևս ավարտին չենք հասցրել, որովհետև կան մի շարք հարցեր, որոնց ոչ մենք ունենք այդ պատասխանը, ոչ Վրաստանը, կամ ունենք տարբեր մոտեցումներ: Եվ երկար տարիներ շարունակվում է այս գործընթացը, իսկ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ավելի բարդ են, և այդ առումով անհրաժեշտ է, որ կարողանանք այնպիսի միջավայր ապահովել, որպեսզի այդ բանակցություններում առաջընթաց չգրանցելը չազդի օրինակ` սահմանային իրավիճակի վրա:

«Ազատություն». – Իրար հետ չկապվեն գործընթացները:

Արմեն Գրիգորյան. – Այո, և միջավայրը հանկարծ չխաթարի բանակցային գործընթացը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Հաջորդը

Ձերբակալվել է Արմեն Մարտիրոսյանի վրա հաձակված անձը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով կարգավորվելու է…
Դիտել

Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում նրան դիմավորել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի…
Դիտել

Կեչուտի ջրամբար երկու արկ է ընկել, վնասվել է ճոպանուղին․ ԱԻ նախարարը՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների թիվը: «Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share