Երևանում մեծաքանակ թմրամիջոց և զինանոց է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի 30-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանեց, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է։
Իրավապահները ձեռնարկեցին ծավալուն միջոցառումներ՝ պարզելու, թե ումից և ինչ ճանապարհով է 30-ամյա տղամարդը ձեռք բերել թմրամիջոցը։ Պարզվեց, որ մեթամֆետամինը նրան պարբերաբար իրացնում է Երևան քաղաքի 46-ամյա մի բնակիչ՝ իր 24-ամյա որդու միջոցով։

Իրավապահները ճշտեցին նրանց գտնվելու վայրը: Սեպտեմբերի 2-ին Արտաշատի խճուղում հայտնաբերվեցին և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 46-ամյա բնակիչը, նրա 24-ամյա որդին և 44-ամյա մի տղամարդ։

44-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին 0,29 գրամ դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ և ինքնաշեն ապակյա ծխամորճ։ Ոստիկանությունում 44-ամյա տղամարդը նշեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ ապակյա ծխամորճով օգտագործել էր կրիստալ։ Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեին, որ կրիստալը տղամարդուն իրացրել էր բերման ենթարկված 46-ամյա տղամարդը, ինչը հաստատվեց։

Ոստիկանները 46-ամյա տղամարդու հանցավոր գործունեության վերաբերյալ նաև այլ տվյալներ ունեին։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նա տարբեր վայրերում պահում է տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչպես և զենք ու զինամթերք։ Անհերքելի փաստերի ճնշման տակ տղամարդը խոստովանեց և մատնացույց արեց թաքստոցը՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղը: Նշված վայրից իրավապահները հայտնաբերեցին 983 գրամ մեթամֆետամին, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ, փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով, արծաթագույն ատրճանակ, ատրճանակի փամփշտատուփ՝ 3 փամփուշտով, «ԱԿՄ» ինքնաձիգ, «ՌՊԿ» գնդացիր, 4 պայթուցիչ, պահունակ՝ լիցաքավորված 45 փամփուշտներով, ինքնաձիգի 24 պահունակ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտներով, ինքնաձիգի կրակմարիչ, ինքնաձիգի 56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, զրահաբաճկոն, քիմիական նյութերի բանաձևեր, չափաբաժիններ և մատյան՝ որի մեջ գրված էին անուն-ազգանուններ ու գումարի չափեր։ Խուզարկվեց նաև նրա բնակության վայրը, որտեղից հայտնաբերվեցին 14,28 գրամ մեթամֆետամին, 6,82 գրամ ափիոն, 11 գրամ մարիխուանա, «Սայգա» ինքնաձիգ՝ 16 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 19 փամփուշտներով և ողորկափող հրացանի 33 փամփուշտ։

46-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր Արցախից, իսկ թմրամիջոցն իրացրել էր տարբեր անձանց։
Նշանակվել են փորձաքննություններ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկ կատարվել է 6659 թեստավորում

Հաջորդը

ՊԵԿ նախագահը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել…
Դիտել

Երիտասարդ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share