Իսկ ո՞վ է ինձանից ավելի շատ խոսել բանակցային պրոցեսի մասին․ Սերժ Սարգսյան

– Ձեզ հիմա գործող իշխանությունը, պարո՛ն նախագահ, ամենաշատը մեղադրում է Ձեր նախագահության տասը տարիներին Ղարաբաղյան հարցում ամբողջը չասելու մեջ, բավարար անկեղծ և ազնիվ չգտնվելու մեջ, ինչ-որ փաստեր թաքցնելու մեջ:

– Բայց այդ ի՞նչ փաստեր ենք մենք թաքցրել: Իսկ ո՞վ է և ո՞ր ժամանակահատվածում է ինձանից ավելի շատ խոսել Լեռնային Ղարաբաղի բանակցային պրոցեսի մասին: Ե՞րբ, ո՞վ՝ ասեք: Այսինքն՝ մենք տարիներով ժխտել ենք, որ մեզ փաստաթուղթ են տվել, առաջարկություններ են տվել: Այդ իրենք են տարիներով ժխտել: Ընդ որում, դա էլ չեն կարողացել անել: Որովհետև ժամանակ առ ժամանակ, ներողություն բառիս համար, պլստում էր արտգործնախարարի բերանից, որ իրենք բանակցում են, ո՞նց չեն բանակցում, բա ի՞նչ են անում չորս-հինգ ժամ: Ու հետո նորից գալիս ասում էին չկա փաստաթուղթ և այլն: Թափանցիկությունն ինչո՞ւմ է եղել, որ եկել ասել է՝ Ալիևը կառուցողական է: Դա՞ է եղել թափանցիկությունը: Այդպիսի մեղադրանք ես չեմ ընդունում: Ես բազմաթիվ մեղադրանքներ ընդունում եմ, բայց այդպիսի մեղադրանք չեմ ընդունում:

– Պարո՛ն նախագահ, պատերազմի նախորդած երկուսուկես տարում համանախագահների մասնակցությամբ առաջնորդների ընդամենը մեկ հանդիպում է եղել` 2019 թվականի մարտին Վիեննայում, բայց իրենք հանդիպել են մի քանի այլ առիթներով:

– Բա հենց այդ եմ ասում:

– Միգուցե՞ եղել են բանակցություններ ոչ պաշտոնական: Այսինքն՝ Դուք ունե՞ք հիմքեր ենթադրելու, որ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կողմերն ամեն դեպքում տվյալների, տեղեկատվության փոխանակման մեջ են եղել, ինչ-որ տարբերակներ են քննարկել, փակ ծրարների մասին է խոսվում:

– Ես վստահ եմ, որ ինչ-որ տարբերակներ դժվար թե կոնկրետ քննարկված լինեն, բայց ես նաև վստահ եմ, որ իրար ակնարկներ, իհարկե, արել են, որովհետև ես Ադրբեջանի նախագահի աշխատաոճին քաջածանոթ եմ: Ես չեմ բացառում, որ նա ասած լինի, որ այս ամբողջից պետք է ազատվել, խաղաղ ապրենք, դուք ձեզ համար, Ղարաբաղն ինձ պետք չի, ես երբեք Ղարաբաղ չեմ մտնելու և այլն:

– Առանց միջազգային հանրության՝ մի տեղ հանդիպենք, հանգիստ խոսենք, հասկանանք:

– Այո:

– Այդպիսի առաջարկ կարո՞ղ էր անել:

– Կարող էր անել: Չեմ ուզում, այսպես ասեմ, ավելի խորանամ և չեմ բացառում, որ սա էլ ասած լինի, որ ճիշտն այդպես է և այլն: Այսինքն՝ սա իր տեսակետից մտքում մեկնաբանել է, թե ինչ էր դրանով ասում, նա՝ իր տեսակետից, բայց իրականությունն այն է, որ այդպիսի փոխանակումները չեն կարող չարժանանալ համանախագահների ուշադրությանը: Սա միանշանակ եմ ասում:

Բա լավ, ի՞նչ եղավ, որ իշխանափոխությունից հետո, ինչպես իրենք էին հպարտանում, տարի ու կես կրակոց չկար սահմանին և այլն: Բայց այդ ինչո՞ւ միանգամից Ալիևն ագրեսիվությունը թողեց, ինչո՞ւ: Բա ինչո՞ւ, երբ որ Նախիջևանի հատվածում մենք հսկայական տարածքներ մեր վերահսկողությունից դուրս թողեցինք, մերոնք դրա մասին չխոսեցին: Ակնհայտ էր, հստակություն չկար, բայց իրար հետ այդպես, ես զարմանում եմ բա ինչու՞ Ալիևը նույն կերպ չարձագանքեց ինչպես սա արձագանքեց` կառուցողական: Լավ կլիներ Ալիևն էլ այնտեղից ասեր՝ կառուցողական է կամ խելացի է:

Շատ լավ կլիներ կարծում եմ: Բայց պատրանքներով ապրելը, մանիպուլյացիաներով ղեկավարելը վերջը բերում են ողբերգության: Եվ աղետը այն չէ, որ ինքը բանակցային գործընթացից ինչ-որ բան լավ չէր հասկանում, կամ մենք էինք ավելի լավ պատկերացնում, աղետն այսօր է, երբ որ ունենք, նորից եմ կրկնում, ջախջախված բանակ, մենք կապիտուլյացիայի ենթարկված պետություն ենք, չկա, իրենց կարծիքով, որոշակիություն և որևէ հնարավորություն Լեռնային Ղարաբաղի մնացած մասի հետ կապված չկա, ոչ մի բան, չկա, չէ՞, ոչ մի բան: Ե՞րբ են իրենք խոսել դրա մասին, բա ինչո՞ւ չեն խոսում: Պատերազմից արդեն անցել է տևական ժամանակ: Բա ինչո՞ւ չեն խոսում: Մեկ տարի երեք ամիս է` դե թող ասեն ինչ է եղել, այդ հարցով հանդիպե՞լ են, այդ հարցով բանակցե՞լ են: Բա համանախագահներն ինչո՞ւ չեն գալիս, ինչո՞ւ են վախենում ասել, որ պետք է կազմակերպել համանախագահների հանդիպում:

– Մի քանի անգամ հետաձգվեց համանախագահների այցը տարածաշրջան և Արցախ:

– Դե:

– Հիմա կա՞ բանակցային գործընթաց, պարո՛ն նախագահ, թե՞ այդ երեք եռակողմ հայտարարություններն են հիմքն այն Մոսկվայի կամ Բրյուսելի միջնորդությամբ, որոնք փաստորեն Արցախի մասին չեն: Դրանք ապաշրջափակման, դեմարկացիայի մասին են, բայց Արցախի մասին չեն:

– Եթե լինեին բանակցություններ, մենք երևի կիմանայինք: Եթե պրոցես լիներ, երևի կիմանայինք: Բայց ինչ բանակցային պրոցես, երբ որ Հայաստանի կառավարիչն ասում է, որ Հայաստանը դեռևս 2016 թվականին կորցրել էր տեսական և գործնական հնարավորությունը: Այսինքն, ինքն ո՞ւմ հետ պետք է բանակցի: Գնա Ալիևի հե՞տ բանակցի: Ալիևը կասի՝ դե դավայ, բեր ստորագրի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Դու ես չէ՞ ասում, որ կորցրել ես այդ հնարավորությունը:

– Այլ բան էլ է ասում, որ 1992 թվականին Հայաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ԱՊՀ հիմնադիր պայմանագրով:

– Ես կարծում եմ՝ դա արդեն գիտելիքի պակասի խնդիր է: Ես չեմ ասում, որ ես իրավաբան եմ կամ շատ խոր գիտելիքներ ունեմ, բայց երբեք որևէ միջազգային կառույցում անդամակցությունը չի բերում պետության տարածքային ամբողջականության ճանաչման: Հետո դա շատ բարդ հասկացողություն է: Պետության տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, դրա համար կան միջազգային դատարանի որոշումներ, կոնկրետ՝ Կոսովոյին վերաբերող: Թող գնան կարդան այդ որոշումները: Այդ ի՞նչ բան է, Թուրքիան ու Հունաստանն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, բա եթե ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունները, եթե դեմարկացիա-դելիմիտացիա են արել, բա այդ կոնֆլիկտը ինչո՞ւ է մեկ-մեկ ցցվում: Դա ի՞նչ ասելիք է:

Ուղիղ այնպես, ինչպես, կներեք բառիս համար, հիմարություն է ասել, որ Ալիևի նկրտումները Հայաստանի նկատմամբ, կոնկրետ՝ Երևանի նկատմամբ, թե դա ադրբեջանական քաղաք է, պայմանավորված է նրանով, որ մենք էլ ենք ասում:

– Ո՞վ է ասել, որ Բաքուն հայկական է:

– Այդ հարցը ես պետք է տամ Ձեզ, Դուք էլ մնացածներին:

– Ես չունեմ այդ հարցի պատասխանը:

– Համենայն դեպս, ես 1988 թվականից գտնվում եմ այդ պրոցեսի մեջ: Ես չեմ լսել երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ էլ ոչ հրապարակային՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից և ո՛չ էլ ես եմ երբևէ այդպիսի բան ասել: Այսինքն, ո՞վ է ասել: Է, կարող է մեկը` մի ընդդիմադիր գործիչ կամ մի պատմաբան չգիտեմ ինչ-որ մի բան է ասել, բա թող Ադրբեջանում էլ համապատասխան մակարդակով պատասխանեն: Երբ որ երկրի ղեկավարն է ասում, և դու դա էլ արդարացնում ես, ի՞նչ ասեմ, այստեղ ասելիքն արդեն ավարտվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք․ Սերժ Սարգսյան

Հաջորդը

Սարգիս Ադամյանը հանդես կգա բելգիական թիմում

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանն ու Միշելը Բրյուսելում արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, զրուցակիցներն…
Դիտել

Ըմբռնումով ենք մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին. ՀԱՊԿ քարտուղարություն

ՀԱՊԿ-ում ըմբռնումով են մոտենում  Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը թույլ չի տալիս անցկացնել ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…
Դիտել

ԵՊՀ լեզվաբանների ստեղծած բառարանը ստանձնելու է գրական հայերենի քերականության կարգավորողի դերը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ «Արդի հայերենի քերականության հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովում հետազոտություններ են ներկայացրել հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share