ԱԺ մեծամասնությունը չընդունեց Արցախի եւ ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակի մասին հայտարարությունը

Ազգային ժողովի այսօրվա նիստում չընդունվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն էին։ Հայտարարության նախագիծը կազմվել է երեկ՝ խորհրդարանում սահմանների ու անվտանգության թեմայով հրատապ նիստից հետո։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի հայտարարության նախագծի քվեարկությանը։

«Հայտարարության նախագիծը ԱԺ քաղաքական մեծամասնությունն ստացել է երեկ օրվա երկրորդ կեսին։ Եվ քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում։ Մենք շատ ուրախ կլինեինք, եթե հնարավորություն ունենայինք ի սկզբանե զրոյից աշխատանքային խումբ ձևավորել և մեր գործընկերների հետ աշխատել նախագծի վրա։ Ցանկանում եմ հստակ շեշտել, որ նախագծում տեղ գտած այն թեզերն ու դրույթները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին, Ադրբեջանի կողմից իրականացված բոլոր անընդունելի քայլերին, հակամարդակային գործողություններին, մենք այդ դրույթների հետ որևէ  խնդիր չենք տեսնում։ Սակայն հայտարարության մեջ նաև տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք նման հայտարարության մեջ չեն կարող ըստ մեզ տեղ գտնել։ Մենք չենք կարողացել ընդդիմության հետ հասնել կոնսենսուսի, որ այդ ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումները ԱԺ հայտարարության այս տեքստից հանել։ Հետևաբար, արձանագրելով վերոշարադրյալը, ՔՊ խմբակցությունը չի մասնակից քվեարկությանը»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

Նախագիծը չընդոընվեց։ Կողմ քվեարկեց ընդամենը 26 պատգամավոր։

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» ԱԺ հայտարարության չընդունված նախագիծը

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 98-րդ և 123-րդ հոդվածները, ինչպես նաև 26.10.2021թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող վիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքները,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

Դատապարտում է՝

ա) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնամասշտաբ զինված ագրեսիան։

բ) Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նաև դադարումից հետո գերեվավարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները,պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները,

գ) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը,

դ) Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը  կամ այն գործադրելու իրական սպառնալիքները,

ե)  Ադրբեջանի ռազմաքաղական և հանրային շրջանակների կողմից հայատյացության չդադարող հռետորաբանությունը, միջազգային հանրությանը միակողմանի և խեղաթյուրված տեղեկատվության ներկայացումը:

Արձանագրում է, որ

ա) Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով Հայաստանի ու Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով:

բ) Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, և որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով՝ Միավորված Ազգերի Կազմակերպության «Միջազգային պայմանագրերի իրավունքի  մասին» 1969թ. Վինեայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, ի թիվս այլ դեպքերի՝ առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն:

գ) Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափով:

Առաջնորդվում է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանարապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ, ըստ որի՝

ա) Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն սատար է կանգնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:

բ) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Գտնում է, որ

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում,

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջազգային-իրավական պարտավորություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները,

գ) Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որևէ անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը,  չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է,

դ) Uti possidetis սկզբունքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերը համաձայնում են այն ընդունելու որպես սահմանազատման հիմք:

ե) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:

Պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից.

ա) Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով:

բ) Ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական տարբեր ձևաչափերով ապահովել Ազգային ժողովին հավաստի տեղեկատվության տրամադրումը: Զինված ուժերի բարեփոխումների և առհասարակ անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս հրապարակային, քննարկման դնել ինչպես մասնագիտական, այնպես էլ խորհրդարանական տարբեր ձևաչափերով:

գ) Առաջնագծում ապահովել անվտանգության անհրաժեշտ ամրաշինական-ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համակարգերը: Արագացնել անվտանգության համակարգի վերափոխումների և արդիականացման գործընթացն այն համահունչ դարձնելով հետպատերազմական շրջանի սպառնալիքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին։

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատվաստումների օր Գյումրիում

Հաջորդը

Լույսի ճանապարհին (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ազգային ժողովը չընդունեց ապօրինի կառույցների վերաբերյալ օրենքի նախագիծը

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի…
Դիտել

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի. Արցախի ԱԳՆ

ԱՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ։ Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ…
Դիտել

ՀՀ ՍԴ-ն հրապարակեց Նաիրա Զոհրաբյանին առնչվող որոշումը

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը տեղեկարցել է, որ ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share