Կաթնամթերքի արտահանման ռուսական արգելքի հետևանքները

Ապրիլի 5-ից Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրության կաթնամթերքի մատակարարումը դադարեցվել է։ Մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են մարտի 20-ից 24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգման արդյունքները։ Դրանք հիմք ընդունելով՝ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023թ․ ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։

Ըստ ռուսական գերատեսչության հայտարարության՝ պատճառը արտահանվող կաթնամթերքում հայտնաբերված խախտումներն են։ Մասնավորապես՝ կաթնամթերքի արտադրության մեջ կիրառվել է իրանական այնպիսի հումք, որը ԵԱՏՄ չափորոշիչներով արգելված է։ Ռուսական գերատեսչության պնդմամբ՝ հայտնաբերված խախտումները վկայում են նաև անասնաբուժական պետական ​​ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ընկերությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին։
 

«Ռոսսելխոզնադզորը»-ը խնդրել է դադարեցնել հայկական կաթնամթերքի մատակարարումները՝ խոստանալով հայտնաբերված խախտումների վերացնելուց հետո քննարկել դրանց վերսկսման հնարավորությունը։
Ռուսական կողմի պնդումները հաստատել էր նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ Հայաստանում արտադրվող կաթնամթերքում կա իրանական հումք:
«Մենք երբեմն տալիս ենք արտոնություններ ընկերություններին՝ կաթնային սերուցք ներմուծելու համար: Կան իրանական կազմակերպություններ, որոնք գտնվում են Եվրասիական ռեեստրի մեջ, եւ թույլատրված է իրենցից կաթնային սերուցք ներմուծել եւ օգտագործել դեպի ՌԴ արտահանվող ապրանքի մեջ»,- հստակեցրել  էր նախարարը:

 Կաթնամթերքի արգելքը քաղաքակա՞ն է 

«Սննդամթերքի արտադրության ամբողջ շղթան տեսչական մարմնի կողմից պատշաճ վերահսկվում է։ Իրականում որևէ անհանգստացնող բան չի հայտնաբերվել»,- հավելեց նա:
 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նաև փոխանցեցին, որ ռուսական կողմի հետ քննարկումները դեռ շարունակվում են, հույս ունեն, որ խնդիրը կկարգավորվի:
«Ռոսսելխոզնադոր»-ից առաջ կաթնամթերքի շուկայում խախտումներ էր բացահայտել նաև «Հետքի» ՝ վերջերս իրականացրած հետազոտությունը։ Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանն ավելի հակված է կարծել, որ անվստահությունը հենց լրագրողական հետաքննությունից հետո է առաջացել։

«Հետքի» արած այդ ոչ ճիշտ հետազոտության, ինչպես նաև «Ստանդարտ դիալոգի» կողմից տրված ոչ հավաստի արդյունքների հիման վրա ՌԴ համապատասխան գերատեսչությունը սահմանափակում դրեց արտահանման վրա։ Սա թշնամություն է մեր տեղական արտադրողների դեմ, և եթե այսօր մի նոր արտադրող հայտնվի և փորձի արտահանել, միևնույն է՝ չեն թողնելու»,- նման տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:
Խաչատուր Պողոսյանի խոսքով՝ կաթնամթերքի արտահանմամբ հիմնականում զբաղվում է 2 խոշոր ընկերություն։ Վնասը, որ կրելու են այս սահմանափակումներով, ոչ այնքան ֆինանսական է, որքան բարոյական։  Կաթնամթերք արտադրողի միության նախագահը, սակայն, չի բացառում, որ Ռուսաստանի որոշումը կարող է նաև քաղաքական հարաբերություններով պայմանավորված լինի:
«Իրանական հումք է կիրառվում, իրանական կաթի սերը բավական որակով է։  Հիմա արդեն կաթի արտադրության ծավալներն ավելացել են, հումքի ներկրման ծավալները կկրճատվեն: Ուրիշ բան, եթե պատրաստի արտադրությունը մտներ Հայաստան, այստեղ կատարվեր վերափաթեթավորում, վաճառվեր Ռուսաստանին։ Բնական է, որ կարող էին սահմանափակումներ կիրառել։ Բայց այստեղ հումքն է գալիս, դառնում կարագ, և պատրաստի արտադրությունը վաճառվում է ՌԴ։ Ինձ համար անհասկանալի է այս արգելքը: Եթե իրանական կաթի սերը վատ ապրանք է եղել, հանրապետություն ինչի՞ է մտել, մաքսատանը չե՞ն ստոգել: Սա կարող է պայմանավորված լինել Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաներով»,- մանրամասնեց նա:

 Կաթնամթերքի գները կնվազե՞ն

Մինչդեռ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը համոզված է՝ դեպի ՌԴ արտահանման դադարեցումը կհանգեցնի կաթնամթերքի գնի անկմանը:
«Այս միտումը շատ վտանգավոր է, որովհետև գիտեք, որ մեր արտահանման մոտ 70 տոկոսն այսօր գնում է Ռուսաստան և ԵԱՏՄ շուկա։ Այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք ներկա իրավիճակի վատացման միտում։ Այսինքն՝ չի բացառվում, որ մեր հիմնական արտահանման ուղղության այլ ապրանքախմբեր, որոնք ունեն սոցիալական նշանակություն, ևս ներառվեն սահմանափակումների դաշտում կամ ավելի պարզ ասած՝ ենթարկվեն պատժամիջոցների»,-ընդգծեց տնտեսագետը:
 Բայց կաթնամթերք արտադրողների միության նախագահը համակարծիք չէ տնտեսագետի հետ: Նրա դիտարկմամբ՝ հայ-ռուսական քննարկումները շուտով իրենց պտուղները կտան, հարցը կկարգավորվի, և տեղական շուկայում էլ լճացում չի առաջանա:
Խաչատուր Պողոսյանը դժվարանում է ասել, թե կաթնամթերքի այս արգելքի պատճառով որքան կկազմեն հայկական ընկերությունների կորուստները։

Ի դեպ, 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023-ին Հայաստանից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի ծավալներն ավելացել էին։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած երկու տարիներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 9.5 հազար տոննա կաթնամթերք։

 Հեղինակ՝  Մանյա Պողոսյան Աղբյուրը՝  Agropress

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր

Հաջորդը

Մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին

Առնչվող նյութեր
Դիտել

ԳՇ պետերը ասել են՝ հեշտ չի լինի, բայց մենք կպահենք. Փաշինյանը՝ պատերազմի մասին

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց…
Դիտել

Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել

Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14…
Դիտել

Վազգեն Թևանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 12-1 հաշվով…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share