Կան բավականին լուրջ հարցեր, որոնց շուրջ մենք պետք է խորհենք․ Հակոբ Բադալյան

Քաղաքականությունն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից մեղմ ասած ոչ բոլորն են ուղիղ կերպով դրսեւորվում առերեւույթ հարթության վրա: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադարձել է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին։

«Խորհրդարանում տեղի ունեցողի թողած տպավորության, «վաստակած» գնահատականի եւ վերաբերմունքի մասին խոսելը թերեւս ավելորդ է, հանրությունը տարբեր դիտանկյուններով տալիս է այդ ամենը լիուլի եւ ըստ էության արժանիորեն: Բայց, քաղաքականությունն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից մեղմ ասած ոչ բոլորն են ուղիղ կերպով դրսեւորվում առերեւույթ հարթության վրա: Մի պարզ օրինակ:

Երբ որեւէ երկիր հայտարարում է, թե դեմ է իքսին, դա դեռ որեւէ կերպ բացարձակ երաշխիք չէ, որ իրականում չկա այդ իքսի հետ ընդհանուր շահի ուղղությամբ սերտ աշխատանք կուլիսներում: Սա, իմիջայլոց: Հայաստանի շուրջ կուլիսներում, այլ կերպ ասած իրական քաղաքական ռեժիմում կա բավականին մտահոգիչ իրավիճակ: Եվ որքան էլ մեզանում ոգեւորություններ են առաջացնում այս կամ այն դեսպանի հայտարարությունները, դրանցում օրինակ առանցքային ուշադրության առարկա է մի բան՝ հայ-ադրբեջանական շուտափույթ սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության մասին հայտարարությունները: Սրան կողմ է արտահայտվում նաեւ Հայաստանը, բայց Հայաստանի համար այստեղ կա առանցքային մի հարց՝ այդ գործընթացը չպետք է լինի մի տրամաբանությամբ, որը մեզ համար կստեղծի Արցախի կարգավիճակի հարցի հետ կապված ծուղակ: Բայց այն, որ համանախագահ երկրների հայտարարւթյունները արվում են «հավասարության» նշանով, հիմք է տալիս ենթադրել, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակում չի ընդունվում սահմանագծումն ու սահմանազատումը կարգավիճակի հետ չկապակցելու հայկական կողմի «վերապահումը», գոնե մինչեւ հիմա:

Դա չի նշանակում, որ նրանք մեզ թշնամի են, իսկ Ադրբեջանին բարեկամ: Պարզապես, նրանք չեն ուզում հանուն մեր խնդիրների ավելորդ խնդիրներ ունենալ Ադրբեջանի հետ, մի շարք լայն պատճառներով: Հայ-ադրբեջանական սահմանի կիլոմետրերը իրական քաղաքականության ռեժիմում նրանց համար սկզբունքային հարց չեն: Ավելին, այստեղ կա բավականին նուրբ մի իրավիճակ: Շահագրգիռ բոլոր ուժային կենտրոնները կարող են փորձել խնդիրներ լուծել, օգտագործելով իրավիճակը, երբ գործնականում ամեն ինչ մնում է Ռուսաստանի վրա կամ դուրս գրվում Ռուսաստանի վրա: Ռուսները այդ իմաստով շատ լավ են հասկանում, որ հայտնվել են ծուղակում, իհարկե առաջին հերթին իրենց քաղաքականության «շնորհիվ», բայց մեզ համար դրանից խնդիրներն ու մարտահրավերները պակաս չեն դառնում: Եվ այստեղ մի էական բան, որ նախօրեին հնչեց վարչապետ Փաշինյանի ելույթում:

Նա ասաց մոտավորապես հետեւյալը՝ Հայաստանի ներքաղաքական իրադրությունը թույլ չտվեց ամիսներ առաջ գործնական քայլեր այդ ուղղությամբ: Խոսքը բնականաբար հայտնի փաստաթղթի արտահոսքի եւ դրա առաջ բերած աղմուկի մասին էր:Բայց, իիրական քաղաքականության ռեժիմում այստեղ հարց է առաջանում՝ թույլ չտվե՞ց, թե՞ Հայաստանին թույլ տվեց խուսանավել այդ պահին որեւէ որոշումից, ժամանակ շահել: Բանն այն է, որ հատկապես պատերազմում պարտված կողմ լինելով, Հայաստանը չունի այդօրինակ հարցերում իր դիրքորոշումը միարժեք եւ բաց հայտնելու ուժ: Ինչի մասին է խոսքը, այդպիսի լիարժեք հնարավորություն չունի անգամ Ադրբեջանը: Հայաստանի մանեւրի հնարավորությունը այն է, ինչ կա, ինչ ունենք: Ցավոք, ունենք ներքին բավականին անմխիթար վիճակ՝ խորքային պետական դիմադրունակության իմաստով, չունենք կայացած եւ իրապես կենսունակ թե քաղաքական, թե պետական ինստիտուտներ, տնտեսական կառուցվածք եւ այլն:

Սրանք տասնամյակների խորք ունեցող հայտնի խնդիրներ են:Մեր ունեցածը ներքին տխուր, «քաղաքականապես աղքատ ու աղճատ» վիճակն է, բայց մենք ստիպված ենք խաղալ այդ վիճակով: Որովհետեւ իրական քաղաքականությունը լոկ ֆեյսբուքյան խրոխտ ստատուսների կամ հարցազրույցների խաղ չէ: Այստեղ տեղին է հիշել Սերժ Սարգսյանի բաց թողած նախընտրական արտահոսքի մի բավականին նուրբ դրվագ, Փաշինյանի խոսքի ձայնագրության արտահոսքի: Փաշինյանն ասում է արցախյան հարցում եվրասիական տոտալ պահանջների մասին եւ նշում, որ պարզ էր՝ Հայաստանը պետք է մի կերպ դուրս գա էդ գնացքից, թեկուզ «գժական» խաղալով: Բառացի չի մեջբերումս:

Տխուր է, երբ Հայաստանը ստիպված է մանեւրել «գժականով», կամ որոշակի հավելյալ իմաստով՝ «կրկեսով»: Բայց, երբ Պուտինն ասում է՝ դե, 55 տոկոս ձայն ունես, եկել է ցավոտ որոշումների ժամանակը, առաջանում է հարց՝ Հայաստանն ինչպե՞ս պետք է խուսանավի ցավոտ որոշումներից, եթե ցավոք սրտի այս երկու-երեք տասնամյակում պետական ներուժը այնպես է մսխվել, որ մնացել է միայն «գժականը» կամ «կրկեսը»:

Այո, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ցավոք սրտի հայրենիքը առայժմ չունի «կրկեսից» դուրս այլ լուրջ ռեսուրս: Իսկ ո՞րն է լուրջ ռեսուրսը: Այն, որը մրցակցային դաշտում կվայելի հանրային լուրջ աջակցություն, կունենա հանրային բազա, ինչի առկայությունն աներկբա կլինի արտաքին խաղացողների համար, ինչն էլ կստիպի հաշվի նստել իր հետ, իհարկե նաեւ լուրջ, առանց պաթետիկ կամ անմեղսունակ իռացիոնալության ձեւակերպված օրակարգ-առաջարկի պարագայում:Ամբողջ հարցն այն է, որ «կրկեսի» ռեսուրսը խիստ, խիստ սահմանափակ է, եւ անգամ որոշակի իմաստով նաեւ ինքնախժռող: Լուրջ մեխանիզմների հնարավորինս արագ ձեւավորումը, առնվազն դրա շուրջ լուրջ նախաձեռնությունների գալը համահայկական խնդիր է, բայց նաեւ հիբրրիդային համաշխարհային պատերազմի պայմաններում՝ չափազանց բարդ խնդիր»,- գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ում շշեր են նետում միմյանց վրա (տեսանյութ)

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն ժամանում. ԱՀ ԱԳՆ

Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է: Այս մասին նշված…
Դիտել

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ինչպես տեղեկցանում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ…
Դիտել

11:00-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share