Կսրբագրվի՞ անցյալը, Կունենա՛նք ապագա․Սարգիս Զորանյան

ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՆՅԱՆ․ հասարակական գործիչ

ԿՍՐԲԱԳՐՎԻ՞ ԱՆՑՅԱԼԸ, ԿՈՒՆԵՆԱ՛ՆՔ ԱՊԱԳԱ․․․

Ցավոք սրտի, մենք հանգել ենք մի իրականության, երբ հակախոս բանակների բաժանված հասարակության դատողությունները խարխափում են համակրանք-հակակրանքների, ասել է թե՝ պարզմիտ պատկերացումների տիրույթում: Սթափության եւ լրջախոհության ոչ մի դրսեւորում: Եվ այսպես ամբողջ երեսուն տարի:

Մենք կարող ենք էլ ավելի հեռուն գնալ` մինչեւ պատմական հեռուներ եւ այնտեղ փնտրել պատճառները, բայց այսօր ավելի պրագմատիկ է դիտարկել հենց մեր ժամանակի` անցած երեսուն տարիների ձախողումների պատճառները, որոնք այդպես էլ ստվերում թողեցին մեր ձեռքբերումները, եւ որոնք, ի վերջո, հանգեցրին վերջին պատերազմի աղետալի պարտությանն ու երկրի անվտանգության հարցերի անորոշ ուրվագծերի:

Ինչով էինք մենք զբաղված ամբողջ երեսուն տարի: Նախագահներն ու նրանց թիմերն ապրում էին իշխողների սեփական կյանքով (կուշտ ու խարդավանքներով առատ վարքաբանությամբ), ժողովուրդը` հլու կամ ընդվզող հպատակի իր կյանքով (երբեմն կամ հաճախ, կրթված ազգերին խորթ հանրային կյանքի ցածր որակների դրսեւորմամբ` ամենաթողության ու սեփական իրավունքների նկատմամբ անհաղորդ կեցվածքով, ընտրաձայների հանցավոր եւ ամոթալի վաճառքով եւ այլն): Եվ այս երկու բեւեռների միջեւ խորագույն անդունդ էր` կենսակերպերի ահռելի տարբերությամբ եւ փոխվստահության բացարձակ դեֆիցիտով: Եվ սա այն դեպքում, երբ երկիրը շարունակական պատերազմի մեջ էր արտաքին թշնամու հետ` մերթընդմերթ թեժացող ու սառող փուլերով, մշտարթուն բախումնային հեռանկարով:

Արցախյան ազատամարտի փառահեղ հաղթանակներից մինչեւ անփառունակ անկում հենց սա էր ընկած: Ինչ կարող էին անել երեք նախագահները, որ չարեցին, եւ որ չափով են նրանք մեղավոր այս ամենում:

Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը տրամագծորեն տարբերվում են միմյանցից մտապաշարով, քաղաքական հատկանիշներով եւ ՙՙկամային՚՚ ունակություններով, նրանք բոլորն էլ Արցախի հարցում դրսեւորել են զարմանալիորեն միանման վարք: Այն է՝ ձգձգել հարցի վերջնական լուծումը՝ այն թողնելով իշխանության ժառանգորդի ու հատկապես եկող սերնդի ուսերին: Վախենալով դավաճանի անփառունակ ու ծանր հետեւանքներով հղի խարանից, ամենայն խնամքով այն վերապահել են մեկ ուրիշի…

Ասենք, ով է խանգարել նույն Առաջին նախագահին հետ հանձնել այդ չակերտավոր օկուպացված շրջանները, եթե նա ի սկզբանե գիտակցել է, որ դրանք դամոկլյան սրի պես կախված են եղել Արցախի խնդրի եւ Հայաստանի ապագայի վրա: Ինչ արժեին երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք խաղաղությունը, երբ այդ ողջ ընթացքում անհասկանալի պայմաններում կամ ոսոխի կողմից զինադադարի ռեժիմի խախտման հետեւանքով էլի սերունդ էր պարպվում: Եւ այդ դեպքում ինչ խղճով էին նրանք իշխանություն հանձնում պատերազմական անատոմիային բացարձակ անտեղյակ մեկին, եթե, ինչպես կյանքը ցույց տվեց, եւ իրենցից լավ ոչ ոք չէր կարող իմանալ այդ մասին, նման խորացված խնդիրներով եւ աշխարհաքաղաքական չերեւացող նրբերանգների առկայությամբ պարտությունը պարզապես անխուսափելի էր…

Այսօր, որքան էլ իրավիճակը պայթյունավտանգ թվա, այն չի կարող դուրս գալ համաշխարհային քաղաքական տրամաբանության շրջանակներից, որքան էլ որոշ ներքին եւ արտաքին շրջանակներ փորձեն արհեստականորեն սրել, կամ ուռճացնել դրությունը: Ես միտումնավոր փորձեցի մնալ քաղաքական կոռեկտության շրջանակներում` չանձնավորելով եւ չպիտակավորելով որեւէ պետական այրի: Իսկ այս մշակույթը մեզանում ցավալիորեն բացակա է: Քաղաքականությունը սեփական ամբիցիաների կամ անձնական վրեժի հարթակ չէ, այն պետք է ծառայեցնել հանուն եւ ոչ թե դեմ:

Միայն այդպես կարող ենք շրջել մեր պատմության տխուր, անմիաբան էջերը եւ դուրս գալ զարգացման նոր ափեր` նոր հորիզոններով: Մեր նպատակը արատավոր բոլոր երեվույթներին ոչ ասելն է, եւ արդարության ու արժանապատվության արմատավորումը պետական կյանքի բոլոր մակարդակներում՝ ուր չկան տերեր ու ծառաներ, ուր բոլորը հավասար կլինեն օրենքի առջեւ եւ կունենան միեւնույն իղձերն ու նպատակները` ուղղված հավասարապես բոլորիս հայրենիքի շենացմանն ու հզորացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրապարակվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

Հաջորդը

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ը վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան բացելու ուղղությամբ․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական…
Դիտել

Խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման…
Դիտել

Միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և նրանք այդ ընկալումն ունեն. Խանդանյանը՝ ԼՂ իրավիճակի մասին

Ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար լրջագույն խնդրի առնչությամբ հստակ գործողություններ են անհրաժեշտ միջազգային գործընկերների կողմից, և…
Դիտել

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցածել ՄԱԿ-ի շրջանակներում․ Ալբերտ Հովասափյան (տեսանյութ)

«Հանրապետություն» կուսակցությունը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանում առաջացած տարածքային խնդրի լուծումը պետք է տեղափոխվի ՄԱԿ։ Կուսակցության քաղաքական խորհրդի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share