Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:

Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:

Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ: Նրանց թվում գերեվարվեց նաև Զաքարիա հայրապետը: Ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:

Քրիստոնյաները, զրկվելով իրենց սրբությունից, հայտնվեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին հայտնվել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծո Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ, ինչպես և Տապանակն Ազոտոսում (տե՛ս Ա Թագ. Ե): Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորվում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակվում վնասել խաչափայտը, և նույնիսկ վրան եղած թանկարժեք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն ընդունում:
Այնուհետև Հերակլ կայսրն օգնության կանչեց ճենաց Խական թագավորին: Հերակլին իր ռազմական օժանդակությունն էր բերում նաև հայկական կողմը՝ զորավար Մժեժ Գնունու գլխավորությամբ, ում միացան նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Խոսրով թագավորի հզոր բանակի ճնշման տակ ճենաց թագավորն անցավ Խոսրովի կողմը, և Հերակլ կայսրը մեծ պարտություն կրեց: Այդ պարտությունից հետո նա քուրձ հագավ, հանեց իր թագն ու թագավորական ծիրանին և մոխրի վրա ընկնելով՝ երեք օր շարունակ աղոթեց՝ բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նա ստացավ աղոթքի պտուղը. տեսիլքով նրան հայտնվեց, որ պետք է հաղթի այդ պատերազմում: Եվ իսկապես, ճակատամարտում Հերակլը հաղթեց, Խոսրովը սպանվեց, իսկ նրա բանակի մնացորդը փախավ:

Հերակլ կայսրը մեծ զորքով գալիս է արևելք և պահանջում Սուրբ Խաչը, որն անմիջապես տրվում է: Սկզբում Սուրբ Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տոնի հաստատման համար:

Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի

Հաջորդը

Կատարվել է 335721 պատվաստում

Առնչվող նյութեր
Դիտել

Շուշի, Հադրութ քաղաքներից տեղահանվածների համար Ստեփանակերտում շենք է կառուցվում

Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող 108 բնակարանից բաղկացած շենքը նախատեսվում է շահագործման հանձնել…
Դիտել

ՀՀ-ն կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ գործակցության հետագա զարգացումը․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետ էլիզաբեթ Թրասին:…
Դիտել

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությունը կսրվի հաջորդ տարի. Սուսլով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությունը կսրվի հաջորդ տարի և կմեծանա ռազմական բախման հավանականությունը։ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել HSE…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share