Հավատացած եմ՝ STARMUS-ի բերած ոգևորությունը կվերածվի գիտության ու արվեստի ակնառու նվաճումների. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի փակման արարողությանը:

Նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով.

«Հարգելի ներկաներ, հյուրեր,

Սիրելի հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում STARMUS գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնը, որը նոր շունչ ու նոր ոգևորություն բերեց Հայաստանին: 5 օր շարունակ մենք հնարավորություն ունեցանք հաղորդակցվելու ինչպես համաշխարհային տիեզերագիտության նորագույն նվաճումների ու դրանց կերտող գիտնականների, այնպես էլ հռչակավոր ու անվանի երաժիշտների գլուխգործոցների հետ:

Սա այն վառ օրինակներից է, որոնք ապացուցում են, որ գիտությունն ու արվեստը սերտորեն կապված են և դրանց համադրությունը ոչ միայն հակասություններ առաջ չի բերում, այլև դառնում է անհրաժեշտություն և ստեղծարարություն:

Հենց այսպիսին էր STARMUS-ը իր բոլոր դրսևորումներով, որովհետև երբ տաղանդավոր գիտնականներ Լուիս Ֆրիդմանը, Բեթանի Էլմանը, Սքոթ Հաբըրդը, Միշել Մայորը, Լիզա Կալտենեգերը, Դեյվիդ Գրինսփունն ու մյուսները հանդես են գալիս դասախոսություններով՝ նվիրված տիեզերքի անթիվ առեղծվածների բացահայտմանը, նրանք նպատակ ունեն միևնույն ժամանակ ընդլայնել ունկնդրի մտահորիզոնը, ընդլայնել աշխարհայացքը, իսկ վերջնարդյունքում մի փոքր ավելի գիտակից, մի փոքր ավելի լավը, ավելի հումանիստ դարձնել նրան:

Եվ երբ Բրայան Մեյը, Գրեհեմ Գոուլդմանը, Սերժ Թանկյանն ու չքնաղ փոքրիկ տաղանդները Տավուշից հանդես են գալիս իրենց կատարումներով, նրանք նույնպես, կամա թե ակամա, փորձում են ավելի մարդակենտրոն դարձնել տիեզերքը: Ի վերջո, սա է արվեստի ու գիտության ամենավեհ նպատակը՝ ճանաչողություն և զարգացում:

Այս տեսանկյունից STARMUS-ը վստահաբար կդառնա մի նոր խթան մեր երիտասարդ ստեղծագործողների ու գիտնականների, մեր կրթական ու գիտական հաստատությունների, համալսարանների և ընդհանրապես գիտամշակութային հանրույթի համար, որպեսզի նոր եռանդով ու ոգևորությամբ նրանք զբաղվեն իրենց գործով, կդառնա խթան, որպեսզի Երևանի պետական համալսարանի ուսանողը ձգտի իր անունը տեսնել Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեի անվան կողքին, ում դասախոսությունը լսելու բացառիկ հնարավորությունը պարգևեց STARMUS-ը: Կդառնա խթան, որպեսզի Գիտությունների ակադեմիայի գիտաշխատողը վստահ լինի, որ զուտ աշխատանքի ու ինքնակատարելագործման ու շարունակական կրթության արդյունքում նույնպես կարող է հավակնել Նոբելյան մրցանակի, ինչպես ականավոր կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխը:

Իհարկե, այսօրինակ մասշտաբային փառատոնի անցկացումը յուրովի ոգևորության ու մոտիվացիայի առիթ է նաև մեր կառավարության համար, որը որդեգրել է գիտության և կրթության առաջխաղացման ու զարգացման ռազմավարությունը, որը շարունակաբար ավելացնում է այս ոլորտի ֆինանսավորումը: STARMUS-ը լավագույն վկայությունն է նրա, որ գիտությունը ամեն ինչից զատ նաև շահավետ է, որ գիտությունը մի ոլորտ է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է արդյունքներով:

Գիտությունն ու կրթությունն են այն ճանապարհը և հնարավորությունը, որոնք տրված են մեր պետությանն ու հասարակությանը ավելի բարեկեցիկ, անվտանգ ու արժանապատիվ ապագայի հասնելու համար: Այս առումով մեր այլընտրանքները շատ չեն, եթե չասեմ սակավ են, և մեր կառավարությունը սա գիտակցում է, ու այս գիտակցումը պետք է դառնա նաև աշխատելու, արարելու հավատամք:

Ցանկացած կառավարություն և իշխանություն մի քանի պարտականություն ու գործառույթ ունի գիտության և արվեստի հարցում: Առաջինը՝ չխանգարել ավելորդ պայմանականություններով ու բյուրոկրատական խրթինությամբ, երկրորդը՝ օգնել ֆինանսավորմամբ, բարոյապես և պետական հովանավորությամբ և երրորդը՝ վստահել: Վստահել գիտության ուժին, կարողությանը անփոխարինելիությանն ու կատարելությանը: Լիահույս եմ, որ մեր կառավարությունը շարժվում է հենց այդ սկզբունքներով:

Հարգելի ներկաներ,

փառատոնի սիրելի մասնակիցներ և հյուրեր,

Անցած 5 օրերի ընթացքում մեր երկիրը դարձել էր յուրօրինակ խաչմերուկ համաշխարհային գիտության ամենաարդիական ու համարձակ նվաճումների և հայկական քաղաքակրթական արժեքների հատման համար: Միևնույն ժամանակ STARMUS-ը լայն բացված պատուհան էր մեր գիտնականների ու արվեստագետների համար դեպի մեծ աշխարհ, դեպի տիեզերք, դեպի գիտության ու արվեստի մշտապես բացվող նոր հորիզոններ ու նոր հնարավորություններ:

Այս հնարավորությունները սահմանափակված չեն փառատոնի անցկացման 5 կամ 6 օրով, դրանք նոր շունչ են ստանալու և ավելի առարկայական են դառնալու մեր այս տոնական միջոցառման անմիջապես ավարտից հետո, երբ բոլորս միահամուռ կերպով շարունակելու ենք նոր ջանասիրությամբ ու եռանդով աշխատել՝ յուրաքանչյուրս մեր տեղում, որպեսզի անցած 5 օրերին կուտակված էներգիան ու ոգևորությունը չսպառվի անարդյունք, որպեսզի ապագայում էլ մեր երկիրը, մեր գիտությունն ու մշակույթը դառնան գրավիչ ոչ միայն STARMUS-ի, այլև նմանօրինակ բազմաթիվ միջազգային փառատոնների և դրանց ներկայացուցիչների համար:

Ամփոփելով խոսքս՝ ի սրտե ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի հոգաբարձուների խորհրդին և կազմակերպչական ողջ թիմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, փառատոնի մասնակիցներին, հյուրերին ու բոլոր ներկաներին:

Մաղթում եմ բոլորիս, որպեսզի STARMUS գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի բերած ոգևորությունը վերածվի առարկայական աշխատանքի, նորանոր ձեռքբերումների և գիտության ու արվեստի հազվագյուտ նվաճումների»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների

Հաջորդը

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից…
Դիտել

Կառավարությունը 400 միլիոն դրամ է հատկացնելու Սյունիքի մարզին

Կառավարությունը 400 միլիոն դրամ է նախատեսում տրամադրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ Սյունիքի մարզային ու համայնքային ենթակառուցվածքներում…
Դիտել

Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով. Արսեն Թորոսյան

Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի…
Դիտել

Սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share