ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյանի և Բլինքենի հանդիպումից

Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակի կապակցությամբ:

Ընդգծվել է, որ անցած տարիների ընթացքում կողմերն ամուր գործընկերություն են հաստատել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների հիման վրա։ Արարատ Միրզոյանը կարևորել է Միացյալ Նահանգների կողմից ժողովրդավարության ամրապնդման, կայուն զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրած աջակցությունը։ Էնթոնի Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և շեշտել է ամերիկյան կողմի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։

Երկուստեք ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում համատեղ աշխատանքների վերսկսման նշանակությունը, որի ամփոփիչ նիստն անցկացվելու է մայիսի 3-ին Վաշինգտոնում։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ հետ առևտրատնտեսական կապերի խորացումը և ընդգծել, որ զգալի հնարավորություններ կան նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային, քաղաքացիական ավիացիայի, կանաչ տնտեսության և այլ ոլորտներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը՝ կարևորելով այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը, որը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության սկզբունքներին ԱՄՆ հանձնառությունը։

Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։

Հայկական կողմը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Արարատ Միրզոյանն Էնթոնի Բլինքենին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը այդ գործընթացում:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է Միրզոյան Բլինքեն հանդիպումը

Հաջորդը

Սպանության դեպք Ասկերանի շրջանում

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ. Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի…
Դիտել

Որոնողական աշխատանքները չեղարկվել են

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների  պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում)…
Դիտել

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններում…
Դիտել

Դժվար է հասկանալ հասարակության հիստերիկ արձագանքը մոբիլիզացիային. Պեսկով

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի հասկանում հասարակության «հիստերիկ արձագանքը»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share