ՀՀ-ն հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ․

«30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա խարսխված պետականության կերտմանը:

Անկախության հռչակագիրն արցախահայության՝ իր հայրենի հողում ազատ և անվտանգ ապրելու անկոտրում կամքի օրինական արտահայտումն էր, որն ամրագրվեց 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեով։ Այն պարտադրված էր տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայ բնակչության դեմ էթնիկ պատկանելիության հիմքով իրականացրած խտրական և բռնաճնշումների քաղաքականությամբ, որի նպատակն էր հայաթափել Արցախը, ինչի մասին ամենաբարձր մակարդակով տարբեր ժամանակներում հայտարարել են ադրբեջանական իշխանությունները։

Անկախության հռչակագրի ընդունմամբ և անկախության հանրաքվեով Արցախի ժողովուրդը ձգտում էր իրավական կամարտահայտության միջոցով ղարաբաղյան հիմնահարցն առճակատման տրամաբանությունից տեղափոխել քաղաքական հարթություն՝ հասնելու հիմնախնդրի արդարացի լուծմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։Ի պատասխան արցախահայության օրինական ձգտումներին՝ Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով Արցախում և Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, լայնածավալ պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ։

Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը և շարունակական սպառնալիքները, Արցախի դեմ 2016թ․ և հատկապես 2020թ․ ռազմական ագրեսիաները, որոնք ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և ծրագրված ոչնչացումը վկայում են, որ արցախահայությունը շարունակում է կանգնած մնալ ֆիզիկական գոյության սպառնալիքի առջև և չի կարող ապրել Ադրբեջանի ենթակայության և իրավասության ներքո։

Հանուն իր գոյության և ինքնության՝ Արցախի ժողովրդի հերոսական պայքարը հայրենասիրության, խիզախության և տոկունության օրինակ է ողջ հայության համար: Եվ այս պատմական օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության և պաշտպանության համար իրենց կյանքը նվիրած բոլորի առջև։

Անցնող 30 տարիների ընթացքում Արցախը կարողացել է պետական կառավարման կենսունակ մարմիններ ստեղծել և անցկացնել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ՝ ընտրելով իր օրինական ներկայացուցիչներին և կայացնելով ժողովրդավարական ինստիտուտները։

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը՝ որպես հիմք՝ ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ

Հաջորդը

Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ ԱՀ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԱԿ ԱԽ-ն գումարել է արտահերթ նիստ Լաչինի միջանցքի արգելափակման հարցով (տեսանյութ)

Դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման…
Դիտել

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես հաղորդում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share