Մենք կարևոր դեր ենք վերապահում Եվրոպայի խորհուրդին՝ Արցախում պատերազմի կործանարար հումանիտար հետևանքների հասցեագրման գործում․Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ նստաշրջանին․

 «Պարոն Նախագահ, հարգելի նախարար Մաաս,

Գերմանիան Նախարարների կոմիտեի նախագահությունն իրականացրեց դժվարին ժամանակաշրջանում` հիմնականում պայմանավորված ձգձգվող և կաթվածահար անող համաճարակով: Ես միանում եմ նախորդ բանախոսներին՝ գնահատելով այս մարտահրավերներին դիմակայելու Ձեր երկրի ջանքերը:

Պարոն նախագահ,

Ողջունում ենք Գլխավոր քարտուղարի պատրաստած «Ռազմավարական շրջանակ» փաստաթուղթը, որն ամուր հիմք է կազմակերպության երկարաժամկետ տեսլականի և շարունակական բարեփոխումների համար: Գլխավոր քարտուղարին շնորհակալություն ենք հայտնում նաև տարեկան զեկույցի համար, որտեղ ճշգրիտ գնահատականներ են տրվում Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության իրավիճակին:

Պարոն Նախագահ, ընթացիկ տարին նշանակալի է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի հանգամանքով: Այդ տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը նպաստել է և շարունակում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Մենք հաստատակամ կերպով հավատարիմ ենք Եվրոպայի խորհրդի գաղափարներին և արժեքներին։

Սակայն, մյուս կողմից, եվրոպական ժողովրդավարական անվտանգության առավել լայն համատեքստում մենք ականատեսն ենք այդ արժեքների անկման և բարոյական պարտության:

Անցյալ տարի Ադրբեջանն արյունալի պատերազմ սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ: Պատերազմն ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով: Այդ խախտումները պատշաճ կերպով փաստագրված են ո՛չ միայն հայկական, այլև՝ միջազգային  աղբյուրներում, այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty International-ը, Human Rights Watch-ը և Freedom House-ը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ հարյուրավոր գերեվարված անձանց առնչությամբ, որոնց գերության փաստն այդ երկիրն ընդունել է` պահանջելով նրանց մասին տեղեկատվություն, ինչը, սակայն, չի ստացել: Դատարանն անգամ հրապարակային ծանուցմամբ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ Ադրբեջանը չի համագործակցում: Իր խորը մտահոգությունն է հայտնել նաև ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը՝ վերջին լիագումար նստաշրջանի ընթացքում: Հրաժարվելով վերադարձնել դեռևս պատանդառության մեջ գտնվող ռազմագերիներին` Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իրագործել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներ:

Մենք կարևոր դեր ենք վերապահում Եվրոպայի խորհուրդին՝ Արցախում պատերազմի կործանարար հումանիտար հետևանքների հասցեագրման գործում, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, հարյուրավոր ռազմագերիների ու խաղաղ բնակիչների շարունակվող պատանդառության հարցերում: Կարծում ենք` Նախարարների կոմիտեն պետք է բազմապատկի իր ջանքերն այս ուղղությամբ, այդ թվում՝ իր լիակատար աջակցությունը ցուցաբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ԵԽԽՎ-ին, Մարդու իրավունքների հանձնակատարին և այլ իրավասու մարմիններին:  Մինչ այժմ Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների բացահայտ խախտումներին Նախարարների կոմիտեի պատասխանը համարժեք չի եղել:

Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումներին կոշտ պատասխանի բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ փորձ կատարելով գրավել սահմանամերձ տարածքներ և տեղի բնակչությանը զրկել իր ապրուստի միջոցներից:

Պարոն նախագահ,

Եվրոպայի խորհուրդը հիմնվել է՝ իր անդամ պետությունների միջև ավելի մեծ միասնություն հաստատելու նպատակով: Այս առումով, Եվրոպայի խորհրդին հաջողվել է մեկ հարկի տակ համախմբել գրեթե ողջ Եվրոպան և մշակել տարբեր ոլորտներում անդամ պետությունների միջև համագործակցությունն ուղենշող իրավական չափանիշներ: Այնուամենայնիվ, որոշ անդամ պետությունների միջև կա խորը անդունդ: Եվ քանի դեռ դաժան ոճրագործություններ իրագործողներին թույլատրվում է հավասար հիմքերով գտնվել նրանց հետ, ովքեր շարունակում են հավատալ ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին, այդ անդունդը միմիայն խորանալու է: Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես` նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում:

Շնորհակալություն»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հետաքրքիր է՝ Ռուսաստանի հետ ավելի բարձր ինտեգրվողներն էլ ե՞ն ինտեգրվելու թյուրքալեզու երկրների շարժմանը. Ստյոպա Սաֆարյան

Հաջորդը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ տեղափոխված զինծառայողներին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայցում ենք Սուրբ Սարգսի բարեխոսությունը` գերության մեջ գտնվող մեր տղաների համար. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքն ու պատգամը երիտասարդներին Սուրբ Սարգիս Զորավարի Տոնի առիթով «Սիրելի…
Դիտել

Էրիկ Առստամյանը նվաճել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. Արցախում նրան դիմավորել են մեծ շուքով

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը (EUBC Junior EBC – MONTESILVANO…
Դիտել

Ազգային ժողովում բոլորը դարձել են թուրք բռնող, դավաճան բացահայտող. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ կրկին անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին եւ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share