Շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը (տեսանյութ)

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով սույն քրեական գործի նկատմամբ հանրային լայն շրջանակների  հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ գործով վարույթի շրջանակներում ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ գործակալական ցանցում ներգրավված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց մասնակցությունն ունենալով քառասունչորսօրյա պատերազմին, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով մարտի դաշտից նրանց են փոխանցել ռազմական բնագավառի բազմապիսի տեղեկություններ։

Վերջինների ծավալած հակապետական գործունեության արդյունքում պատերազմի թեժ պահերին հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։

Պետության հիմքերը խարխլող, տարածքային ամբողջականությանը սպառնացող, պատերազմի դաշտում անձնվիրաբար մարտնչող անձանց կյանքը վտանգող հակապետական գործունեության արդյունքում  հակառակորդն անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ կատարել է տեղային հստակ խոցումներ՝ շարքից հանելով հայկական զորամիավորումները և խոչընդոտելով նրանց առջև դրված խնդիրների հետագա իրականացումը։

Ընդ որում, հատկանշական է այն, որ օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր   ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի  և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու  տեղեկությունների։

Այդ, ինչպես նաև համածառայակիցների շրջանում իրենց ունեցած  հեղինակությունն  օգտագործելով՝ դավաճանական  գործունեություն ծավալած անձինք մուտք են գործել  զորամասեր, բարձրացել մարտական դիրքեր, քողարկված եղանակով կատարել  տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝  դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։

Հարկ է հիշատակել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված և քննված այլ գործերով ևս բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ մարտական գործողություններին մասնակցած անձինք  պատերազմի ժամանակ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր՝ այդ կերպ թուլացնելով սեփական երկրի անվտանգությունը և աջակցելով հակառակորդին՝ լուծելու նրանց առջև դրված բազմապիսի մարտական խնդիրներ և մարտի դաշտում ունենալ զգալի առավելություններ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջութամբ ավարտվել է. Անահիտ Ավանեսյան 

Հաջորդը

Արցախից տեղահանված ընտանիքներն աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԱԿ-ի ԳԱ-ն Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայից

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել բանաձեւին, որը դատապարտում է ռուսական զինված ներխուժումն Ուկրաինա և կոչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share