Չեմպիոնների լիգան մտնում է վճռորոշ փուլ․

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը, անակնկալներ գրեթե չգրանցվեցին, իսկ կիսաեզրափակիչը խոստանում է ավելի թեժ լինել: Փորձել ենք հասկանալ, թե որ թիմն ինչ հնարավորություն ուներ, և ինչի հաշվին կարողացավ շրջանցել մրցակցին:

«Բավարիա»-ՊՍԺ

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցներն այս անգամ հարաբերությունները պարզեցին ավելի վաղ՝ կազմելով քառորդ եզրափակչի ամենաուժեղ և ամենահավասար զույգը: Դիմակայություն, որը լիովին արդարացրեց սպասելիքները, չնայած պատասխան խաղն արդյունավետությամբ զիջեց առաջինին:

Եթե միջազգային դադարից առաջ որպես լիգայի գործող չեմպիոն մի փոքր ֆավորիտի կարգավիճակ ուներ «Բավարիան», ապա դրանից հետո թիմերը հավասար հնարավորություններ ստացան՝ հաշվի առնելով «մյունխենցիների» գլխավոր հարվածային ուժի՝ Ռոբերտ Լևանդովսկու վնասվածքը Լեհաստանի հավաքականի կազմում: «Բավարիան» բավականին վստահ տեսք ուներ սեփական հարկի տակ խաղում, բայց հենց այդտեղ զգացվեց Լևանդովսկու բացակայությունը, քանի որ գրոհի եզրափակիչ հատվածում «Բավարիային» պակասում էր սրությունը: Ամբողջությամբ հակառակը կարելի է ասել ՊՍԺ-ի մասին, որի առաջատար հարձակվողները կազմ ու պատրաստ էին:

ՊՍԺ-ն կարողացավ անձնուրաց կերպով պաշտպանվել, ստեղծել մի քանի պահ, հրաշալի կերպով օգտվել այդ պահերից և արտագնա խաղում հաղթանակ կորզել՝ մրցակցի դարպասը խփելով 3 գնդակ: Կիլիան Մբապեն շարունակում է փայլել Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում և հենց ֆրանսիացու դուբլի շնորհիվ Մաուրիսիո Պոչչետինոյի թիմը կարողացավ իր հնարավորություններից մի քանիսը գոլի վերածել:

Պատասխան խաղի առաջին խաղակեսում ֆրանսիական ակումբը դրվագներով «ճախրում» էր խաղադաշտում: Նեյմար-Մբապե զույգը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան վտանգավոր կարող է լինել նույնիսկ ամենաուժեղ թիմերի դեմ խաղերում, չնայած արդարության համար պետք է նշենք նաև, որ «գերմանական մեքենան» այս մրցաշրջանում խնդիրներ ունի, հատկապես, պաշտպանության կենտրոնում: Բրազիլացին 3 անգամ հարվածեց դարպասաձողին, և հերթական անգամ ֆուտբոլում գործեց չգրված օրենքը:

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը գրավեց Կեյլոր Նավասի դարպասը նաև երկրորդ խաղում: Երկրորդ խաղակեսում «Բավարիան» բացեց խաղաքարտերը, բաց թողեց վտանգավոր հակագրոհներ, տանջեց մրցակցին, բայց այդպես էլ չկարողացավ խփել այդքան կարևոր երկրորդ գնդակը: Ու նորից պետք է հիշենք Լևանդովսկուն, այո՛, թվում է, թե Չուպո-Մոտինգը հնարավորինս լավ փոխարինեց խաղընկերոջը, բայց, միգուցե հենց լեհ ռմբարկուի բացակայությունը դարձավ այս դիմակայության վճռորոշ դրվագն ու «Բավարիայի» պայքարը լքելու հիմնական պատճառը:

Ռևանշը կայացած է, փարիզեցիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ 2-րդ տարին անընդմեջ հայտնվում են կիսաեզրափակչում, թվում է, թե հասունացել է պահը, որ ֆրանսիական ակումբը պետք է գլխավերևում պահի ՉԼ-գավաթը: Իդեալական հարձակման գիծ, բալանսավորված միջին գիծ, ուժեղ պաշտպանություն և դարպասապահ, որը Չեմպիոնների լիգայում երկխաղանի դիմակայություններում երբեք պարտություն չի կրել: Ի դեպ, վերջին ինը մրցաշրջաններից ութում այն թիմը, որը պայքարից դուրս է թողել «Բավարիային», հետագայում նվաճել է բաղձալի գավաթը:

«Չելսի»-«Պորտու»

Բավականին հետաքրքիր զույգ, որտեղ ամեն դեպքում ֆավորիտ էր համարվում անգլիական ակումբը: Այո՛, Պորտուն դարձավ նախորդ փուլի գլխավոր անակնկալի հեղինակը՝ պայքարից դուրս թողնելով Յուվենթուսին, այո՛, «Պորտուն» ՉԼ-ի կրկնակի գավաթակիր է, բայց, վստահաբար, «Պորտուն» նաև քառորդ եզրափակչում բոլորի ցանկալի մրցակիցն էր, միգուցե նաև այն պատճառով, որ միակն էր, որը չէր ներկայացնում թոփ-5 լիգաներից որևէ մեկը:

Մրցաշրջանից առաջ քչերը կհամարձակվեին ենթադրել, որ «լոնդոնցիները» հասնելու են ՉԼ-ի կիսաեզրափակիչ: Ռոման Աբրամովիչը նախորդ ամռանը բացեց փողի քսակը, «Չելսին» «պայթեցրեց» տրանսֆերային շուկան, համալրվեց բարձրակարգ, երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստներով, բայց…

Մրցաշրջանի հենց մեկնարկը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ֆրենկ Լեմպարդի համար դեռ շուտ էր հարազատ թիմը գլխավորելը, իսկ այն, որ «Չելսիում» չեն սիրում երկար սպասել, դրա մասին գիտեն բոլորը: Թվում էր, թե «ազնվականներն» անցկացնում են իրենց հերթական անցումային մրցաշրջանը, բայց հանկարծ Լեմպարդին փոխարինեց Թոմաս Տուխելը, Էդուարդ Մենդին դարձավ «Չելսիի» նոր Պետեր Չեխը, իսկ «Չելսին» սկսեց կերպարանափոխման գործընթացը: Հենց գերմանացի մասնագետի գործոնը հաշվի առնելով՝ «Չելսին» համարվում էր այս դիմակայության ֆավորիտը:

Անակնկալներ չեղան, առավել քան հարմարավետ հաշվով հաղթանակ արտագնա համարվող խաղում, իսկ պատասխան խաղի վերջին վայրկյաններին իրանցի Մեհդի Թարեմին ֆանտաստիկ հարվածով կարողացավ պարզապես նվազագույն հաշվով հաղթանակ պարգևել «Պորտուին»: Արդյունքում Տուխելի «փայլուն գլխի», բարեհաճ վիճակահանության և հավակնոտ ֆուտբոլի շնորհիվ «Չելսին» վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ հայտնվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, իսկ «Պորտուն» պետք է փորձի հաջորդ մրցաշրջանում: Ի դեպ, այն պահից ի վեր, ինչ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը անցկացվում է «Չեմպիոնների լիգա» անվանումով, «Չելսին» ավելի շատ է կիսաեզրափակիչ դուրս եկել, քան Պրեմիեր լիգայի որևէ այլ ակումբ:

«Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Դորտմունդ»

Զույգ, որտեղ կար ընդգծված ֆավորիտ՝ ի դեմս անգլիական ակումբի: Գրեթե բոլոր մրցաշրջաններում «Սիթին» համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, թվում է, թե թիմը խաղակցվածության ամենաբարձր մակարդակն ունի, փայլում է անգլիական բոլոր մրցաշարերում, բայց այդպես էլ Գվարդիոլայի գլխավորությամբ չի հասնում նույնիսկ ՉԼ-ի կիսաեզրափակիչ: Իհարկե, Պեպը Պեպ չէր լինի, եթե չսովորեր սեփական սխալների վրա:

«Սիթին» ամբողջությամբ թիմային խաղ ցուցադրող ակումբ է համարվում, որի առաջատարն անձամբ գլխավոր մարզիչն է, նույնը չի կարելի ասել «Բորուսիայի» մասին, այստեղ խաղում են երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք փորձում են հաջողության հասնել անհատական վարպետության շնորհիվ, իսկ գերմանական ակումբը գլխավորում է ժամանակավոր պաշտոնակատար Էդին Թերզիչը:

«Բարուսիան» դարձել է Արսեն Վենգերի վերջին տարիների «Արսենալը» և ամեն մրցաշրջանից առաջ իր լավագույն ֆուտբոլիստներին բաժանում է գրանդ ակումբներին, եթե վերջին տարիներին հեռացած աստղերի գոնե կեսը մնային «Բորուսիայում», միգուցե հենց նրանք համարվեին ՉԼ-ի գլխավոր ֆավորիտը: Չնայած, ո՞վ գիտե, միգուցե Դորտմունդում չեն էլ դժգոհում: Արդյունքում անակնկալներ չգրանցվեցին, և «Սիթին» 2 խաղում էլ հաղթեց միևնույն 2:1 հաշվով:

Երիտասարդ, բայց վաղուց հասունացած Ֆիլ Ֆոդենը 2 խաղում էլ «Սիթիի» համար խփեց հաղթական գնդակը, իսկ 17-ամյա Ջուդ Բիլինգեմը դարձավ ՉԼ-ում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը: «Բորուսիային» պետք է արժանին մատուցել՝ մինչև դիմակայության վերջին 15 րոպեն պայքարի մեջ լինելու և հնարավորություններ պահպանելու համար, իսկ «Սիթին» իր պատմության մեջ երկրորդ անգամ հանդես կգա կիսաեզրափակչում:

«Ռեալ»-«Լիվերպուլ»

Քառորդ եզրափակչի, միգուցե, երկրորդ ամենաուժեղ զույգը: Վերջին անգամ թիմերը հանդիպել էին ՉԼ-ի եզրափակչում՝ 2018 թվականին: Այդ խաղից հետո «մերսիսայդցիներն», ու անձամբ Մո Սալահը, կիսատ գործեր ունեին «Արքայական ակումբի» հետ, կարծես վերջապես եկել էր ռևանշի ժամանակը, բայց այս մրցաշրջանի «Լիվերպուլը» շարունակում է վատ առումով զարմացնել: Մրցաշրջանի մեկնարկը «Լիվերի» համար հրաշալի էր, Անգլիայի գործող չեմպիոնները վստահ տեսք ունեին, ամեն ինչ Կլոպի ձեռագրով էր, բայց հանկարծ իրավիճակը գլխիվայր շրջվեց, «կարմիր նավը» սկսեց նահանջ գրանցել, իսկ մրցակիցները սկսեցին չվախենալ նրանից:

Ավարտվեց նաև «Էնֆիլդի» կախարդանքը, առանց երկրպագուների Կլոպի տղաները սեփական մարզադաշտում այս տարվա իրենց առաջին գոլը խփեցին ապրիլի 10-ին, սեփական հարկի տակ կրեցին 6 անընդմեջ պարտություն, չհաղթեցին 8 անընդմեջ խաղում, ինչը նշանակում է, որ «Լիվերպուլը», կամա թե ակամա, կորցրեց նաև հաղթողի հոգեբանությունը, որն ուներ վերջին 2 տարիներին:

Հակառակ պատկերն է Մադրիդում: «Ռեալը» մրցաշրջանի կարևորագույն հատվածին մոտեցել է պատշաճ մարզավիճակով: Արքայական գավաթի խաղարկությունից սենսացիոն կերպով դուրս մնալուց հետո Զիդանի տղաները խաղ առ խաղ ավելացրին, «Ռեալն», ի տարբերություն «Լիվերպուլի», վերադարձրեց հաղթողի հոգեբանությունն ու դարձավ այս դիմակայության ֆավորիտը՝ անկախ ի հայտ եկած կադրային խնդիրների: Արդյունքում «Ռեալը» գրագետ ֆուտբոլ խաղաց Կլոպի զայրույթն առաջացրած «Ալֆրեդո Դի Ստեֆանոյում», հաղթեց 2 գոլի տարբերությամբ, բայց անգլիական թիմն արտագնա գոլի շնորհիվ ստացավ շանսեր:

«Էլ Կլասիկոյում» հաղթանակն ու Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական բարձրանալը պատասխան խաղից առաջ նույնպես «Ռեալին» հոգեբանական առավելություն տվեցին: Զիդանը կարողացավ պրագմատիկ ֆուտբոլի շնորհիվ գոլազուրկ ոչ-ոքի ապահովել՝ մրցակցին գրեթե շանսեր չտալով: Լիգայի 13-ակի գավաթակիրը խաղի մեջ է՝ անկախ մարզավիճակից և կադրային խնդիրներից, «Ռեալը» ՉԼ-ում խնդիր է ցանկացած թիմի համար:

Կիսաեզրափակչում ձևավորվել են «Ռեալ»-«Չելսի» և ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» զույգերը, դիմակայության առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 27-ին:

Հեղինակ՝ Արտուշ Հարությունյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Հաջորդը

«Ռոման» դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր ժողովուրդն իրավունք և ինչ֊որ իմաստով նաև պարտավորություն ունի վերածնվելու.Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը է Սահմանադրության օրվա առիթով «Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը,…
Դիտել

Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են գերիների դատավարությունները. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 9-ին, Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ…
Դիտել

Լեռնային Ղարաբաղում կատարվողը սոսկ հումանիտար աղետ չէ. Արմեն Գևորգյան

Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով.…
Դիտել

Միրզոյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28֊ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share