Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի. ՌԴ ԱԳՆ

ՏԱՍՍ-գործակալությունը տարածել է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ:

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ազիմուտներում, – ասվում է փաստաթղթում:- Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ տարածաշրջանային փոփոխված իրողությունների համարժեք հաշվառմամբ»:

ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է համարձակորեն հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, ըստ որոնց՝ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», նրա «հանձնմանը» Ադրբեջանին, Հայաստանը  «պրոտեկտորատի» վերածելուն։

«Նման հայտարարությունները պոպուլիստական ​​բնույթ են կրում, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն»,- ասված է  ԱԳՆ-ի հայտարարությունում:

Ինչպես նշում են նախարարությունում, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։

«Մենք չկարողացանք համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Փոխարենը արդեն հաստատված համաձայնությունը, կարելի է ասել, անցել է փորձությունը և արդյունավետ իրականացվում է գործնականում», – նշել են դիվանագիտական ​​գերատեսչությունում:  

հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար, ասվում է հայտարարության մեջ։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ <…> Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը սահմանազատման գործընթացի մեկնարկն է։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման հարուստ փորձը այլ երկրների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու և ճնշելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը։  Շուրջօրյա ռեժիմով կազմակերպված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ տեղեկատվության փոխանակման նպատակով:

Ադրբեջանա-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրադրության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը, ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, դարձել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով.

«Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց: Դրա վկայությունն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»։  

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերաբերյալ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 8 նիստերի արդյունքներով զեկույց է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կներգրավի:

Ռուսաստանի և Հայաստանի համար այդ կապակցությամբ «Հյուսիս – Հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս, նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Պակաս կարևոր չէ, հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումների լույսի ներքո, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2177 նոր դեպք

Հաջորդը

Սա բացառիկ հնարավորություն է 3+3 ձևաչափը մերժելու համար. Արամ Սարգսյան

Առնչվող նյութեր

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share