Մարդիկ երբեմն հաճախ են իրենց հարց տալիս՝ ինչո՞ւ չստացվեց կառուցել այն երկիրը, որի համար դեռևս 88-ին դուրս եկան փողոց։ Ինչո՞ւ ոչնչացվեցին լավ երկիր կառուցելու գրեթե բոլոր հնարավորությունները։
Սակայն անցած 30 տարիների ընթացքում լավ երկիր կառուցելու բոլոր հնարավորությունները ոչ թե ոչնչացվեցին, այլ մի քանիսը գրպանեցին։ Սերմացու գողացող մկան պես գողացան երկրի և մարդկանց հնարավորությունները, որպեսզի մեր պետության մեջ կառուցեն իրենց պետությունը։
Տարիներ առաջ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր ՀՀ վարչաետի պաշտոնը, կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե կառավարությունը որդեգրել է խաղի նոր կանոններ, և բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում: «Ցանկանում եմ ասել, որ ես ինձանից եմ սկսելու, որպեսզի բոլորը հասկանան, որ պետք է հավասարություն լինի», – ասել էր Հովիկ Աբրահամյանը։
Երեկ, հանրությունը տեսավ Հովիկ Աբրահամյանի ճոխ առանձնատան ներսը։ Տեսավ ու թերևս հասկացավ, թե ինչ նկատի ուներ նախկին վարչապետը, երբ հայտարարում էր․ «Ես ինձանից եմ սկսելու, որպեսզի բոլորը հասկանան, որ պետք է հավասարություն լինի»։
Իրականում հանրությունը տեսավ գավառական նախկին պաշտոնյայի իրական դեմքը, թեպետ այդ դեմքը տեսանելի էր վաղուց։ Տեսանելի էր դեռ այն ժամանակ, երբ Աբրահամյանը սերմացու գողացող մկան պես դառնում էր միլիոնատեր, իսկ հասարակությունը, շարքային գործարարները, գյուղացիները ուղղակի ճկռում էին հարկերի, տուրքերի, վարկերի տոկոսների և տարբեր պետական պաշտոնյաների ռեկետի տակ։
Տեսավ նաև այն ժամանակ, երբ Աբրահամյանի հեկտարներով հողերը ծաղկում էին, իսկ հարևան հողերը՝ ջրի պակասից չորանում, երբ Աբրահմյանի այգիների բերքը սպառվում էր, իսկ շարքային գյուղացիների բերքը՝ նեխում այգիներում, կամ մաքսակետերում։
Հովիկ Աբրահամյանն անկախ Հայաստանի պետական համակարգի գլխավոր օղակներից մեկն է եղել։ Այն մարդկանցից մեկը, որոնք պետության հաշվին կառուցեցին իեենց ֆինասնական կայսրությունը, կառուցեցին իրենց պետությունը՝ մեր պետության մեջ։
Հովիկ Աբրահամյանն ընդամենը մեկն է այն հարյուրավորներից, որոնք դրեցին մեր և իրենց պետությունների բաժանարար պատի հիմքը։ Այն պատի, որի մի կողմում հարստությունն էր, զվարճանքն էր, ծաղկող բիզնեսն էր, իսկ մյուսում՝ թշվառությունը։
Հեղինակ՝ Միքայել Մանուկյան