Ֆերմայից մինչև պատառաքաղ

Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել և անհրաժեշտության դեպքում ստանալ փոխհատուցում, իսկ կենդանու կորստի կամ այլ դեպքերում ականջապիտակի միջոցով հնարավոր կլինի գտնել և վերադարձնել անասնատիրոջը։ Այս համակարգն ուղղված է նաև կենդանիների հիվանդությունների՝ բրուցելոզի, տուբերկուլոզի և նմանատիպ այլ հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման բարելավմանը, ինչպես նաև՝ կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Նախորդ տարվա նոյեմբերից հանրապետության բոլոր մարզերում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրականացման գործընթացը։ Համապետական ծրագիրը վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքների անասնատերերին ու ֆերմերներին։
 Թե ինչպես է ընթանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և  հաշվառման ծրագիրը,  քանի  կենդանի է համարակալվել, այս և այլ հարցերի շուրջ Ագրոպրեսը զրուցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի հետ:
 -Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս է ընթանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը, քանի՞ կենդանի է համարակալվել:
-Կարող եմ տեղեկացնել, որ հանրապետությունում 350 հազար համարակալված և 260 հազարից ավելի հաշվառված կենդանի կա․այս թիվն օրեցօր աճում է։ Նշենք, որ Հայաստանում ԽԵԿ-երի մոտ 70 %-ը համարակալվել է։
Նախատեսել ենք, որ կհամարակալենք կենդանիների 40-50 տոկոսը, բայց եթե այս տեմպերով շարժվենք, ինձ թվում է՝ ավելի շատ կկարողանանք համարակալել: Քանի որ ձմեռվա ընթացքում կենդանիները գտնվում են անասնագոմերում, մեզ համար ավելի հեշտ կլինի համարակալել:
Համարակալումը պարունակում է QR կոդ, որը տալիս է տեղեկատվություն կենդանու առողջության, պատվաստումների մասին, ինչպես նաև՝ վերահսկվում են ԽԵԿ-ի ծնունդը, սպանդը, անկումն ու շարժը։ Տեղեկատվությունը զետեղվում է «Անի փաս» առցանց համակարգում:
Յուրաքանչյուր ականջապիտակ՝ իր համապատասխան համարով, նախ գրանցվում է հատուկ մատյանում: Այնուհետև ականջապիտակի համարը գրանցվում է «Անի փաս» էլեկտրոնային համակարգում: Այս գործընթացն ինքնանպատակ չէ. յուրաքանչյուր համարակալում ոչ միայն կենդանու, այլև տիրոջ մասին տեղեկատվություն է պարունակում:

«Անի փաս» համակարգում գրանցվում է նաև տեղեկատվություն կենդանու առողջական վիճակի մասին: Նախքան համարակալման ու հաշվառման գործընթացը սկսելը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, փոքր անասնապահական տնտեսություններով հայկականին նման է Ավստրիայի անասնապահությունը: Վերջին տվյալով, մոտավոր հաշվարկով՝ Հայաստանում գրանցված է եղել 550 հազար խոշոր եղջերավոր կենդանի: Հաշվի առնելով նաև տարեկան արձանագրվող ծինը՝ ներկրվել է 800 հազար զույգ ականջապիտակ: Ականջապիտակների փակցնելու գործընթացը արագ է ընթանում. մինչև տարեվերջ կհասցնեն համարակալել եղած գլխաքանակի կեսը:
Համարակալման գործընթացը համապետական մակարդակով իրականացվող ծրագիր է, որի արդյուքում շահեկան դիրքում են հայտնվում պետություն–մասնավոր հատվածները, ստեղծվում են նախադրյալներ տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման, պահեստավորման և իրացման արդյունավետության բարձրացման համար, միջազգային չափանիշներին համապատասխան համարակալված և հաշվառված ԽԵԿ-ի պահման և աճեցման համար։ Ապահովելով մսատու և կաթնատու ուղղությունների զարգացումը՝ մրցունակ է դարձնում միջազգային շուկաներում։
– Ինչո՞վ է այս ծրագիրը կարևոր:
-ԽԵԿ համարակալման և հաշվառման ծրագիրն անասնաբուծության ոլորտի այն հենասյուներից է, որը հնարավորություն է տալիս ներդնել կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր մեխանիզմեր, մատուցվող անասնաբուծական ծառայությունների արդյունավետությունը է՛լ ավելի բարձրացնել, արտադրել անվտանգ սնունդ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:
«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը հնարավորություն կընձեռի լուծել առաջնային ու կարևորագույն մի շարք խնդիրներ՝ ապահովել անասնահամաճարակային կայուն իրավիճակ, դյուրացնել մսի արտահանումը, ինչն իր հերթին կհանգեցնի արտահանման ծավալների ավելացմանը։ Բացի այդ՝ ծրագիրը զգալիորեն կնպաստի կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման բարելավմանը, ինչպես նաև՝ կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Արդյունքում ստեղծվելու է բազա, որի հիման վրա հնարավոր կլինի անհրարժեշտ անասնահակահամաճարակային միջոցառումների պլանավորումը դարձնել առավել ճկուն՝ ապահովելով հանրային առողջության պաշտպանության առավել բարձր մակարդակ։
Սպառողն էլ իր հերթին կենդանական ծագման մթերք գնելիս առավել վստահ կլինի, որ ձեռք է բերում առողջ և անվտանգ սննդամթերք։
– Ծրագրի ֆինանսական աղբյուրը որտեղի՞ց է:
-Համարակալման գործընթացն անվճար է, ֆինանսավորումը պետբյուջեից է, ծրագրին աջակցում է նաև Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Անասնատերը համարակալումից կշահի ու չի տուժի: Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել և անհրաժեշտության դեպքում ստանալ փոխհատուցում, իսկ կենդանու կորստի կամ այլ դեպքերում ականջապիտակի միջոցով հնարավոր կլինի գտնել և վերադարձնել կենդանուն անասնատիրոջը։ Կան անասնապահներ, որոնք ֆերմայում ներդրումներ չեն կարողանում անել, քանի որ բանկերը կենդանուն գրավի առարկա չեն համարում:
Անասնատիրոջը բավականին առավելություններ է տալու այս գործընթացը: Առաջին՝ անասնատերը իր ֆերման անասուններով կարողանալու է ներդնել բանկում որպես գրավ, երկրորդ՝ կարող են ապահովագրել իրենց անասունները, և երրորդ՝  մսամթերքը, կաթնամթերքը կարող են ազատ վաճառքի տանել շուկայում, նաև արտահանել:

Համարակալման և հաշվառման ամենակարևոր առավելությունը անվտանգ սննդամթերք ունենալն է: Հաշվառման գործընթացից հետո հնարավոր կլինի հետևել նաև կենդանու շարժին՝ ով ումից գնեց, մինչ այդ ինչ պատվաստումներ և ինչ բուժումներ է ստացել կենդանին. ունենալ պատմություն առողջական վիճակի վերաբերյալ: Համարակալումը թույլ է տալիս հետևել կենդանիների հետագծելիութունը: Մեր նպատակն է ունենալ անվտանգ սնունդ, իսկ այդ գործընթացով մենք ցանկանում եք կանխել մսամթերքի և կաթնամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունը, ինչպես ասում են՝ ֆերմայից մինչև պատառաքաղ, կամ դաշտից մինչև սեղան սկզբունքով:
 -Իսկ կենդանիների հիվանդություններն այս ծրագրի միջոցով  վերահսկելի կլինե՞ն:
-Վստահորեն, ծրագիրը լուծելու է մի շարք այլ խնդիրներ ևս: Այս համակարգն ուղղված է բրուցելոզի, տուբերկուլոզի և նմանատիպ այլ հիվանդությունների կանխարգելմանը։ Առանց այս համակարգի հնարավոր չէ կառավարել և կանխարգելել հիվանդությունների տարածումը։ Առանց այս համակարգի չենք կարող պատկերացնել նաև, թե ինչպես ենք հետագայում նպաստելու տնտեսվարողների եկամուտների աճին։ Առանց այս համակարգի տոհմային գործի մասին խոսելն ավելորդ է:
-Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում անասնաբույժերի պակաս կա: Անասնապահները հաճախ են դժգոհում, որ կենդանիների հիվանդության դեպքում անասնաբույժի չեն գտնում, իսկ եղած մեկ անասնաբույժն էլ 6-7 գյուղերի կենդանիների է սպասարկում: Ծանրաբեռնվածությունը մեծ է, և հաճախ չեն կարողանում ժամանակին սպասարկում իրականացնել: Այս խնդիրը հաշվի առնելով՝ ինչպե՞ս է համարակալման գործընթացը, ինչպես նշում եք, արագ ստացվում:
-Հայաստանում կա 565 անասնաբույժ, որից 400-ը ներկայումս ներգրավված է գյուղատնտեսական կենդանիների համարակալման գործընթացում։ ՀՀ-ում 1 անասնաբույժը սպասարկում է 1-2 համայնք: «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման շրջանակներում մատուցվող անասնաբուժական ծառայությունների արժեքը բարձրացվել է 33 դրամով՝ 167 դրամից դառնալով 200։ Հետևաբար կարող ենք փաստել, որ այս առումով խնդիրներ չկան:

Հեղինակ՝  Մանյա  Պողոսյան, Աղբյուրը՝  Agropress

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՄԻՊ նոր զեկույցը

Հաջորդը

Սթափության կոչ եմ անում. Տիգրան Ավինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը. կան բազմաթիվ վիրավորներ

Այսօր՝ ժամը 14:21-ին, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ընկել է ձորը, հայտնվել գետում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպ

Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով:…
Դիտել

Կառավարությունն աջակցում է կաթիլային համակարգ ներդնողներին

Պետությունն աջակցում է փոքր հողակտոր ունեցող ֆերմերներին, որոնք ցանկանում են ոռոգման արդիական համակարգ ներդնել հողամասում: Կառավարությունը 2021-ից հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում…
Դիտել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Նախարարը Գորիսի պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share