Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են գերիների դատավարությունները. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 9-ին, Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործերով հերթական դատական նիստերը:

Ադրբեջանական հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ կտտանքների միջոցով մեղադրանքներ են առաջադրվել, իբր օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, կամ խմբեր ստեղծելու և այլ արարքների համար։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակներում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել: Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են:

Հետևաբար, նրանցից որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցում հենց նրանց, այսպես կոչված, «խոստովանական ցուցմունքների» հիմքով, և դրանք օգտագործում` որպես ապացույց: Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումներն ամրագրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում (https://ombuds.am/images/files/1138b156720bec6ae0fd88dc709eb62c.pdf):

Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները:

Ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը:

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների և անհայտ կորածների ծնողներից ստացվող բողոքները ակնհայտ վկայում են, որ նված դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում նրանց ընտանիքներին և լարվածություն առաջացնում հայկական հասարակությունում: Ուստի, այդ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների, նրանց ու անհայտ կորածների ընտանիքների իրավունքները, բացահայտ քաղաքականացնում են մարդասիրական հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է նշված փաստերին և ադրբեջանական իշխանությունների` մարդու իրավունքների շարունակվող կոպիտ խախտումներին, միջազգային մարդասիրական պահանջները շարունակաբար խարխլող քաղաքականությանը:

Ադրբեջանում անօրինական պահվող հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության…
Դիտել

Ադրբեջանի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում.ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ,…
Դիտել

Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը․ Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտահերթ ընտրություններին…
Total
0
Share