Նիկոլ Փաշինյանի անդրադարձը երրորդ նախագահի հրապարակած ձայնագրության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։

«Նախորդ 24 ժամում Սերժ Սարգսյանը և հանրապետականները սպառնում էին, որ հեսա կոմպրոմատ են հրապարակելու։ Հանրությունը մի փոքր տարակուսած է։ Նրանք հարց են տալիս՝ հիմա էս ձայնագրությունով Սարգսյանն ուզում է վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ժառանգել է փակուղային վիճակում։

«Եվ որն է եղել ամենակարևոր պրոբլեմն այդ պահի դրությամբ։ Ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդները ըստ էության հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել։ Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ, ես խոսել եմ այդ մասին՝ ասելով, որ 2016 թվականի հունվարին միջնորդները Հայաստանին ըստ էության պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ ըստ էության հարցը դրված է եղել այսպես. նախկինում գոյություն ուներ տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձև, հետո գոյություն ուներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և 2016 թվականի ապրիլյան պատերազմով ամենավերջին աստիճանի լրջացավ տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը։ Եվ մենք 2018 թվականին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ «5+2» բանաձև գոյություն չի էլ ունեցել, որովհետև այդ 2-ը Հայաստանի համար պրոցեսն ինչ-որ ձևով հետաքրքիր ու գայթակղիչ դարձնելու համար էր։ Եվ այդ 2-ն այն պահեստային հատվածն էր, հետագայում պետք է զիջվեր՝ այդ լուծումը Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաեւ, թե ինչ իրադրության զարգացման ինչ հնարավորություն կար 2018 թվականի մայիսի դրությամբ։

«Առաջինը՝ տարածքներ ոչ մի բանի դիմաց։ Երկրորդ, ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ։ Իսկ որ վերադառնային, որտե՞ղ էին ապրելու, սարերում ու անտառներո՞ւմ։ Եվ հետո, ոչ մի բան, հետո կապրեինք կտեսնեինք։ Հետո մենք ապրեինք ու կտեսնեինք Նախիջևանը։ Էս է ամբողջ պատմությունը։ Արդյոք կար մի պատուհան, արդյոք կար մի հնարավորություն, որ մենք որևէ փոխզիջումային լուծման գնանք և խուսափենք այս ամենից։ Իրականում այս ձայնագրությունը հնարավորություն է տալիս, որ մենք ամբողջ խոսակցությունը բացենք։ Այդ խոսակցությունն այն մասին է, որ միջնորդները, որոնք այս բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության ձևակերպել են Ադրբեջանի մոտեցումները որպես բանակցային հետագա գործընթացի զարգացում։ Իրականում այս պատմությունն սկսվել է 1998 թվականին, երբ Հայաստանի ղեկավարի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը, որը 98 թվականին ուներ բանակցային կողմի՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ, և դա Արցախյան պատերազմի ամենամեծ ու շոշափելի հաջողությունն էր, զրկվեց դրանից։ Ահա այդ կարգավիճակը 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ զիջվեց։ Եվ Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից», հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները

Ռուս խաղաղապահներն Արցախում սկսել են ապահովել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը՝ նախապատրաստվելով նոր գյուղատնտեսական շրջանին: Գյուղատնտեսները սկսել են աշխատել Արցախի…
Total
0
Share