Խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի ապօրինի վճիռը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը:

Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և պետական մակարդակով հովանավորվող ռասիստական քաղաքականությունից՝ ակնհայտ է, որ իրականացվող դատավարությունները չեն կարող լինել արդար և թափանցիկ:

Վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական անձանց պատանդ վերցնելն ու առևանգելը հանդիսանում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի կոպտագույն խախտումներ:

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը նույնպես պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման լուրջ վկայություն են:

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել իր կողմից վավերացված մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքի մասին ՄԱԿ-ի դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և, մասնավորապես՝ Ժնևի երրորդ կոնվենցիան:

Ելնելով վերոհիշյալից՝ խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի՝ հունիսի 14-ին հրապարակված ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էօլչեքճեանին 20 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս առևանգվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 2020թ. 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացվել է ճնշման և խոշտանգումների արդյունքում կորզված իբր «խոստովանական ցուցմունքների վրա»:

Դատապարտելի է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի խախտման արդյունքում Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով գերեվարված զինվորականների հանդեպ կեղծ քրեական գործերի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը:

Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք այցելության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած երկխոսության տեսագրությունը փաստում է, որ հետպատերազմյան շրջանում գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք, ինչը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բացահայտ խախտում Է։ Այս փաստը հերթական անգամ վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության մասին:

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և պահանջել շինծու քրեական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձումը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related Posts
Դիտել

ՊՆ-ն հերքում է «ընթացող մարտերի մասին» լուրերը

Պաշտպանության նախարարության հայտարարությունը․ «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի…
Դիտել

Կրեմլը մեկնաբանել է Բաքվի հայտարարությունը

Ղարաբաղում «Իսկանդերներ» չեն կիրառվելԼեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում «Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել, Կրեմլը տեղեկություններ չունի, թե որտեղից կարող…
Դիտել

ԶՈՒ ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ…
Total
1
Share