Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի հայ փախստականների հայտարարությունը

2023թ. ապրիլի 29-ին Երևանում կայացած Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի փախստականների «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովի հայտարարությունը.

Մենք՝ համաժողովը նախաձեռնած հասարակական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներս,

• արձանագրելով, որ 1918 թվականի հիմնադրումից ի վեր Ադրբեջանի դեմոկրատական, Ադրբեջանական ԽՍՀ և ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը հարյուր տարուց ավելի է, որ վարել և վարում է այլատյաց, հատկապես հայատյաց, հայահալած ռասիստական քաղաքականություն, որը նպատակ է ունեցել և ունի նախնյաց բնօրրանից, հայրենի օջախներից վտարել կամ տեղում ոչնչացնել հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին,

• հաշվի առնելով, որ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, և 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում պետության կողմից խրախուսված ցեղասպանական գործողությունները (Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերը, Հյուսիսային Ղարաբաղի հայերի բռնի, ջարդերով ուղեկցվող տեղահանումը) որևէ իրավական քննության չեն ենթարկվել,

• Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով այդ տարիներին Հայաստան են բռնագաղթել, փախստական ճանաչվել, կամ այլ երկրներ փախչելով՝ ապաստան հայցել մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ,

• երեսուն տարվա ընթացքում հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց հայրենիք վերադառնալու և նրանց գույքային կորուստների հատուցման հետ կապված ՄԱԿ֊ի մարդու իրավունքների կոմիտեին ուղղված բազմաթիվ բողոքները իրավական լուծում չեն ստացել և մնացել են անարձագանք,

• նկատի ունենալով, որ փախստականները և բռնի տեղահանվածները մի շարք միջազգային պայմանագրերի համաձայն կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք, կամ հայրենիքի այն հատվածը, որում հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքները, իսկ հայ փախստականների և տեղահանվածների համար վտանգի պայմանները ոչ միայն չեն վերացել, այլև 1988թ.-ից հետո Ադրբեջանում և Նախիջևանում պետական քաղաքականությամբ ուժեղացել են հայատյացությունը և հաշվեհարդարի սպառնալիքները,

• հաշվի առնելով, որ 1988-1992թթ․ հետո երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի հայատյաց, ռասիստական քաղաքականությունը միայն ուժեղացել է, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանվել և Հայաստանում և այլ երկրներում ապաստան են գտել հազարավոր հայեր, իսկ Արցախում կուտակվել են ներքին տեղահանվածներ, որով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում առաջացել է փախստականությանն առնչվող ահռելի խնդիրներ,

• հաշվի առնելով, որ 2020թ. Արցախի փախստականները դեռևս հստակ իրավական կարգավիճակ չունեն, որի հետևանքով նրանք կարող են դուրս մնալ Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի ՄԱԿ֊ի կոնվենցիայի շրջանակից և պաշտպանությունից,

• հաշվի առնելով, որ Ադրբեջանից և Արցախից բռնի տեղահանված և իրենց մշտական բնօրրանը ժամանակավորապես կամ մշտապես կորցրած մեր հայրենակիցները ունեն քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական և հումանիտար/մարդասիրական աջակցության լուրջ կարիք, իսկ Արցախում մնացած հայությունը գտնվում է Ադրբեջանի ռազմական ուժի լուրջ սպառնալիքի տալ,

• գտնելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, չնայած Ադրբեջանի վերհասկողության տակ գտնվող տարածքներից փախստականների և բռնի տեղահանված անձանց Հայաստանում ապաստանած փախստականների և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների բազմաթիվ խնդարնքներին և պահանջներին, ա/ 35 տարիների ընթացքում նրանց նկատմամբ վարել են բացառապես հումանիտար-սոցիալական քաղաքականություն, բ/ Ադրբեջանի ակնհայտ հայատյաց, ռասիստական քաղաքականության գործողությունների նկատմամբ իրավական քննության գործընթաց չեն ծրագրավորել և չեն հետապնդել, մեր կարծիքով՝ նույնիսկ ռազմավարություն չեն ունեցել Ադրբեջանի վերահսկողության տարածքից փախստականների վերադարձի և գույքային կորուստների հատուցման խնդիրների նկատմամբ, գ/ Հայաստանում ապաստանած փախստականների քաղաքական շահերը և հեռանկարները հաշվի չեն առել, դ/ շատ պասիվ են եղել հատկապես վերջին 35 տարիներին Ադրբեջանում խիստ ուժեղացած մեր պատմության և մեր ազգային ինքնության կեղծարարության, մեր մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պայքարի հարցում,

• տեսնելով, որ նույնիսկ 2020թ. ագրեսիվ, հանցավոր պատերազմի հետևանքով առաջացած նոր փախստականության վերաբերյալ Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով նախատեսված «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո» որոշումը որևէ ընթացք չի ստանում, իսկ Ադրբեջանի իշխանությունները այն միակողմանիորեն ընթացքի մեջ են դրել և հայ փախստականների կողմից լքված բնակավայրերում առանց որևէ վերահսկողության արդեն բնակեցնում են մեզ անհայտ ինքնությամբ և ծագումով մարդկանցով,

հայտարարում ենք.

• Հայաստանի Հանրապետության և Արցախի կառավարությունները պետք է միջազգային քաղաքական և իրավական գործընթաց (այդ թվում միջազգային դատական գործընթաց) սկսեն Ադրբեջանում իրականացված ցեղասպանական գործողությունների (այդ թվում՝ Ադրբեջանական պետության կողմից խրախուսված և կազմակերպված Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում հայկական ջարդերի) համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու և հատուցում պահանջելու գործով,

• Ադրբեջանից և Արցախից փախած և բռնի տեղահված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների և շահերի պաշտպանությունը պետք է ճանաչվի որպես Հայաստանի և Արցախի հանրապետությունների առաջնահերթություն,

• Փախստականներին և բռնի տեղահանված անձանց հասցված բոլոր վնասները ենթակա են համարժեք, արդարացի փոխհատուցման: Փախստականներին և բռնի տեղաշարժի ենթարկված անձանց հասցված վնասի փոխհատուցման չափն ու ձևերը պետք է որոշվեն միջազգայնորեն ճանաչված սկզբունքների համաձայն:

• Բոլոր հայ փախստականներն ու բռնի տեղահանվածները, առնվազն նրանք, ովքեր ցանկանում են, պետք է հնարավորություն ստանան վերադառնալ իրենց հայրենիքի՝ իրենց կողմից նապխընտրած վայր՝և այնտեղ պետք է բոլոր երաշխիքներով ապահովել նրանց ֆիզիկական, քաղաքական և քաղաքացիական, այդ թվում նրանց ինքնության անվտանգությունը:

• Առաջարկում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել անընդհատ փախստականներ ծնող Ադրբեջանի քաղաքականությունը և դրանից բխող սպառնալիքները,

• Խնդրում և առաջարկում ենք այն միջազգային կառույցներին, որոնց անդամներ են թե Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, հանդես գալ միջնորդային առաքելությամբ փախստականների խնդիրը լուծելու համար,

• պահանջել վերականգնել Ադրբեջանի կողմից ոչնչացված հայկական պատմամշակութային և ճարտարապետական շինությունները, եկեղեցիները, առնվազն պատմա-մշակութային արժեք ունեցող գերեզմանատները, սրբազան տարածքները, վերակագնել նրանց կեղծած ինքնությունները,

• 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ռազմական ագրեսիայի հետևանքով փախստական դարձած բոլոր արցախցիները և ներքին տեղահանվածները պետք է հնարավորություն ստանան վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը՝ դրա համար ստանալով իրենց կողմից պահանջված իրական երկարաժամկետ երաշխիքներ,

• Այդ գործընթացը կարող է սկսվել բացառապես Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետն իրականացնելուց հետո, որի համաձայն «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Փաստացի արդեն 6-րդ ամիսն է՝ այդ միջանցքով Արցախի ու Հայաստանի միջև կապը խաթարված է, ինչը հանգեցնում է հումանիտար աղետի վտանգի։ Ներկա պահին Արցախի բնակչությունը Ադրբեջանի պատանդն է, և արցախցի փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի ճանապարհը գործնականում փակ է:

• Նույն հայտարարության 7-րդ կետով «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ տեղյա՞կ են արդյոք նրանք Ադրբեջանից ներքին տեղահանվածներին միակողմանի բնակեցնելու գործողություններին և վերահսկու՞մ են արդյոք այն, գիտե՞ն արդյոք, թե ում են բնակեցնում և վերջապես ինչու՞ է Ադրբեջանն այդ գործողությունն սկսել միակողմանի,

• Հայաստանի Հանրապետության և Արցախի իշանություններին խնդրում և առաջարկում ենք միջազգային իրավական գործընթաց սկսել, ինչպես նաև մինչև 1988թ. հայերով բնակեցված, բայց ներկա պահին հայթափված տարածքներում մեր մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի առնչությամբ,

• ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային, ՀՀ համալսարաններին խնդրում և առաջարկում ենք մեկ ընդհանուր փաթեթով հանրայնացնել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի անվան տակ հրատարակված գրքերի, հոդվածների և աղբյուրների կեղծարարության փաստերը, գիտական հանրությանը՝ այլ երկրների գիտական ակադեմիաներին և համալսարաններին փաստերով տեղեկացնել Ադրբեջանում գիտությունը ռասիստական քաղաքական նպատակներին և էթնոֆոբիային ծառայեցնելու լայնածավալ գործունեության մասին: Այս հարցում խոսքը գնում է ոչ միայն հայ ժողովրդի պատմության, այլև Ադրբեջանի տեղաբնիկ կովկասալեզու և իրանալեզու բոլոր ժողովուրդների ինքնության և Ադրբեջանին հարևան բոլոր երկրների պատմության կեղծարարության մասին, որով նաև նույն ադրբեջանցիների պատմության հյուսվածքի կեղծարարության մասին:

Միաժամանակ պնդում ենք, որ

  • առանց Հայաստանի Հանրապետության անմիջական մասնակցության և միջազգային աջակցության անհնար է հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններով և գործունեությամբ ապահովել ադրբեջանահայ փախստականների և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, նրանց ոտնահարված իրավունքների և շահերի վերականգնումը։

Այս համատեքստում հորդորում ենք․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ձևավորել «Փախստականների հարցերով» զբաղվող իրավասու պետական մարմին, կազմակերպություն կամ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որի օժանդակությամբ կմշակվի և շահագրգիռ հանրության քննարկմանը կներկայացվի հայ փախստականների հիմնախնդիրների վերաբերյալ ազգային կամ պետական քաղաքականության ռազմավարության կամ հայեցակարգի նախագիծ։ Հետագայում այդ ռազմավարությունը կամ հայեցակարգը կդառնա Հայաստանի Հանրապետության կողմից վարվող պետական քաղաքականության մաս և ուղենիշ կլինի ոչ միայն ՀՀ դիվանագիտական մարմինների համար, այլև փախստականների հարցերով հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների համար:
  2. Առանձին կոչով դիմում ենք նաև Արցախի Հանրապետության իշխանություններին և հորդորում․

ստանձնել լիարժեք քաղաքական պատասխանատվություն ոչ միայն Արցախում ապաստանած փախստականների կամ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով հայրենիքից վտարված արցախցիների, այլև Ադրբեջանից բռնագաղթված և փաստացի փախստական հանդիսացող մեր աշխարհասփյուռ բոլոր հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության հարցում:

  1. Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների իշխանություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ մեր կողմից բարձրացվող հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այդ համատեքստում արդյունավետ համագործակցության մեջ մեզ ներգրավելու կոչով:
  2. Մասնավոր կոչով դիմում ենք Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից տարբեր ժամանակներում բռնագաղթած և աշխարհի տարբեր երկրներում ապաստանած մեր հայրենակիցներին, նրանց ժառանգներին, ինչպես նաև հայ փախստականության խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ առաջարկելով համախմբվել մեկ հարթակում և միավորել մեր ջանքերն ու ռեսուրսները՝ մեր հայրենակից փախստականների և տեղահանվածների ընդհանուր շահերի համար պայքարի, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու գործում:

Սույնով ազդարարում ենք այդ գաղափարի իրագործման համար ընդհանուր հարթակ ձևավորելու նպատակի մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով Գերմանիայում

Հաջորդը

Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու…
Դիտել

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների  երկրորդ փուլը։ Ընդհանուր առմամբ, տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։ Ընտրողների թիվը…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական  Ֆիլիպ Ռիքերին: …
Դիտել

«ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել». Նեդ Փրայս

«Միացյալ Նահանգները երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել», – հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share