Հույսերը չեն մարում․ Աշոտ Գոմցյան

Հայաստան-Թուրքիա

Հանդիպումից առաջ:

1.Բախտ և մոտիվացիա

Բաղձալի հույսեր, աժիոտաժ, ասուլիսներ կիսապրոֆեսիոնալ հարցերով, կոչեր՝ չքաղաքականացնել հանդիպումը, սպասում…

Մեր ֆուտբոլիստներից մի քանիսը ոգևորությամբ վստահեցնում էին, որ հաղթանակը իրատեսական է: Ի տարբերություն նրանց, նորանշանակ մարզիչն ավելի իրատես երանգներով էր արտահայտվում: Պետրակովը անկեղծորեն նշեց, որ երկու ամսում անհնար է նորմալ ծանոթանալ իրավիճակին: Եվ՝ նույնիսկ մարզումները չեն կարող ամբողջական կարծիք ապահովել տղաների որակների մասին: Հետևաբար՝ նման պարագայում բախտի գործոնը կարող է կարևոր դեր խաղալ: Պարզ ու հասկանալի է Պետրակովի կոնցեպտը: Քիչ հավանական է մի քանի օրում միամգամից փոխել ոչ բարձր կարգի թիմի խաղամակարդակը: Բայց լավագույնս ինչ հնարավոր է անել՝ մոտիվացնել, մոտիվացնել ու էլի մոտիվացնել, իսկ օպտիմալ մարտավարության խնդիրն ընդամենը 50/50 է: Կարծում եմ, նշված երկու գործոններում Պետրակովը գտնվեց իր բարձրության վրա:

2.Նորեկներ

Հիմնական կազմի հայտացուցակում հայտնվել էին միանգամից երեք նորեկներ: Անշուշտ, ճշգրիտ գնահատական տալու համար անհրաժեշտ էր տեսնել նրանց գործի մեջ: Առաջ անցնելով ասենք, որ թե՛ Նաիր Տիկնիզյանը, թե՛ Ուգեչուկվու Իվուն, թե՛ հատկապես տակավին պատանի Գևորգ Հարությունյանը արդարացրեցին սպասումները: Վերջինս, կարծում եմ, դուրս չէր գա խաղադաշտ, եթե չլիներ Կալիսիրի վնասվածքը: Դե ինչ, տղայի բախտը բերեց՝ չկա բարիք առանց չարիքի:

3.«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին տերերի (տիրոջ) օրոք հատուկ ավանդույթ կար՝ հավաքականի մարզիչ նշանակել վերջին պահին՝ ընտրական փուլի նախօրեին, կամ՝ ընթացքում: Այդպես էր Ստոյկիցայի, Պորտերֆիլդի և մյուս մարզիչների պարագայում: Պարոնայք ՀՖՖ-ի ղեկավարներ, չե՞ք ուզում վերջապես կոտրել այդ արատավոր ավանդույթը: Թե՞ կհակադարձեք՝ որ ավելի շուտ նշանակման դեպքում, օրինակ՝ 2002-ի նոյեմբերին, ՀՖՖ-ն «անտեղի» 3-4 ամսվա աշխատավարձ ստիպված կլիներ վճարել: Սա դիլետանտի բարբաջանք է: Ով-ով, բայց Արմեններից գոնե մեկը՝ տեղակալ Նիկողոսյանը, սա շատ լավ հասկանում է: Ձեռքդ ճար չկա՞ Արմե՛ն: Այս ամենը չի խանգարում մյուս Արմենին՝ Մելիքբեկյանին, հայտարարել, որ նպատակ է դրված աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, ինչը, որքան հասկանում եմ, չէր պահանջվում Կապարոսից, որի կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը, ի դեպ, այդպես էլ չհրապարակվեց:

Թույլ տվեք չկիսել պ-ն Մելիքբեկյանի լավատեսությունը: Ի՞նչ քամակով (կներեք այս բառի համար) ենք գնալու աշխարհի առաջնություն, պարոն: Խոստումնալից սերունդ եք պատրաստե՞լ (այս մասին հաջորդ պարբերությունում), հայկական ֆուտբոլը զարգացնելու, կամ՝ հստակ սելեկցիայի ծրագիր ունե՞ք, անձնական շահերից վեր լինելու միտում ունե՞ք: Ասածս մի փոքր մեղմելու համար կարելի է դրական ակտիվում գրանցել Պետրակովի նշանակումն ու երեք նորեկների հրավերը: Սակայն գլոբալ առումով դժվար թե դա կտրուկ կերպով կփոխի մեր ֆուտբոլի ոչ բարվոք վիճակը:

4. Թիմի կորիզը և երիտասարդների հավաքականներ

Մի փոքր մտորենք Հայաստան-Թուրքիա մրցավեճի կազմի շուրջ: Զելարայան և Բրիասկո-Բալեքյան՝ հարավ-ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչներ, Իվու՝ աֆրիկյան, Սպերցյան, Բայրամյան, Տիկնիզյան, Հարությունյան, Բեգլարյան՝ ռուսական: Ինչպես տեսնում ենք, 11-ից ութը հայկական ֆուտբոլի աճեցրածը չեն: Հարց. ինչո՞վ են զբաղված Նազարյանը և պատանեկան հավաքականների մարզիչները: Պատասխան. խայտառակ պարտություններ գրանցելով և գրեթե ոչնչով չօգնելով գլխավոր թիմին: Դժվար է պատկերացնել, թե ինքը Նազարյանը և մյուս մարզիչները, գոհ են իրենց կարգավիճակից: Գոհ չի, կարծում եմ, նաև ֆեդերացիյի ղեկավարությունը: Դե, ՀՖՖ ջան, հանե՛ք, ուրեմն, այդ մարդկանց, մի՛ տանջեք ավելորդ տեղը: Թե՞ հրաման կա պանֆիլովականների օրինակով՝ ոչ մի քայլ ետ, մեր ետևում Մոսկվան է: Հիտլերը չկարողացավ գրավել մայրաքաղաքը, այո՛, Մոսկվան կանգուն մնաց, բայց հայկական ֆուտբոլը հաստատ կանգուն չի մնա: Կանգուն չի էլ եղել, ցավոք: ի՞նչ ծրագիր ունեք այս վիճակից դուրս գալու համար: Եթե Պետրակովին կարող եք 600 հազար վճարել, մի՞թե հնարավոր չէ դրա կեսի չափով Ֆլեմինգ Սերիցլևի նման բարձրակարգ մարզիչ բերել, որի օրոք երիտասարդական հավաքականը (2009-2010 թթ.) պարզապես հիասքանչ ֆուտբոլ էր ցուցադրում: Է՜հ, ո՞ւմ եմ ասում:

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ինչպես նշեցինք վերևում, Պետրակովը սուղ պայմաններում գտնվելով, այդուհանդերձ կարողացավ որոշակի շտկումներ մտցնել ու շունչ տալ թիմին: Նախ՝ առկա էր բարձր մոտիվացիան: Երկրորդ՝ կարելի է օպտիմալ համարել խաղային սխեման՝ մեկ հարձակվողով, երեք կենտրոնական պաշտպանով: Վոսկանյանի վնասվածքը մի փոքր խառնեց խաղաքարտերը, բայց ընդհանուր առմամբ տղաները կարողացան կատարել մարզչի առաջադրանքը: Գոլը ծնվեց մեր «ֆիրմային», կարճ փոխանցումների շնորհիվ, որոնց դեմ մրցակիցը երկար ժամանակ հակաթույն չէր գտնում: Սակայն մոտավորապես 25-30-րդ րոպեներից սկսած թուրքերը ուշքի եկան ու հավասարեցրին խաղը, այնուհետև՝ նաև հաշիվը: Ու թեև 1:1-ը ճիշտ էր արտացոլում առաջին խաղակեսի պատկերը, բայց զգացվում էր, որ հյուրերը ավելացնելու են: Երկրորդ կեսում, զգալով որ տանտերերին չի կարելի թույլ տալ ազատ գնդակ ընդունել, թուրքերը սկսեցին ավելի կոմպակտ գործել, արագ փակել ազատ գոտիները, ավելի երկար գնդակ պահել: Դրան նպաստեցին նաև Կունցի փոխարինումները: Նրանց առավելությունը շոշափելի դարձավ: Արդյունքում հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ մի դրվագում, որտեղ մեր տղաները մոռացել էին մի տարրական կանոն՝ չի կարելի թույլ տալ մրցակցին տուգանային հարվածը արագ խաղարկել: Պարզապես, գոլը չէր լինի, եթե մեկը մի քանի վայրկյան փակեր գնդակը մինչև մյուսները կհասցնեին նահանջել ու դիրքավորվել: Գոլը, սակայն, չընկճեց մեր տղաներին: Նրանք մեծ նվիրումով շարունակեցին բախտը որոնել հակառակորդի դարպասի մոտ, ստեղծեցին մի քանի իրական գոլային պահեր, մինչև խաղի վերջին ակորդները նրանք անձնվիրաբար պայքարում էին: խաղավերջում Բիչախչյանը կարող էր երկու դրվագում գոլի հեղինակ դառնալ: Ինչևէ: Մրցակիցը ուժեղ էր, մենք արժանի հանդես եկանք: Ոչ մեկի հասցեին մեկ բացասական բառ անգամ չեմ կարող ասել, միմիայն դրական խոսքեր: Սակայն կա մեկը, ով արժանի է հատուկ դրվատանքի՝ դա Գևորգ Հարությունյանն է: Այդ տարիքում նման վստահ ու հասուն խաղ, այն էլ առաջին անգամ՝ շատ քչերին է հաջողվում:

Եզրահանգումը հետևյալն է. ի դեմս Պետրակովի ձեռք ենք բերել շնորհալի մասնագետ, ով պետք է որ ավելացնելով հաջողության հասնի: Հույսերը չեն մարում:

Հեղինակ՝ Աշոտ Գոմցյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանն Էստոնիայում քննարկել է ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում

Հաջորդը

Ռանոսի գոլառատ նորամուտը

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանի հավաքականը հանդես կգա Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի առաջնությունում

Ռուսաստանի հավաքականը հանդես կգա Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիայի առաջնությունում: Այս մասին հայտնել է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար…
Դիտել

Բոլոր տեքստերը՝ ուղղված են մեկ նպատակի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից․ Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում ընդդիմության կազմակերպած լսումներին։ «Լսում եմ ընդդիմության՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share