Շուրջ 5 մլն դրամ կաշառք ստանալու համար մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ և գույքային առավելություն, այնուհետև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն, 2022թ. սկզբին տեղեկանալով, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանը կարող են առաջադրվել շուրջ 126.000.000 ՀՀ դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ, իր մտերիմ, նույն վարչության ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա. Ա.-ի հետ ձեռք է բերել հիշյալ ՍՊԸ ներկայացուցիչներից կաշառք ստանալու վերաբերյալ համաձայնություն` ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելուն նպաստելու դիմաց:

Հիշյալ պաշտոնատար անձինք նախ մտադրվել են նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից էականորեն զեղչված արժեքով ստանալ երկու բնակարանի գնման իրավունք՝ դրանք հետագայում վաճառելու կամ վարձակալությամբ հանձնելու նպատակով, իսկ կաշառքի մյուս մասը որոշել են ստանալ գումարի տեսքով: Ա. Ա.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նշված ՍՊԸ-ի համասեփականատեր Ն. Մ.-ի հետ, վերջինիս հետ հանդիպման ընթացքում նրան ներկայացրել է ընկերության կողմից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը նվազեցնելու դիմաց 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալու, ինչպես նաև բազմաբնակարան շենքում զեղչված գնով երկու բնակարանի գնման իրավունք տրամադրելու՝ իր և Հ. Մ.-ի պահանջը:

Ընդունելով առաջարկը՝ Ն. Մ.-ն  Ա. Ա.-ին և Հ. Մ.-ին Երևան քաղաքի Հ. Մանանդյան փողոցում կառուցվող շենքում էականորեն ցածր արժեքներով վաճառել է երկու բնակարան` տարբերության մասով որպես գույքային առավելություն տալով խոշոր չափերի` 2.297.997 ՀՀ դրամ կաշառք:

Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն, ՍՊԸ-ի համասեփականատերը Ա. Ա.-ին է փոխանցել կաշառքի մյուս մասը` 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը, որը վերջինս 2022 թվականի մարտի 21-ին տվել է Հ.Մ.-ին:

Այնուհետև, Հ. Մ.-ն ու Ա. Ա.-ն նախնական համաձայնությամբ, որպես կաշառք զեղչված արժեքով ձեռք բերված բնակարանների իրական ծագումը թաքցնելու նպատակով, օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` բնակարանների գնման իրավունքները գրանցել են այլ անձանց՝ Ա. Ա.-ի և Հ. Մ.-ի երկու մտերիմների անուններով: Արդյունքում` 2022 թվականի ապրիլի 12-ին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրերով նշված երկու բնակարանները հաշվառվել են հիշյալ անձանց անուններով:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՊԵԿ երկու պաշտոնյաներին և ՍՊ ընկերության երկու համասեփականատերերին:

ՊԵԿ պաշտոնյաներ Հ. Մ.-ին ու Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փողերի լվացումը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը): Եվս երկու անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հիշյալ 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Հաջորդը

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ն իրավիճակը Հայաստանի հարավում գնահատում է որպես Ադրբեջանի հետ սահմանային միջադեպ. Ստանիսլավ Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, « սահմանային միջադեպ» է և չի ներառված…
Դիտել

Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում. Արման Թաթոյանի ուղերձը

«Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին լի էր դժվարություններով բոլորիս համար: Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ:…
Դիտել

Հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում.ԿԳՄՍՆ

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Այս մասին հայտնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share