Ծաղկած ծառերը վտանգված են

Առաջիկա օրերին սպասվող ցուրտը վտանգել է այս տարվա սպասվող բերքը. առաջին հարվածի տակ  ծիրանենին է:

Հիդրոմետ կենտրոնն արդեն  նախազգուշացրել է գյուղատնտեսներին, որ ապրիլի առաջին օրերին Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում ցրտահարություն է սպասվում․ ջերմաստիճանը կնվազի մինչև -4°C։ Այգետերերն ու ֆերմերներն անելանելի վիճակում են հայտնվել, չգիտեն՝ ինչպես ցրտի դեմն առնել, որ չզրկվեն ապրուստի միջոցից:

Սպասվող ցրտահարությունը մտահոգել է նաև կառավարությանը: Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին  հանձնարարել է ամեն ինչ անել, որպեսզի բերքի ցրտահարման դեպքեր չլինեն, կամ նման դեպքերը նվազագույնի հասցվեն։ 

Ըստ հանձնարարության՝ Էկոնոմիկայի, բնապահպանության, տարածքային կառավարման և մարզպետարանների նախարարությունների աշխատանքները կհամակարգի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Արդեն մի քանի օր է՝ համապատասխան մարմինները տեղեկություններ են տալիս առաջիկայում եղանակային փոփոխությունների մասին։ Ուզում եմ հրապարակային հանձնարարել Էկոնոմիկայի նախարարությանը, Շրջակա միջավայրի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և մարզպետարաններին, որ գյուղացիական տնտեսությունների հետ աշխատելով՝ այնպես անենք, որ ռիսկերը հնարավորինս կանխարգելենք, կառավարենք, որպեսզի  ցրտահարումներ չլինեն, կամ նվազագույն աստիճանի հասցվեն։ Մաքսիմալ ակտիվ աշխատանք է պետք իրականացնել»,- ասել է վարչապետը։

Մարտի 31-ին արդեն եղանակային անակնկալների մասին համացանցում տեղեկություններ տարածվեցին: Ահազանգը Հայաստանի հյուսիս-արևելքից էր.  Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում ծաղկած ծառերը, այդ թվում՝ ծիրանենիները, խոնարհվել են ձյան հաստ շերտի տակ:

Ինչպես են գյուղացիները պատրաստվում բերքը ցրտից պաշտպանել

Արարատյան դաշտում պատրաստվում են սպասվող ցրտահարության վնասները նվազագույնի հասցնել:
Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում գրեթե բոլորը խանութներ են շտապում՝ մոմ և պոլիէթիլենային թաղանթներ ձեռք բերելու համար, որ ցրտից բույսերը պաշտպանեն:

«Գնում եմ մոմեր առնեմ և ջերմոցում բույսերի մոտ դնեմ: Մարդիկ մոմ են գնել, որ ջերմոցում լրացուցիչ տաքություն և ծուխ տանք բույսերին: Կարկասի տակ կանաչեղեն ունեմ, թաղանթ եմ առել, որ կրկնակի, եռակի շերտով պատեմ: Գյուղացիները սպասվող ցրտահարության պատճառով լրացուցիչ ծախսի տակ ընկան: Շատերը նիսյա են գրվում խանութներում, որ թաղանթ գնեն: Մեր հույսն այդ բերքն է, որ վաճառենք»,- Ագրոպրեսի հետ զրույցում հայտնեց գյուղացիներից Լարիսա Հովհաննիսյանը:

Ծաղկած ծառերը  բացասական ջերմաստիճան լինելու դեպքում վնասվելու  են, ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

«Բոլոր պտղատեսակներն էլ լավ ծաղկել են: Եթե բնական աղետ չլինի, բարձր բերք ենք կանխատեսում: Տարին 10 օրից առաջ է, վաղահաս ծիրանենին արդեն պտղակալման շրջանում է: Դեղձն ու սալորի ծաղկումն էլ է ավարտվել: Կեռասենին է արդեն սկսել ծաղկել, թե հիմա կհասցնի մինչև ցրտահարությունը ծաղիկներն ամբողջությամբ բացվել, թե ոչ, չգիտեմ: Ցրտահարվելու վտանգը մեծ է»,- նշեց Արմավիրի մարզի գլխավոր գյուղատնտեսը:

Ցրտահարության դեմ պայքարի ավանդական մեթոդները

Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ֆերմեր Գեղամ Մանուկյանը, ինչ լսել է ցրտահարության մասին լուրը, 6 հեկտար ծիրանի այգուց դուրս չի գալիս: Ասում է՝ ծիրանն այս տարի աննախադեպ լավ է ծաղկել, ռեկորդային բերքի հույս ուներ, բայց այսօր շվարած է մնացել. ընտանիքի մեկ տարվա ապրուստն է հարցականի տակ:
Գեղամ Մանուկյանի այգին ապահովագրություն չունի, ցրտահարության դեմ  պայքարի ավանդական միջոցներն էլ հուսալի չի համարում: Նախորդ տարիների փորձն է հիշեցնում:

«Մի տարի էլ ցրտահարության դեմ ծխահարություն արեցի, բայց չօգնեց, քանի որ  կողքի այգիներում ոչ ոք ծխածածկույթ չարեց: Պետք է ծխածածկույթը համատարած իրականացնել, հակառակ դեպքում չի օգնում: Կարող է՝ ես ամբողջ աշխատուժը դնեմ և ասեմ՝ այգին ծխահարեք, բայց քամի լինի, և ծուխը տանի ուրիշի այգիներ»,- նկատեց այգետերը:

Նա նաև նշում է՝ ծառերը  ցրտից չեն կարող պաշտպանել առատ ոռոգումով, քանի որ ոռոգման ջուր չկա:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ տեղեկացրեց, որ մարզում դեռ ոռոգման շրջանը չի մեկնարկել, այժմ սեզոնին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ջրատարներն են աղբից մաքրում:

Մինչդեռ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չծաղկաթափված ծառեր ունեցող այգետերերին հորդորում է ծխածածկույթից բացի նաև այգիները ոռոգել:
 

Դիտարկմանը, թե ինչպես է գյուղացին ոռոգում անելու, երբ ոռոգման շրջանը դեռ չի մեկնարկել, և ջուր չկա, նախարարն արձագանքել է. 

«Գիտենք, որ Արարատի մարզի որոշ տեղերում ոռոգումներ տեղի են ունեցել: Այն տեղերում, որտեղ չկա ոռոգման ջուր, պետք է ծխածածկույթով այգիները պատել: Անպայման պետք է ծխածածկույթ անել, ոչ թե կրակ վառել և վնաս հասցնել ծառերին և բնությանը: Արմավիրի մարզի ֆերմերներին էլ հորդորում եմ ծխածածկույթ իրականացնել, որպեսզի չցրտահարվեն չծաղկաթափված ծառերը»:
Վահան Քերոբյանի խոսքով՝  եթե գյուղացին չի ապահովագել բերքը, կա՛մ պետք է ծխածածկույթով պատի դաշտը, կա՛մ իմանա՝ ցրտահարվելու է:

«Կառավարությունը ֆերմերներին հորդորում է գրագետ վարել իրենց տնտեսությունը, իսկ ֆերմերային տնտեսությունները ևս բիզնես են: Այդ բիզնեսի մեջ կան ռիսկեր: Հետևաբար, ֆերմերները կա՛մ պետք է ապահովագրություն իրականացնեն, կա՛մ ցրտահարության դեմ այլ մեթոդներով պաշտպանվեն: Մենք մի քանի տարի է՝ սուբսիդավորում ենք գյուղապահովագրության կայացումը: Պետք է բոլորին հորդորեմ օգտվել այդ գործիքից, որպեսզի ավելի նվազ ռիսկեր պարունակի իրենց գյուղատնտեսական գործունեությունը»,-հավելեց նախարարը:

Նշենք, որ գյուղապահովագրության ծրագրի շրջանակում ֆերմերները կարող են ապահովագրել 13 մշակաբույս՝ պաշտպանելով իրենց բերքը հետևյալ ռիսկերից` գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկուտ և հրդեհ:
 Սպասված գյուղապահովագրությունը, ըստ գյուղատնտեսության նախկին  փոխնախարար, ՄԱԿ-ի փորձագետ Գառնիկ Պետրոսյանի, սակայն, գյուղացիների շրջանում  մեծ տարածում չի գտնում: Նախկին պաշտոնյայի գնահատմամբ՝ պատճառն այն է, որ  միայն  նախատեսվող ծախսերի ապահովագրություն  է կատարվում,  որը շատ քիչ է: Նա նշեց, որ եկամուտի ապահովագրություն չի իրականացվում, մյուս կողմից էլ ֆերմերը չի վստահում պետությանը և գործարք չի անում:
 

Գառնիկ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ Արարատյան դաշտում կորիզավորների հիմնական մասը ծաղկման փուլում է, իսկ ծիրանենու ծաղկումն արդեն ավարտվել է:  Գյուղատնտեսն ընդգծել է՝ սա վեգետացիայի այն փուլն է, երբ բացասական ջերմաստիճան գրանցվելու դեպքում  լուրջ վնասներ կարող են գրանցվել:

Ըստ Հիդրոմետի՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2°C, հողի մակերևույթին՝ 3-ից -4°C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Այս ժամանակահատվածում, ըստ մասնագետի, անհրաժեշտ է  դիմել ցրտահարության դեմ պայքարի ավանդական մեթոդներին:
«Ծխածածկույթը կարող է արդյունավետ լինել, եթե գրագետ ձևով կազմակերպվի: ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում էլ կարելի է  բոլոր ջանքերը գործադրել և կայուն ծխածածկույթ իրականացնել:

Խնդիր ունեն նաև պոլիէթիլենային թաղանթների տակ մշակություն անող հողօգտագործողները: Պետք է լրացուցիչ ջերմություն ապահովել այդտեղ:  -4°C ջերմաստիճանի դեպքում ցրտահարության ռիսկը մեծ է»,- մատնանշեց նա և շեշտեց, որ տարբեր հատվածներում ցրտահարության վնասները տարբեր են լինելու:
 Բոլոր դեպքերում պտղաբույծները հույս ունեն, որ  ցուրտը խիստ չի լինի, ծաղկած ծառերին կխնայի:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան, Աղբյուրը՝  Agropress

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. վարչապետ

Հաջորդը

Քամու հետևանքով մայրաքաղաքում դեֆորմացված, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի. ԱՆ

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական…
Դիտել

Ադրբեջանը Հայաստանում 139 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել. ԳՇ պետը Ֆրանսիայի ԱԳ նախարարին (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այցելել է Ջերմուկ։ ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը նախարարին է ներկայացրել Ադրբեջանի սեպտեմբերյան…
Դիտել

Արևմուտքը ձգտում է Հարավային Կովկասում ցնցումների. Պատրուշև

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե Արևմուտքը ձգտում է Հարավային Կովկասում ցնցումների և խանգարում հայ-ադրբեջանական…
Դիտել

Ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է՝ 0․․․-2 աստիճան

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է` մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share