Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը․ Արա Այվազյան

Կայացել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումը։ Ներկայացնում ենք Արա Այվազյանի ողջույնի խոսքը․

«Հարգարժան Ջավադ,

Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Իհարկե, առանձնազրույցի ժամանակ մենք արդեն իսկ հանգամանալից անդրադարձանք երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերին: Այժմ մեր քննարկումները կշարունակենք ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին շրջանում բավական ակտիվ են շփումները մեր երկրների ոլորտային ներկայացուցիչների միջև: Այս հանդիպումը լավ առիթ է` մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը:

Հարգելի բարեկամ,

Դուք Հայաստան եք ժամանել մեր տարածաշրջանի համար տագնապալի օրերին, և այդ փաստը մենք բարձր ենք գնահատում։ Արդեն երկու շաբաթ է, ինչ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներ և փորձում են հրահրել նոր էսկալացիա, որը հղի է տարածաշրջանային նոր սպառնալիքներով։

Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ  հետևանք է անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողություններին ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի։ Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է։

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում»:

Մոհամմադ Զարիֆն էլ իր խոսքում նշել է, որ Իրանը շատ մտահոգ է վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի սահմանին տեղի ունեցած սրացումներից։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի և հարգվի ինքնիշխանությունը», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով՝ Հայաստանին սահմանին նոր ճգնաժամի լուծման ուղղությամբ Իրանը հատուկ ջանքեր է գործադրել, մասնավորապես, հատուկ բանագնացին՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալին գործուղել է տարածաշրջան։

«Կոնկրետ իմ այս այցի նպատակը հետևյալն է, որպեսզի ջանքեր գործադրեմ՝ որպես հարևան երկրի ներկայացուցիչ, կարողանանք օգտակար լինել, որպեսզի նմանատիպ սրացումները լուծում ստանան»,- ասել է Զարիֆը։

Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ երեկ Բաքվում հանգամանլից զրույց է ունեցել, այսօր էլ հանդիպելու է Հայաստանի վարչապետի և նախագահի հետ․ «Հուսով եմ, որ կկարողանանք տարբերակներ գտնել վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը կարգավորելու համար»։

«Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք, որ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը, մեր կարմիր գիծն է»,- նշել է նա։

Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ըստ նրա՝ Իրանի քաղաքականությունը մշտապես եղել է տարածաշրջանում խաղաղության, կայունության պահպանումը։

«Վերջին 30 տարիներին, խոսքը Ղարաբաղյան հակամարտության մասին է, մենք աշխատել ենք օգտակար լինել մեր լավ հարևան Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի այս ճգնաժամը լուծվի խաղաղ ճանապարհով։ Մենք հարգել ենք տարածքային ամբողջականությունն այդ երկու երկրների, ինչպես նաև ինքնիշխանությունը և այդ ժողովուրդների իրավունքներն ենք նաև հարգել»,- ասել է Զարիֆը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

Հաջորդը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Գերիների ազատ արձակման հարցը կքննարկվի Եվրոպական խորհրդարանում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և…
Դիտել

Փաշինյանը մեկնեց Բրյուսել. նախատեսվում է հանդիպում Ալիեւի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Բրյուսելում ՀՀ վարչապետը կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման…
Դիտել

ՀՀ վարչապետը բարձրագույն սպայակազմին ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share