Մխիթարյանը մոտ է Եվրոպա լիգայի իր երկրորդ հաջողությանը

Ավարտվեց Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման», որն այժմ Իտալիայի միակ ներկայացուցիչն է եվրոգավաթներում, դժվարությամբ կարողացավ հաղթահարել Ամստերդամի «Այաքսի» արգելքը և կխաղա կիսաեզրափակչում:

Ի դեպ, եզրափակիչ դուրս գալու ճանապարհին հռոմեկանան ակումբը պետք է հաղթահարի Մխիթարյանի նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» արգելքը, բայց մինչև կիսաեզրափակիչը փորձենք հասկանալ, թե ինչի շնորհիվ «Ռոման» պայքարից դուրս թողեց «Այաքսին» և ինչ հնարավորություններ ունի հաջորդ փուլում:

«Այաքսը», ի տարբերություն Ռոմայի, ընթացիկ մրցաշրջանում պայքարը սկսեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, բայց խմբում 3-րդ տեղը գրավելու պատճառով հայտնվեց եվրոպական երկրորդ ակումբային մրցաշարի փլեյ-օֆ փուլում: Էրիկ տեն Հագը վերջին տարիներին ռեստարտի է ենթարկել «Այաքսը» և փորձում է կրկին վերադարձնել եվրոպական ֆուտբոլի էլիտա: «Այաքսը» բոլոր մարզիչների գլխավորությամբ էլ գրեթե միշտ խաղացել է տոտալ հոլանդական ֆուտբոլ, խաղաոճ, որի կնքահայրը ակումբի լեգենդ մեծն Յոհան Կրույֆն է: Հենց կրակոտ, բաց և հարձակվողական ֆուտբոլի շնորհիվ էլ «Այաքսը» վերջին տարիներին Եվրոպայում նորից անհարմար մրցակից է դարձել բոլոր թիմերի համար: Այս թիմը գիտի տրամադրվել հատկապես ուժեղ մրցակիցների դեմ խաղերում, ինչը չի կարելի ասել «Ռոմայի» մասին, որն իր հավաքած միավորների մեծամասնությունը Ա սերիայում վաստակել է կարգով ավելի թույլ թիմերի դեմ խաղերում: «Այաքսը», կարելի է ասել, նաև եվրոպական ֆուտբոլի ամենախաղակցված թիմերից մեկն է, անկախ արդյունքից, անկախ հաշվից թիմի ֆուտբոլիստներն անգամ մեկ հայացքից հասկանում են միմյանց, բայց «Ռոմայի» դեմ դիմակայությունում տեսանք ավելի շատ հախուռն ֆուտբոլ ցուցադրող թիմ, որը չնայած դրան, երկու խաղում էլ նկատելի տարածքային առավելություն ուներ:

Ամստերդամում կայացած առաջին խաղի վրա մեծ ազդեցություն թողեցին թիմերի դարպասապահները: «Այաքսը» առաջին խաղակեսում կարողացավ բացել հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում 11 մետրանոց նշակետից վրիպեց Դուշան Տադիչը: Պաու Լոպեսի հրաշալի սեյվն ու վստահ խաղը փոխանցվեց խաղընկերներին, «Ռոման» գնաց առաջ, կարողացավ ճնշում գործադրել և վերականգնել խաղի հաշիվը:

Տուգանային հարվածի ժամանակ տարրական սխալ թույլ տվեց Այաքսի երիտասարդ դարպասապահ Կելլ Սխերպենը: Սխերպենը տեն Հագի ընդամենը 3-րդ ընտրությունն է, քանի որ հիմնական դարպասապահ Անդրե Օնանան որակազրկված է, իսկ բազմափորձ Մարտեն Ստեկելենբուրգը վնասվածք ուներ: Ի տարբերություն Պաու Լոպեսի և «Ռոմայի», Սխերպենի անվստահությունը փոխանցվեց «Այաքսին», որի կազմում խաղի վերջում զգացվեց նաև հիմնական կազմի 2 ֆուտբոլիստների՝ Դեյլի Բլինդի և Պեր Շուրսի բացակայությունը: Շուրսը Մարտինեսի հետ կարողանում է ցեմենտել պաշտպանության կենտրոնը, իսկ Բլինդը այնքան բազմակողմանի ֆուտբոլիստ է, որ կարող է խաղալ ցանկացած դիրքում և մեծ ծավալի աշխատանք կատարել: Բլինդը շատ հանգիստ կարող էր հանդես գալ նաև պաշտպանության աջ եզրում, որտեղ վնասվածք ունեցող Մազրաուիին փոխարինել էր երիտասարդ Դեվայն Ռենչը: Անհաջող գործեցին նաև «Այաքսի» հարձակման եզրերը, իսկ Դավիդ Ներեսին փոխարիած Բրայան Բրոբբին նոր էր վերականգնվել վնասվածքից և չկարողացավ առջևի գծում սրություն հաղորդել, չնայած ստացավ մեկ լավ հնարավորություն և կարող էր վերականգնել հաշիվը:

«Այաքսը» հանդիպման վերջում մեծացրեց ճնշումը, կարողացավ մի քանի հնարավորություն ստանալ, բայց «Ռոմայի» դարպասում պարզապես փայլում էր իսպանացի դարպասապահը:Նման պայմաններում «Ռոման» հանդիպման վերջում կարողացավ նույնիսկ հաղթանակ կորզել՝ նորից գոլի հեղինակ դառնալով ստանդարտի խաղարկման արդյունքում: Բնականաբար, «Ռոմայի» կազմում զգացվեց նաև Մխիթարյանի բացակայությունը: Խաղադաշտի կենտրոնում Պելեգրինին և Պեդրոն չկարողացան կազմակերպել «Ռոմայի» խաղն այնպես, ինչպես պետք էր, իսկ Վերետուն հիմնականում զբաղված էր պաշտպանական գործառույթներով: Երկրորդ խաղում վերադարձած Մխիթարյանի հետ, «Ռոման» կենտրոնում ավելի լավ տեսք ուներ նախորդ խաղի համեմատ, բայց զգացվում էր, որ Հենրիխը նոր է ապաքինվել վնասվածքից և առայժմ իր լավագույն մարզավիճակում չէ: «Այաքսի» դարպասը երեկվա խաղում պաշտպանում էր Ստեկելենբուրգը, բայց ամստերդամյան ակումբը նորից խնդիրներ ուներ պաշտպանությունում:

Նույնը կարելի է ասել, իհարկե, Ռոմայի» մասին, քանի որ վնասվածքի պատճառով դիմակայությունը բաց թողեց պաշտպանության առաջատար Քրիս Սմոլինգը, իսկ Սպինացոլային փոխարինել էր երիտաարդ Ռիկարդո Կալաֆիորին: Լիներ կազմ ու պատրաստ Սմոլինգը, Վերետուն կգործեր հարազատ հենակետայինի գոտում և շատ ավելի օգտակար կարող էր լինել «գայլերի» համար:

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո տեն Հագն ընդմիջմանը նորից հիշեց Բրայան Բրոբբիի մասին, բայց փոխարինեց Էնթոնիին, այնինչ խաղադաշտից կարելի էր հեռացնել Դավիդ Ներեսին, որը պարզապես ձախողեց հանդիպումը: Փոփոխությունը տվեց իր արդյունքը, Բրոբբին օգտվեց «Ռոմայի» պաշտպանության կենտրոնում առաջացած ճեղքից, հրաշալի արագություն զարգացրեց և ձեռնունայն թողեց Պաու Լոպեսին: Թվում էր, թե «Այաքսը», զգալով մոտալուտ հաջողությունը, կգնա առաջ, բայց գոլից հետո հյուրերը չկարողացան նույնիսկ դիպուկ հարված կատարել: Հանդիպման ավարտից 20 րոպե առաջ Ջեկոն առաջին իսկ դիպուկ հարվածով վերականգնեց հաշիվը, բայց «Այաքսի» առաջադրանքը, խոշոր հաշվով, դրանից չփոխվեց, մեկ գոլ՝ և խաղը կտեղափոխվեր լրացուցիչ ժամանակ:

«Այաքսը» խաղի վերջում ուժասպառ եղած թիմի տպավորություն թողեց և չկարողացավ նույնիսկ դիպուկ հարված կատարել: Ստացվում է, որ երկրորդ խաղակեսում թիմերը մեկական դիպուկ հարված կատարեցին և դարձան մեկական գոլի հեղինակ: Ամեն ինչ հռոմեկան ակումբի սցենարով էր, Ֆոնսեկայի սաները պայքարեցին և վաստակեցին ուղեգիրը, բայց կար տպավորություն, որ «Ռոման» շատ ավելի քիչ շանսեր կունենար լավագույն մարզավիճակում գտնվող «Այաքսի» դեմ: Դիտարժանության առումով դիմակայությունը չարդարացրեց սպասելիքները:

Եթե «Ռոման» ցանկանում է հայտնվել եզրափակչում, «Յունայթեդի» դեմ խաղերում անհամեմատ ավելի հավաքված ֆուտբոլ պետք է ցուցադրի: Պաուլու Ֆոնսեկան այս առումով լուրջ աշխատանք ունի կատարելու: Հաղթանակը Եվրոպա լիգայում, միգուցե պորտուգալացի մասնագետին հնարավորություն տա շարունակել իր աշխատանքը Հռոմում, եթե չստացվի, մեծ հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում «Ռոման» նոր մարզիչ է ունենալու:

Արդեն հիմա շատ են շոշափվում Մաքս Ալեգրիի և Մաուրիցիո Սարիի անունները: Ինչևէ, հուսանք, որ իր նախկին թիմի դեմ խաղերում Մխիթարյանը վերգտած կլինի իր լավագույն մազավիճակը, և ականատես կլինենք ավելի հետաքրքիր դիմակայության: Թիմերի միջև առաջին խաղը տեղի կունենա ապրլիլ 29-ին՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:

Հեղինակ՝ Արտուշ Հարությունյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous Article

Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ․ ՀՀ նախագահ

Next Article

Հրապարակվել է նահատակված զինծառայողի 193 անուն

Related Posts
Դիտել

Անհրաժեշտ է ընդգծված ուշադրություն դարձնել մաքսային վարչարարության բարելավմանը. Ռուստամ Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական ուղերձը ՀՀ մաքսային ծառայողի օրվա առթիվ. «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ջերմորեն շնորհավորում եմ…
Դիտել

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և…
Total
1
Share