Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի․ Ջերմուկն ապրեց

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի: Սեպտեմբերի 13-ն է, ու եկել է պահ, ալեկոծ հոգեվիճակը մի կողմ դնելով, խոսելու 2022 թվի սեպտեմբերի 13-ից մինչև օրս մեր քաղաքի, մարդկանց ու իրադարձությունների մասին: Այս մասին հայտարարություն են տարածել Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը եւ «Վիզիթ Ջերմուկ» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կեսգիշերն անց առողջարանային քաղաքի բնակիչներին և հազարավոր հյուրերին արթնացրեց մինչ այդ բոլորովին անծանոթ մի ձայն՝ ռմբակոծություն, որը տևեց մոտ 2-3 ժամ: Հարվածներն ուղղված չէին քաղաքին, միայն մատույցներին, քաղաքը շրջապատող սարերին և մոտակա ռազմական օբյեկտներին:

Ու, անկախ նրանից, որ ոչ ոք պատրաստ կամ իրազեկված չէր, թե ինչ է պետք անել նման իրավիճակում, քաղաքը կենտրոնացավ մարդկանց անվտանգ տարածքներում թաքցնելու, ապա նաև տարհանելու վրա: Քաղաքի հյուրերը գիշերն անցկացրեցին ապաստարաններում, իսկ առավոտյան արդեն սկսեց տարհանումը առողջարանների աշխատակիցների, ինչպես նաև նրանց որոշ գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով: Անմարդկային ջանքերով քաղաքի հայ և այլազգի հյուրերը, տեղաբնակների մի մասը տարհանվեցին: Մնացին քչերը: Քաղաքն այդպիսին երբևէ չէր եղել, անմարդաբնակ, ամայի:

Մոտակա տասնհինգ-քսան օրերի ընթացքում այդ ամայությունը խախտում էին ժամանակ առ ժամանակ այցելող միջազգային կազմակերպությունների և ՀՀ պետական մարմինների առաքելությունները, իսկ ևս մի քանի օր անց՝ սկսեցին իրենց տները վերադառնալ տեղացիները:

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում իրենց աշխատանքը վերսկսեցին քաղաքի մի քանի առողջարաններ, հյուրեր ընդունելու շատ աղոտ հույսով: Դա ցավալիորեն դանդաղ, անկասելի կամքի ուժ պահանջող գործընթաց էր: Քաղաքին անհրաժեշտ էր ամեն գնով վերականգնվել ֆիզիկապես, ֆինանսապես և նաև հոգեպես:

Իրենց բնականոն աշխատանքը վերսկսեցին քաղաքի մանկապարտեզներն ու դպրոցները:

Վերածնվելու այդ գործընթացը ուղեկցվում էր ներքին լրատվական դաշտում գերակշռող ապատեղեկատվությամբ, քաղաքի մեդիա-մեկուսացվածությամբ և բնակչության առօրէական խնդիրների լուծմանն ուղղված հսկայածավալ աշխատանքներով:

Անկախ քաղաքի պատկան մարմինների, գործարարական սեկտորի ներկայացուցիչների և բնակիչների ջանքերից, քաղաքի համբավը առողջարանային հայտնի կենտրոնից վերածվել էր պատերազմական գոտու քրոնիկոնի:

Այդ վիճակից դուրս գալու միակ տարբերակը անխոնջ աշխատանքն էր, ինչը և արվում էր ամիսներ շարունակ, մինչև այն պահը, երբ մեկ առ մեկ սկսեցին քաղաք այցելել Ջերմուկի հյուրերը: Գալիս էին սկզբում վախվորած, ասես հետախուզելով, ստուգելով լսածն ու կարդացածը, ապա արդեն սովորականի պես՝ հանգստանալու, անապակ բնությունը վայելելու, բուժվելու համար: Քաղաքն ապրեց: Ապրեց, որովհետև Ջերմուկի հյուրերը վերադարձան, նրանք միշտ են վերադառնում, տարին մեկ, երկու անգամ: Որովհետև մարդիկ գնում են այնտեղ, որտեղ իրենց սպասում են սիրով:

Ինչու՞ մենք որոշեցինք պատմել մեր բառերով տեղի ունեցածը: Որովհետև նույնիսկ մեկ տարի անց հայաստանցիները չգիտեն տեղի ունեցածի իրական պատկերը: Գիտեն րոպեական հավանումների համար աշխատող լրատվամիջոցների նյութերից, ասեկոսեներից, իսկ դրանք շատ հեռու են իրականություն լինելուց:

Մարդիկ չգիտեն, որ այս ամբողջ ընթացքում մենք աշխատել ենք առանց հանգստանալու, ներգրավել ենք նոր գործընկերների արտերկրից և երկրի ներսում, կազմակերպել ենք անհաշիվ ինֆո-տուրեր, հանդիպումներ արտասահմանցի պաշտոնյաների հետ, պայմանագրեր ենք կնքել բազմաթիվ նոր ընկերությունների հետ, կազմակերպել ենք ցուցահանդեսներ, համերգներ, ճանաչողական միջացառումներ, այդ ընթացքում բարելավելով մեր քաղաքի ենթակառուցվածքները՝ փողոցների և մայթերի ասֆալտապատում, բարեկարգում: Սկսել ենք կառուցել նոր առողջարաններ, վերակառուցել հներից մի քանիսը:

Ասելով մենք, նկատի ունենք մեզ բոլորիս՝ քաղաքային իշխանություններին, առողջարանների սեփականատերերին և շարքային աշխատակիցներին, վաղուց այստեղ չապրող, բայց քաղաքով մտահոգ ջերմուկցիներին, որոնք իրենց հնարավորությունների չափով աջակցել են ոտքի կանգնող քաղաքին:

Այս ամենով հանդերձ, մեր ուղերձը հետևյալն է՝ քաղաքն ապրում է, լիարժեք կերպով մատուցելով իր առողջարանային ծառայությունները և ձգտելով շարունակական զարգացման:

Ջերմուկը միասին բացահայտելու և վայելելու ժամանակն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է իր 98-րդ համերգաշրջանը

Հաջորդը

Արցախում հրադադարի խախտման հետևանքով կա մեկ վիրավոր․ ԱՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում…
Դիտել

Starmus-ը Հայաստանում մեկնարկեց փառատոնի պատմության մեջ առաջին ջազային համերգով ու Նոբելյան մրցանակակրի դասախոսութամբ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus…
Դիտել

Ավարտվեց միաբանական համագումարը. միաբան հայրերը հանդես են եկել հայտարարությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի հունիսի 5–11-ը՝ Արարատյան շաբաթվա տոների ընթացքում, համայն հայության հոգևոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share