Ուժի կիրառումը չպետք է անհետեւանք մնա. Վիկտոր Ռիխտեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաեւ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ են, հոկտեմբերի 31-ին ընդունել են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու բարեկամական հարաբերությունները: Հանձնաժողովի փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած գործընթացների մասին՝ նշելով, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կանգնած են դժվարությունների եւ մարտահրավերների առջեւ: «ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար հայեր եկել են Հայաստան: 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար հարձակվում է Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքի վրա, եւ այդ ռիսկերն այսօր էլ գոյություն ունեն»,-ասել է Ռուստամ Բաքոյանը եւ հավելել, որ ավելի քան 9 ամիս Ադրբեջանը շրջափակման մեջ է պահել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը, որից հետո՝ սեպտեմբերի 19-ին, տեղի է ունեցել ռազմական ագրեսիան՝ իր բոլոր հետեւանքներով: Հանձնաժողովի փոխնախագահի տեղեկացմամբ ռուս խաղաղապահների զորախումբն այդ իրավիճակում չի կատարել եռակողմ պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետեւանքով զոհվել են հարյուրավոր հայեր, իսկ նրանցից շատերը ենթարկվել են անդամահատումների եւ անարգումների: Այսինքն՝ տեղի են ունեցել մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներ: «Այս առումով անհրաժեշտ եմ համարում Ադրբեջանի հանցավոր եւ անթույլատրելի գործողությունների վերաբերյալ մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքը: Իր  հանցավոր վարքագծով Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանի խաղաղությունն ու  կայունությունը՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու  հումանիտար իրավունքները, գոյաբանական սպառնալիք հանդիսանալով ամբողջ հայության համար»,-ասել է Ռուստամ Բաքոյանը՝ նշելով նաեւ պաշտոնական Ադրբեջանի ցինիկ հռետորաբանությունը՝ կապված, այսպես ասած, «Արեւմտյան Ադրբեջանի» հետ՝ նկատի ունենալով Հայաստանի  տարածքները՝ Սեւանից մինչեւ Սյունիք: «Կարծում եմ, որ Ադրբեջանի տարածքային ակնկալիքներն ու հանցավոր գործողությունները պետք է զսպել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ»,-նշել է հանձնաժողովի փոխնախագահը:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը  նույնպես բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունները՝ շեշտելով, որ Գերմանիան մշտապես Հայաստանի կողքին է, եւ բարեփոխումների ճանապարհին աջակցում է Հայաստանին: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վիկտոր Ռիխտերն ընդգծել է, որ Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ բնակչության նկատմամբ եւ իր աջակցությունն է հայտնում բռնի տեղահանվածներին:  «Գերմանիան աջակցում է նաեւ խաղաղության գործընթացին եւ աջակից է խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Գերմանիան  հույս ունի, որ երկու կողմերը կհասնեն արդար խաղաղության, որը երկարատեւ կայունություն կապահովի տարածաշրջանում»,-ասել է դեսպանը: Նրա խոսքով Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները եւ կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետեւանք մնա: «ԵՄ-ում, ցավոք, չկա միասնական  կոնսենսուս պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ»,- հայտնել է գերմանացի պաշտոնյան:

«Չափազանց կարեւորում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության  աջակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը եւ ամենակարեւորը՝ խաղաղության գործընթացին: Եվ չափազանց կարեւոր էր վերջերս Գրանադայում ստորագրված հայտարարության տեքստը, որտեղ, ըստ էության, Գերմանիան իր աջակցությունը հայտնեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը, եւ իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների պահպանմանը»,- իր խոսքում նշել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հանդիպումն ավելի արդյունավետ կլիներ, եթե հանդիպմանը մասնակցեր նաեւ Ադրբեջանը, ինչպես նախատեսված էր:

Արթուր Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրել է նաեւ մեր երկրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչի նպատակով էլ նախաձեռնվել եւ մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումը ստացած նախագիծը, որում ներկայացվում է կոմունիկացիաների բացման վերաբերյալ Հայաստանի առաջարկը:

Այս համատեքստում դեսպան Ռիխտերը տպավորիչ է համարել Հայաստանի ջանքերը՝ նշելով, որ հայկական կողմը, իսկապես, կառուցողական մոտեցում ունի խաղաղության գործընթացին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Կորել է» շուրջ 2000 աշխատատեղ. ՊԵԿ նախագահ

Հաջորդը

120 մլրդ դրամ՝ ճանապարհային ցանցերի բարելավման համար

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցել Ձեզ և Ձեր կառավարությանը․ԱՄՆ Պետքարտուղար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,…
Դիտել

Բացահայտվել է պատերազմին չմասնակցած բազմաթիվ անձանց պատերազմին մասնակից լինելու մասին կեղծ փաստաթղթեր կազմելու և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանցավոր սխեմա

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share