Արևը ծագելու է, գարունը գալու է, շնորհավոր Հայկական բանակի օրը. ՀՀ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Հայկական բանակի զինծառայողներ, պահեստազորայիններ, գեներալներ, սպաներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ,

Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի:

Բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ:

Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը:

Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է:

Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես գտնվում են իրագործման փուլում: Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը մեր պատկերացմամբ պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա:

Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, ովքեր պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն:

Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը:

Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:

2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում:

Բայց բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ:

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների:

Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները:

Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը:

Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:

Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ զինծառայողի մարմին

Հաջորդը

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՕՊ ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրից

Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ ՀՕՊ կենտրոնական ենթակայության N զորամասի ստորաբաժանումները դուրս են…
Դիտել

Ժամը 21:20-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է.ՊՆ

Ժամը 21:20-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
Դիտել

ՊՆ-ն հերքում է Բաքվի հաղորդագրությունը

Հայաստանի ՊՆ տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել…
Դիտել

Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական գործակցության ծրագիրը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share