Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց Վրաստանի անկախության օրը

Վրաստանի անկախության օրվա առթիվ Հայաստանում Վրաստանի դեսպանության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հյուրընկալվել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և  մշակութային գործիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, որն ազգային հագուստ էր կրում, հյուրերին դիմավորում էր բարձր տրամադրությամբ:

Գիորգի Սագանելիձեն հիշեցրեց, որ 105 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանը հռչակեց իր անկախությունը, և աշխարհի քարտեզի վրա հայտնվեց պատմության մեջ առաջին սոցիալ-ժողովրդավարական պետությունը։

«Մեկ դարից ավելի ազատատենչ վրաց ժողովուրդը անձնուրաց պայքար էր մղում կայսերական ռեժիմի դեմ, 1918-ին կարողացավ և վերադարձավ անկախ պետության հազարամյա պրակտիկային։ Չնայած այն բանին, որ Վրաստանի առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2 տարի և 9 ամիս, արձանագրեց շատ ձեռքբերումներ. Վրաստանը տարածաշրջանում առաջին պետությունն էր, որը ձայնի իրավունք տվեց երկու սեռի ներկայացուցիչներին, և բարձրագույն օրենսդիր մարմնում ընտրվեց 5 կին անդամ, որոնցից մեկը հայ էր»,-նշեց դեսպանը:

Խոսելով վերջին տարիների մասին՝ Գիորգի Սագանելիձեն ընդգծեց՝ Վրաստանն անկախության 32 տարիների ընթացքում կարողացավ և այսօր տարածաշրջանի 19 երկրների մեջ առաջատար դիրքում է կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն։  Նրա խոսքով՝ 2020 թվականին Վրաստանն առաջին տեղում էր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 23 երկրների շարքում բիզնեսի պարզության ցուցանիշով, աշխարհի հնգյակում է տնտեսական ազատության ցուցանիշով:

«Այս փուլում ունենք տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ, վերջին տասը տարվա ընթացքում կիսով չափ նվազել է գործազրկությունը։ Սահմանադրական մակարդակով արձանագրվել է վրաց ժողովրդի կամքը Վրաստանի՝ Եվրոպական Միությանը և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) ինտեգրվելու վերաբերյալ»,-շեշտեց Սագանելիձեն և անդրադարձավ հայ-վրացական բարեկամական հարաբերություններին:

Նրա հավաստացմամբ՝ վրացիների և հայերի բարիդրացիության, բարեկամության ու եղբայրական հարաբերությունների բազմադարյա ավանդույթն աննախադեպ օրինակ է համաշխարհային պատմության մեջ։ «Բազմաթիվ հայ հասարակական գործիչներ իրենց առանձնահատուկ սերն էին ցուցաբերում Վրաստանի հանդեպ, այդ թվում՝ Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան, Շամչի Մելքոն, Խաչատուր Աբովյանը, Ավետիք Իսահակյանը և, ինչ խոսք, Հովհաննես Թումանյանը։ Նույնը արտահայտել են բազմաթիվ վրացի դասական գրողներ։ Հուրախություն մեզ՝ պետք է ասել, որ այսօր պատմական մաքսիմումի վրա է գտնվում համագործակցության մակարդակն ինչպես քաղաքական, այնպես էլ մշակույթի, էներգետիկայի, տուրիզմի և այլ ոլորտներում։ Աննախադեպ աճել է առևտրաշրջանառությունը, և շատ շուտով Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը հատել առանց անձնագրի՝  կենսաչափական անձը հաստատող վկայականներով, ինչն ավելի կամրապնդի և կխորացնի Վրաստանի և Հայաստանի հավիտենական եղբայրությունը»,-եզրափակեց Գիորգի Սագանելիձն:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, խաղաղություն ու բարգավաճում մաղթելով Վրաստանին, ասաց, որ երկու երկրները շատ լավ գիտեն անկախության գինը, որը մաքառումների, հայրենասիրության, մեծ զոհաբերությունների, միասնականության ամբողջություն է:

Նա շեշտեց, որ Հայաստանն ու Վրաստանը կապված են քրիստոնեական ու մշակութային բազմաթիվ թելերով:

«Մեր հարաբերություններում առանձնահատուկ դեր ունի հայ-վրացական հսկայական մշակութային ժառանգությունը, որի վրա իրենց անջնջելի հետքն են թողել այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Սայաթ-Նովան, Հովհաննես Թումանյանը, Պետրոս Ադամյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Բազմիցս մեր ժողովուրդները բախվել են հզոր տերությունների կողմից կլանվելու խնդրին, բայց այսօր կանգնած ենք որպես անկախ, ժողովրդավար պետություններ: Մենք այժմ էլ ապրում ենք դժվարին ժամանակներում: Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում մենք բախվում ենք լրջագույն մարտահրավերների և պետք է սատար կանգնենք միմյանց, միավորենք մեր ջանքերը դրանց դիմակայելու համար: Միասնաբար մեզ կհաջողվի տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և զարգացման ամուր հիմքեր ստեղծել»,-շեշտեց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այսօր հայ-վրացական միջկառավարական, միջխորհրդարանական հարաբերությունները որակապես նոր փուլում են և դինամիկ զարգացում ունեն: Սիմոնյանն իր խոսքերի  վառ վկայությունն է համարում Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պարբերական պաշտոնական  և ոչ պաշտոնական հանդիպումները:

«2022 թվականի օգոստոսի 19-ին հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի հատվածում, հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող «Բարեկամություն» կամրջի գործարկման արարողության շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի վարչապետների՝ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Հայ-վրացական տնտեսական օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը,  փոքր և միջին բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, երկու երկրների ոլորտային գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանը»,-նշեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանն իր խոսքն ամփոփեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ հայ և վրաց ժողովուրդներին թողած  պատգամով. «Ամեն ինչին նայեք բարեկամական սիրո բարձունքից. սեր, որ վեհացնում է, սեր, որ արարում է, սեր, որ միաբանում է և ջերմացնում»:

Ելույթներից հետո հնչեցին Հայաստանի և Վրաստանի ազգային օրհներգերը և Հայաստանում Վրաստանի արտակարգ, լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն հյուրերին հրավիրեց համտեսելու վրացական գինին ու ավանդական ուտեստները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

Առնչվող նյութեր
Դիտել

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-31-ի և օգոստոսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Դիտել

Հորն ու որդուն դանակահարած 18-ամյա տղային մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝…
Դիտել

Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի…
Դիտել

Եռաբլուրում կատարված դեպքի անմիջական մասնակից մի շարք անձինք հետևողականորեն հրաժարվում են մասնակցել քննչական գործողությունների․ ՔԿ պարզաբանումը

Եռաբլուր պանթեոնում 2022թ, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share