Որքան էլ այս իշխանության որդեգրած ճանապարհը վնասներ հասցնի մեր ժողովրդին, միևնույն է, այն դատապարտված է ձախողման. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Խորհրդային Միության փլուզումից հետո փլուզվեց մեր ամբողջ արդյունաբերությունը։ Շատերս կարծում էինք, որ, չնայած սխալ քաղաքականությանը, որը բերեց արդյունաբերության կործանմանը, հետագայում հնարավոր կլիներ կառուցել նոր գործարաններ՝ նոր տեխնոլոգիաներով, գնալ առաջ, նորից դառնալ ժամանակակից,  զարգացած արդյունաբերական երկիր։ 

Անցան տարիներ, և մենք տեսանք, որ արդեն չկան այն մարդիկ, որոնք պիտի կառուցեին այդ գործարանները՝ գիտնականներ, ինժեներներ, արդյունաբերության կազմակերպիչներ, բարձր մակարդակի մասնագիտացված բանվորներ:

Անդրադառնանք կրթական համակարգին, հայոց պատմությանը:
Մեր ողջ ժողովրդի համախմբված ջանքերով, հազարավոր զոհերի գնով ունեցանք փայլուն հաղթանակներ՝ ազատագրելով բուն հայկական, բնիկ հայերով բնակեցված Արցախը: 
Այժմ կրեցինք անարդար պարտություն, և այս իշխանությունների պատճառով մեր երկիրն ու ժողովուրդը շարունակում են մնալ խեղճացած վիճակում: 
Շատերս մտածում ենք, որ մեր կորցրածը կարելի է վերականգնել: Այո, կարելի է, բայց այն դեպքում, եթե մեր ժողովրդի մեջ լինեն մարդիկ, որոնք հպարտանում են մեր ժողովրդի պատմությամբ, լի են վճռականությամբ՝ պահպանելու մեր ինքնությունը, անվտանգությունը, ապահովելու մեր ազգային զարգացումը: Այդպիսի մարդիկ դեռևս կան, բայց կրթական համակարգի այն «բարեփոխումները», որոնք իրականացնում են այս իշխանությունները, ուղղված են նրան, որ նման մարդիկ չլինեն, և նոր սերունդը զուրկ լինի ազգային հպարտությունից ու ազգային նպատակներից:
 
Կանցնի որոշ ժամանակ, և այդպիսի մարդիկ կարող են այլևս չլինել։ 
Կան բազմաթիվ ապացույցներ, թե կրթական համակարգն ինչ դեր է խաղում պետության կառուցման գործում, կրթությունը և սեփական երկրի ու ժողովրդի պատմությունն իմանալը, դրանով հպարտանալն ինչպես է մարդկանց մղում սեփական երկիրը կառուցելու և զարգացնելու:
Ինչո՞ւ է կարևոր «հայոց պատմություն» և ոչ թե «Հայաստանի պատմություն» ձևակերպումը։ 
Նախևառաջ, հայկական պետության պատմությունը հայ ժողովրդի պատմության մի փոքր մասն է:
Ֆրանսիացիների համար իրենց պետության և ժողովրդի պատմությունները գրեթե համընկնում են, բայց մենք հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, սակայն ունեցել ենք ժողովուրդ, որը, պետության բացակայության պայմաններում, հատկապես՝ վերջին հարյուրամյակներում, կարևոր դեր է կատարել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ: 

Մենք ունենք աշխարհով մեկ սփռված հայության գործունեության վերաբերյալ փայլուն էջեր՝ համաշխարհային գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների, գործարարության, կրոնի, ռազմահեղափոխության պատմության մեջ: Այդ դրվագների ուսուցումը մեր նոր սերնդին փոխանցում է ինքնավստահության, հպարտության, օրինակ վերցնելու մի լիցք, առանց որի անհնար է ստեղծագործական որևէ հնարավորություն պետության զարգացման գործում:

Այն ճանապարհը, որով մեզ ուզում են տանել այս իշխանությունները, ի վերջո բերելու է նրան, որ Հայաստանի պետության անվան տակ լինի մի տարածք (եթե, իհարկե, լինի), որտեղ անգամ հայեր չեն ապրում։ 

Այն խնդիրն ու գաղափարները, որ ներկա իշխանությունը որդեգրել է, 1990-ական թվականների և 21-րդ դարասկզբի թրենդն է (գերլիբերալիզմ), որն աշխարհում արդեն հնացած է։ 
Այսօր աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում և, հատկապես, մեր տարածաշրջանում, արագորեն տարածվում է նոր թրենդ, որի մեջ մեծ նշանակություն ունեն ազգային ինքնագիտակցությունը, պետությունների ռազմական ուժը, մրցակցությունը:

Հայաստանի, այսպես կոչված, «երիտասարդների» իշխանությունն անհույս ետ է ընկել ժամանակակից աշխարհի զարգացման միտումներից։ Այդ «երիտասարդներն» արևմտյան քաղաքակրթության 90-ականների պրովինցիալներն են:

Եվ որքան էլ այս իշխանության որդեգրած ճանապարհը վնասներ հասցնի մեր ժողովրդին, միևնույն է, այն դատապարտված է ձախողման, քանի որ այդ ճանապարհը դեմ է թե՛ հազարամյակներով ձևավորված մեր ազգային ձգտմանը, թե՛ համաշխարհային զարգացման այսօրվա թրենդներին»:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդը

Ադրբեջանի գործող սահմանադրությունը լուրջ խնդիրներ ունի․ Շիրինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին…
Դիտել

Բարձր եմ գնահատում Ձեր ավանդը՝ միտված տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը․ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share