ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Վերջինիս մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Նախ տեղի է ունեցել նեղ, այնուհետև ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալի-Աբադին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այն ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրել են փոխվարչապետները, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, իսկ իրանական կողմից` Աբբաս Ալի-Աբադին:

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում․

«Պետությունների հարգելի ղեկավարներ,
Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Ուրախ եմ ողջունելու Ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որի ընթացքում մենք կամփոփենք այս տարվա կատարած աշխատանքը և կուրվագծենք ԵԱՏՄ հետագա զարգացման ուղիները։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին այսօրվա միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստանձնում է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, ինչի կապակցությամբ մենք անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության հույս ունենք` մեր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով։

Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։

Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։

Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի։

Այս համատեքստում, հայկական կողմը կարևորում է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որը հիմնված է ԵԱՏՄ միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հայեցակարգային և առաջնահերթ ուղղությունների վրա:

Հայկական կողմը ողջունում է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։ Լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը կնպաստի Իրանի հետ առևտրատնտեսական, լոգիստիկ և տրանսպորտային կապերի ամրապնդմանը և հնարավորություն կտա ամուր պայմանագրային հիմք ստեղծել համատեղ ծրագրերի համար։

Հարգելի գործընկերներ,

Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ, տեղին եմ համարում նշել անդամ պետությունների կողմից ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտությունը։

Այս համատեքստում, մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների առավելություններից և ներուժից օգտվելու նպատակով։

Անհրաժեշտ եմ համարում նաև էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցության ոլորտների ընդլայնումը։

Մեկ այլ հիմնավորապես կարևոր խնդիր է մեր երկրների ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ թվային տեխնոլոգիաների ներդրումը պետական բիզնես գործընթացների գործնական գործունեության մեջ։

Այս ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի, մասնավորապես, արհեստական բանականության գործնական կիրառությունների լույսի ներքո, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական գործունեության տվյալների ավելի արագ հավաքագրման և արդյունավետ վերլուծության համար:

Արհեստական բանականության հնարավորությունների պատասխանատու օգտագործումը կարող է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման լրացուցիչ խթան հանդիսանալ։

Հայտնի է, որ Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի համար։ Սա մարտահրավեր է Հայաստանի համար, բայց միևնույն ժամանակ բացառիկ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։ Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտի, տարանցման և վարչարարության անխափանությունը, մենք կունենանք ԵԱՏՄ հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ զարգացնելու բացառիկ հնարավորություն։

Մեկ այլ արդյունավետ գործիք կարող է հանդիսանալ ապրանքների և բեռների թվային հետագծելիության ժամանակակից համակարգերի ներդրումը, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչը երաշխավորում է «չորս ազատությունների» իրականացումն առանց հավելյալ խոչընդոտներ ստեղծելու՝ դրանով իսկ ԵԱՏՄ ներսում տեխնիկական հիմք ապահովելով արդյունավետ համագործակցության համար:

Կարևոր է, որ այս համակարգերը լինեն ժամանակակից, արդյունավետ և վերացնեն գոյություն ունեցող խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն նորերը:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Բոլորիս համար այս դժվարին պահին պետք է ջանքերը կենտրոնացվեն ԵԱՏՄ ազդեցությունն առավելագույնի հասցնելու վրա՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։

Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին 2023 թվականին ակտիվ համագործակցության համար և, օգտվելով առիթից, հարգելի գործընկերներ, շնորհավորել բոլորի գալիք Ամանորը և մաղթել խաղաղություն ու բարգավաճում մեր երկրներին։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են միության շրջանակում տարբեր ոլորտում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստն անցկացնել գալիք տարվա մայիսին` Մոսկվայում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական շարժումը Մակրոնին կոչ է արել արտաքսել ադրբեջանցի դիվանագետներին

Հաջորդը

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից դրոններ գնել. The National Interest

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ…
Դիտել

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ՝ անկախության օրվա առիթով. Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության…
Դիտել

Սփյուռքը պետք է ընդգրկված լինի Հայաստանի կառավարման համակարգում․ Լեւոն Սաքունց

Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ, մեր հայրենակից Լեւոն Սաքունցը Ազդագիրին բացառիկ հարցազրույց է տվել եւ ներկայացրել է իր տեսակետը…
Դիտել

ՀՀ Առաջին նախագահի արձագանքն իր արձագանքի արձագանքներին

ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը։ Առաջին. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share