Անմարդկային պայմաններ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կորոնավիրուսային բաժանմունքում

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի Կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Ընդ որում, այցի ընթացքում բաժանմունքում պացիենտներ չեն եղել, բայց այս պահին կան բուժում ստացող մարդիկ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, աշխատակազմի մշտադիտարկման այցն արձանագրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի «Թոքախտաբանական» մասնաշենքի առաջին հարկի մի հատվածն առանձնացված է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների ստացիոնար բուժման համար:

Կորոնավիրուսային բաժանմունքում առկա է երկու հիվանդասենյակ և մեկ սանհանգույց: Հիվանդասենյակները կահավորված են հնամաշ և կոտրված կողապահարաններով և երկաթյա մահճակալներով (այցի պահին մեկում տեղադրված է եղել 5, իսկ մյուսում՝ 3 մահճակալ): Հիվանդասենյակների հատակը հնամաշ է, պատերի և առաստաղի ծեփամածիկը՝ թափված: Նույն վիճակն արձանագրվել է նաև Կորոնավիրուսային բաժանմունքի միջանցքում:

Կորոնավիրուսային բաժանմունքի սանհանգույցը սանիտարահիգիենիկ խիստ անընդունելի վիճակում է, ունի արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային պայմաններ:

Լվացարանները հնամաշ են և կեղտոտ: Բարձր խոնավության պատճառով սանհանգույցի պատերը բորբոսնած են, իսկ առաստաղի ծեփամածիկը՝ ամբողջությամբ թափված:
Սանհանգույցները կահավորված են ասիական տիպի զուգարաններով, որոնք նույնպես սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակում են:
Սանհանգույցի տեսանելի ջրի խողովակները ժանգոտած են:

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մշակվել է համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ։

Այս ծրագրում առանցքային դեր ունի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:

Չնայած դրան, «Դատապարտյալների հիվանդանոց» Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի այցի ընթացքում պարզվել է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների հստակ ծրագիր՝ գործառութային հստակ տարանջատմամբ, առկա չէ:

Հարցն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի հաստատված դեպքերում պացիենտների ընդունելություն և բուժման կազմակերպում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրվել են պարզաբանումներ, որ Դատապարտյալների հիվանդանոցն առաջնորդվում է միայն ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 7-ի ցուցումով, որը ՔԿՀ մուտք գործած անձանց կարանտինային բաժնում 14 օր պահելուց զատ այլ հստակ կարգավորումներ (սանիտարական կանոններ, դրանց իրականացման ու արձանագրման եղանակներ և դրա համար պատասխանատու անձանց շրջանակ) չի ամրագրում:

Պարզվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործող ազատությունից զրկված անձինք չեն մեկուսացվում հիմնարկի կարանտինային բաժանմունքում և անմիջապես տեղաբաշխվում են համապատասխան բաժանմունքում:

Անթույլատրելի է, որ կարանտինային բաժանմունքը շահագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, ինչի հետևանքով նաև չի ապահովվում քրեակատարողական հիմնարկ ընդունված անձանց՝ 14-օրյա կանխարգելիչ մեկուսացումը։

Այցի պահին կարանտինային բաժանմունքում պահվել է կալանավորված անձ, որը մեկուսացված է եղել տևական ժամանակ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բնակելի գոտի մուտքի հարևանությամբ տեղադրվել է սանիտարական մշակման տնակ, որն ապահովված է ջրամատակարարմամբ, կոյուղով, լոգարանով, լվացարանով և այլ անհրաժեշտ պարագաներով՝ բժշկական անձնակազմի մուտքի և ելքի ժամանակ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, սակայն այցի պահին արձանագրվել է, որ այն չի շահագործվում:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման կապակցությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տարածք մուտք գործելիս ջերմաչափում և կանխարգելիչ այլ միջոցառումներ չեն իրականացվում:

Ազատությունից զրկված անձանց շրջանում ջերմաչափումները պարբերական բնույթ չունեն: Ազատությունից զրկված անձինք ջերմաչափվում են՝ ըստ անհրաժեշտության և բժշկական ցուցումի:

Հիմնարկի տարածքում թերություններով են իրականացվում նաև վարակի կանխարգելման այլ միջոցառումներ: Այսպես, այցի ընթացքում արձանագրվել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական շենքում աշխատակիցների մեծ մասը դիմակներ չեն կրում, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, չի իրականացվում ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում։ Դիմակներ չեն կրել (կամ կրել են ոչ պատշաճ ձևով) նաև բժշկական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ:

Քրեակատարողական հիմնարկի որոշ բաժանմունքների միջանցքներում առկա չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններ: ՔԿՀ-ի մուտքին հարակից և ռեժիմային գոտու պատերին ամրացված ախտահանիչ հեղուկով դիսպենսերները եղել են դատարկ:

Պարզվել է, որ ազատությունից զրկված անձանց բժշկական դիմակներ տրամադրվում են հիմնարկից դուրսբերման դեպքում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանումը (այսուհետ՝ Ստորաբաժանում) համալրված է եղել ախտահանիչ նյութերով, քլորով և անհատական պաշտպանիչ միջոցներով։ Ինչ վերաբերում է քրեակատարողական ծառայողներին դրանց հասանելիությանը, ապա նրանք օգտվելու հնարավորություն չեն ունեցել ստորաբաժանմանը հատկացված ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներից:

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բավարար ջանքեր չի գործադրում աշխատակիցներին ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներով ապահովելու ուղղությամբ:

Քրեակատարողական հիմնարկի տարբեր բաժանմունքների միջանցքներում և բժիշկների աշխատասենյակներում փակցված են եղել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական պաստառներ:

Ստորաբաժանումում առկա են եղել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի արագ ախտորոշիչ թեստեր, որոնք օգտագործվել են՝ ըստ անհրաժեշտության: Առկա է եղել երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ չորս պացիենտի թթվածնով ապահովելու համար:

Նշված խնդիրներն արձանագրվել են 2021թ. ապրիլի 12-ի այցի արդյունքում, այցի արդյունքներով կատարված ուսումնասիրությունների հիման վրա և առանձին տեղեկանքով՝ մանրամասն վերլուծությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն:

Դրանից բացի, Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման վիճակի առնչությամբ Պաշտպանի մանրամասն արձանագրած խնդիրները և լուծման առաջարկները արտացոլված են նաև խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սույն հայտարարությունը հրապարակում է այն պատճառով, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակը նորից մտահոգիչ աճի միտումներ է ցույց տալիս երկրում:

Իսկ նկարագրված անմարդկային ու մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմանները ոչ միայն չեն ապահովելու վարակի արդյունավետ կանխարգելումը, այլ ստեղծում են վարակի տարածման ռիսկեր, առավել ևս, որ ներկայում կան բուժում ստացող մարդիկ:

Բացի այդ, Արդարադատության նախարարություն պարբերաբար են առաջարկներ ներկայացվում, բայց այդպես էլ վիճակի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է

Հաջորդը

«Ալաշկերտը» պարտվեց նվազագույն հաշվով

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հռոմի ստատուտի վավերացումը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ որոշումը։ Ըստ նրա, դրանով Հայաստանը դառնում…
Դիտել

ՏԿԵ նախարարության պարզաբանումը՝ «օդի տուրքի» մասին լուրի վերաբերյալ

ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պարզաբանումը. «Ի պատասխան 168.am կայքում հրապարակված հոդվածի` ըստ որի, իբրև թե ՀՀ…
Դիտել

Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն ջանքեր գործադրել Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններ սկսելու համար

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում առաջիկա ամիսներին ուկրաինական ճգնաժամի սրումը, ուստի ինտենսիվ ջանքեր կգործադրեն՝ այն բանակցությունների միջոցով կարգավորելու համար։ «Արմենպրես»-ի…
Դիտել

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share