ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար․ Շառլ Միշել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի տրամադրման որոշումը և նշել, որ այն նոր խթան կհանդիսանա մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի ակտիվ իրագործմանը, ինչպես նաև տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկայումս ՀՀ կառավարությունը ԵՄ գործընկերների հետ աշխատում է նախատեսվող ծրագրերի օրակարգի մշակման և դրանք արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և վերահաստատել այն խաղաղ հանգուցալուծելու ուղղությամբ ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում իր հնչեցրած առաջարկությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում ավելի ինտենսիվ կերպով հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության փաստը, որը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների ամբողջական վերադարձի ապահովումը, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստելու գործին: ԵԽ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի օժանդակության փաթեթն ուղղված է խորքային բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը: Նա նկատել է, որ փաթեթով նախատեսվող միջոցառումների շրջանակի իրականացման ուղղությամբ Հայաստանն ունի լայն ներուժ և ԵՄ-ն պատրաստ է նաև տեխնիկական օժանդակություն ցուցաբերել այդ հարցում: «ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար»,– ասել է Շառլ Միշելը:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2021 թվականի ապրիլի 13-ի հայտարարությունը, դրանով նախանշված սկզբունքները, որոնց շրջանակում էլ պետք է տեղի ունենա հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Զրուցակիցները կարևորել են բանակցությունների հնարավորինս արագ վերականգնումն ու հակամարտության կողմերի միջև երկխոսության հաստատումը:

Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ռազմագերիների վերադարձի ապահովումը, հրաժարումը ագրեսիվ հռետորաբանությունից, տարածաշրջանի ապաշրջափակումը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ևս իր հերթին պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման շուրջ երկխոսությանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը և հավելել, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ բազմաթիվ հայկական մշակութային կոթողներ ոչնչացրել ու ձևախեղել է:

Այս համատեքստում, Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ դերակատարությունը և հետևողական աշխատանքը:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի նախագահին՝ Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերվող մեծ և շարունակական ուշադրության համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Հաջորդը

«Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանի հայտարարությունը (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Գնահատում ենք, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ. Տիգրան Խաչատրյան

2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում՝ պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն…
Դիտել

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը մեղադրվում է պետական դավաճանության համար

2022 թ. մայիսի 25-ին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և…
Դիտել

Եղեգիս-1 քարայրում հայ-գերմանական արշավախումբը մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ է հայտնաբերել

Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր -կացարանի  տարածքներում հայ-գերմանական համատեղ արշավախումբը հետաքրքիր և արժեքավոր բացահայտումներ է կատարել: «Արմենպրես»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share