Փաշինյանի ուղերձը՝ Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր մակարդակի, որն առանձնանում է միջպետական համագործակցության բոլոր ոլորտներում կայուն զարգացմամբ։

Հաստատուն և մշտապես հարստացվող երկկողմ իրավապայմանագրային բազան հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, որի ստորագրման 25-ամյակը կնշենք այս տարվա օգոստոսին, և դեպի 21-րդ դար ուղղված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի վրա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր խորը ավանդույթների վրա։ Այս հզոր համախմբող գործոնը հիմք է հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական, արդյունաբերական, առևտրային, միջտարածաշրջանային, հումանիտար և գիտակրթական ոլորտներում խթանելու համար։

Ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի համաձայնագրերի հետևողական իրականացման շնորհիվ մենք շարունակում ենք արտաքին քաղաքականության համակարգումը միջազգային ասպարեզում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, ինչպիսիք են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը և Անկախ պետությունների համագործակցությունը։

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում։ Հուսով եմ, որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության խաղաղ կյանքը իր հողում։

Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերը կհանգեցնեն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։

Մեր երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում արժեքավոր ներդրում ունի նաև Ռուսաստանի հայ համայնքը։

Վստահ եմ, որ հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշի մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ մեր երկրների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման, ինչը, անկասկած, բխում է մեր ժողովուրդների և պետությունների ռազմավարական շահերից»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ պատվիրակության հետ

Հաջորդը

Սյունիքում գազատարը վերանորոգվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինն Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում «Շանհայի գործակցության կազմակերպության» (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 536 նոր դեպք

Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216064 դեպք, որոնցից 198135-ն` առողջացած, 4108-ը` մահվան ելքով:…
Դիտել

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին։ Արաբական պետությունների լիգայի հարգարժա՛ն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share