Փաշինյանի ուղերձը՝ Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր մակարդակի, որն առանձնանում է միջպետական համագործակցության բոլոր ոլորտներում կայուն զարգացմամբ։

Հաստատուն և մշտապես հարստացվող երկկողմ իրավապայմանագրային բազան հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, որի ստորագրման 25-ամյակը կնշենք այս տարվա օգոստոսին, և դեպի 21-րդ դար ուղղված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի վրա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր խորը ավանդույթների վրա։ Այս հզոր համախմբող գործոնը հիմք է հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական, արդյունաբերական, առևտրային, միջտարածաշրջանային, հումանիտար և գիտակրթական ոլորտներում խթանելու համար։

Ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի համաձայնագրերի հետևողական իրականացման շնորհիվ մենք շարունակում ենք արտաքին քաղաքականության համակարգումը միջազգային ասպարեզում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, ինչպիսիք են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը և Անկախ պետությունների համագործակցությունը։

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում։ Հուսով եմ, որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության խաղաղ կյանքը իր հողում։

Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերը կհանգեցնեն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։

Մեր երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում արժեքավոր ներդրում ունի նաև Ռուսաստանի հայ համայնքը։

Վստահ եմ, որ հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշի մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ մեր երկրների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման, ինչը, անկասկած, բխում է մեր ժողովուրդների և պետությունների ռազմավարական շահերից»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ պատվիրակության հետ

Հաջորդը

Սյունիքում գազատարը վերանորոգվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուբեն Ռուբինյանն Արարատ Միրզոյանի հետ կմեկնի Թուրքիա

ԱԺ նախագահի տեղակալ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կմեկնի Թուրքիա։ Այս…
Դիտել

ԱԻՆ-ը Խոսրովի անտառում ցուցադրական ուսումնավարժանք է անցկացրել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում հուլիսի 29-ին անցկացրել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման…
Դիտել

Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share