Ադրբեջանն իր գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին. Փաշինյան

Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի գազամատակարարման խնդրին: Երկրի ղեկավարը առանձնակի ուշադրության է արժանացրել այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել յուրահատուկ պայմաններում:

«Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը եւ ի վերջո ինքը նորոգեց: Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական:

Եւ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը մարտի 21-ին արդեն առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը, այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաեւ մարտի 7-ի պայթյունը: Մարտի 7-ին վերջին երեսուն տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում եւ օդի ջերմաստիճանը աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման եւ ձյան տեղումների այդ ռեկորդը գերազանցվել էր եւ ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին մեկուկես մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում 1 մետրի, օդի ջերմաստիճանը նվազել էր մինչեւ -8 աստիճան: Եւ ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվեց բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը ընդգծեց՝ սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին:

«Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբությունները ուսումնասիրելու:

Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ. Այն է` անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանը արդեն շուրջ մեկուկես տարի թմբկահարում է թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը եւ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ այս իմաստով խիստ խորհրդանշական եւ խոսուն է Ադրբեջանի ԱԳ նախարարության նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է:

«Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այսկողմ մի նայեք եւ թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ չակերտավոր «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը: Նման բան տեղի ունենալ չի կարող եւ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, անհատները՝ սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ եւ լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը, բոլոր ատյաններում»,- հայտարարեց վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինա. վերջին իրադարձությունները

Հաջորդը

Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր. ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքվից առայժմ պատասխան չունենք. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, Հայաստանը իր առաջարկներով համալրել է խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունների…
Դիտել

Կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Իրանի դեսպան

Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպմանը…
Դիտել

Կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share