Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է.Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների դատավարությանը․

«Հունիսի 2-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքն ամբողջությամբ ոտնահարող քրեական գործով դատական նիստը:

Ավելին, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեցին. «Հադրութի հյուսիս-արևմտյան շրջանից ադրբեջանցի զինվորականների ու քաղաքացիական անձանց դեմ դիվերսիա, ահաբեկչություն և այլ հանցագործություններ իրականացրած ընդհանուր առմամբ 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործի նախաքննություն ավարտվել է և ուղարկվել դատարան»։Նախ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. նրանք գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ և հիմա էլ այդ հակամարտությունը չի ավարտվել: Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ հետապնդումներ են հարուցում, ըստ էության, հենց նրանց այսպես կոչված «խոստովանական ցուցմունքների» հիման վրա:

Ակնհայտ է, որ նման պայմաններում Ադրբեջանում նրանք պահվում են ակնհայտ ապօրինի և գերիներից ցանկացածի նկատմամբ քրեական հետապնդումը կամ դատավարությունը, նրանց կալանքի տակ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում` Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներ են:

Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն էլ ընդհանրապես հաստատում է քրեական ընթացակարգերի ապալեգիտիմությունը և ավելորդ դարձնում անգամ որևէ իրավունքի մասին խոսելը: Ավելին, այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի և մի շարք այլ կենսական իրավունքներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ, ինչպես երևում էր երեկ ադրբեջանական աղբյուրներով հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, դատական նիստերի դահլիճում գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դրսևորվում էր մարդու արժանապատվությունը բացահայտ նվաստացնող վերաբերմունք՝ նրանց պահելով ապակյա խցում ու մեկուսացած վիճակում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ այդ վերաբերմունքն ու հրապարակումներն արվել են այն նպատակով, որ լրացուցիչ հոգեկան տառապանքներ պատճառեն գերիների ընտանիքների անդամներին և լարվածություն առաջացնեն հայկական հասարակությունում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեսարանի հրապարակայնացումն ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնության կոչեր: Ուստի, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների ու նրանց ընտանիքների իրավունքները, քաղաքականացնում են մարդասիրական հարցերը: Եվ այս ամենն այն պայմաններում, որ ադրբեջանական իշխանությունները չեն հայտնում գերիների իրական թիվը:Հետևաբար, հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի», ասված է Արման Թաթոյանի տարածած հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ․ ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Երեւանի Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, հանցագործության գործիք հրազենը՝ հայտնաբերվել․ ՀՀ ոստիկանություն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Ա. Միրզոյան

Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն…
Դիտել

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share