Կատարվել է անընդունելի դեպք. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: 

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարությունից:

Պետնախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը պահանջում է ոչ միայն հրատապ խնդիրների վերաբերյալ որոշումների կայացում, այլև ստիպում է աշխատանքները նոր ձևով կազմակերպել, քանի որ  նոր մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն համակարգված  և թիմային աշխատանքով: Այս իրավիճակում նա առանցքային է համարել կարգապահությունն ու թափանցիկ աշխատանքը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ չնայած ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե շրջափակում չկա, սակայն երեկ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը. «Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում: Շուրջ վեց շաբաթ ընտանիքից բաժանված երեխաներին փորձ է արվել վերադարձնել   խաղաղապահների միջոցով, բայց տեսանք, որ անգամ այս  պարագայում ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար»:

Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ պետնախարարը նշել է. «Սա քաղաքական շրջափակում է, սա միայն ճանապարհի արգելափակում չէ: Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է  սուբյեկտայնության համար»:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը կառավարության անդամներին  պարզաբանել է իրավիճակի հետ կապված իր մոտեցումները:

«Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ և զարգացած։ Դա շատ կարևոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Բայց ես դա՛ եմ համարում միակ ճանապարհը ու եկել եմ, որ միասին ամեն ինչ անենք՝  այդ նպատակին հասնելու համար,-ասել է պետնախարարը:- Հաջողության հասնելու միակ ճանապարհն այն է, որ մենք միասնական լինենք, ու ես, այո՛, աշխատելու եմ բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են իմ սկզբունքների հետ: Հիմա մենք այնպիսի կետում ենք, որ ձախողվելու իրավունք չունենք»:

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ այն չափազանց  բարդ է, քանի որ ճգնաժամի պայմաններում արդեն հին համակարգն ու մեխանիզմները չեն գործում և անհրաժեշտ է համարել ճգնաժամին արձագանքող ճկուն լուծումներով  նոր ու ավելի արդյունավետ համակարգի ձևավորումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև շրջափակման հետևանքով մի շարք ոլորտներում ստեղծված խնդիրներն ու այդ պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հավանական է համարում Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելը

Հաջորդը

Արցախի Հանրապետությունն անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Առնչվող նյութեր
Դիտել

Ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է․Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Մենք բարեահաջող…
Դիտել

Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» վերակառուցվում է նաև Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի…
Դիտել

ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար

Ապրիլի 20-ին դեսպան Թրեյսին Ամուլսարում էր՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share