Մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ.

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը:

Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն:

Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում:

Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:

Դա այն ժամանակահաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը:

Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը:

Մեր այս մեծերի և հազարավոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռքբերված սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ:

Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել:

Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել:

Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար: Ու պետությունն, անկախությունն, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս:

Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին:

Շնորհավոր մայիսի 28: Շնորհավոր Հայոց պետականության վերածննդի օրը»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է. ԱՀ նախագահ

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Օդիլ Ռենո-Բասսոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Վարչապետը կարևորել է ՀՀ…
Դիտել

Հայաստանում հեղաշրջման համար Ռուսաստանն այլևս ռեսուրս չունի. Շիրինյան (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջման համար ռեսուրս և միջոցներ այլևս չունի։ Երևանի ընտրողները պետք է կատարեն վերջին ընտրությունը և ռևանշիստներին…
Դիտել

Այսօր սիրված դերասան Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակն է

Հայ սիրված դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ բեմի կատակերգու Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 100 տարեկան: Կարպ (Կարապետ)…
Դիտել

Վարչապետն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share