Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են Հարավային Կովկասի տարածաշրջանում. Մհեր Մարգարյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը, մասնավորապես ասել է.

Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը:

Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բազմակողմանի և արդյունավետ իրականացումը մնում է միջուկային զենքի և դրա տեխնոլոգիաների տարածման կանխարգելման, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և համընդհանուր ու ամբողջական զինաթափման նպատակին հասնելու համար միջազգային ջանքերի անկյունաքարը:

Տարիներ շարունակ Հայաստանը հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի իրականացմանը: Ցավոք, սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամբողջականությունը լրջորեն խաթարվել է որոշ ուժերի կողմից դրա հիմնական դրույթների պարբերական, կանխամտածված և զանգվածային խախտումների պատճառով:

Վեճերի կարգավորման համար ուժի կիրառման քաղաքականությունը, պատերազմների հրահրումը, պետության ղեկավարության ներքո արմատականացումը և մի շարք ազգերի ու էթնիկ խմբերի անմարդկային վերաբերմունքի հիման վրա ինքնության ձևավորումը վտանգավոր միտումներ են, որոնք վնասում են գլոբալ և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է միասնական լինի բոլոր դեպքերում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը վճռականորեն չընդունելու հարցում, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անմիջական սպառնալիք են Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղությանն ու անվտանգությանը։

Վերջերս՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը թիրախավորեց Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանները՝ պատճառելով ավելի քան 200 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Շուրջ 8000 մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և ծերեր, ժամանակավորապես տեղահանվեցին։ Հայաստանի խիտ բնակեցված քաղաքները թիրախային կրակի տակ էին հայտնվել՝ Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտմամբ։ Այս հարձակումներին նախորդել են 2021 թվականի մայիսին, հուլիսին և նոյեմբերին տեղի ունեցած ագրեսիվ գործողությունները։

Միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ Ադրբեջանը գերի է վերցրել, խոշտանգել և սպանել մի շարք հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց, որոնք ենթարկվել են ամենազազրելի բարբարոսությունների, ներառյալ՝ սեռական և գենդերային բռնությունը, բռնի սպանությունները և անդամահատումները: Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լայնորեն տարածվում են հայ ռազմագերիների բարբարոսական արտադատական ​​մահապատիժների ցնցող տեսանյութերը։ Ադրբեջանցի զինվորականների հանցավոր վարքի մասին լավ փաստագրված ապացույցներն անհերքելի են։ Ավելի ու ավելի հրամայական է, որ բոլոր ոճրագործությունները լիովին հետաքննվեն, և մեղավորները, ներառյալ նրանց զինված ուժերի ղեկավարությունը, պատասխանատվության ենթարկվեն:

Անցած շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական զավթիչ ուժերն ականանետների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիմեցին հերթական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով երեք հայ զինծառայող զոհվեց։ Ադրբեջանական զինուժը շարունակում է կենտրոնանալ և ամրապնդել դիրքերը սահմանների երկայնքով և Հայաստանի օկուպացված հատվածներում՝ հետագա էսկալացիայի վտանգ ներկայացնելով։

Տարիներ շարունակ սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում Ադրբեջանի՝ պայմանագրերը չկատարելու և ռեժիմներին չենթարկվելու, չծանուցված լայնածավալ զորավարժությունների, չվերահսկվող զինուժի և տարածաշրջանային պայմանավորվածությունների շրջանակում վստահության և անվտանգության ապահովման միջոցառումներ իրականացնելուց հետևողական մերժման հաստատված արձանագրությունները ցույց են տվել մեր տարածաշրջանում հետագա ռազմական ագրեսիա հրահրելու հստակ մտադրություն: Ցավոք սրտի, համապատասխան միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից համարժեք արձագանքի և գործողությունների բացակայությունն ի պատասխան Ադրբեջանի կողմից իր իրավաբանորեն պարտադիր պարտավորությունների ակնհայտ անհամապատասխանությանը թույլ տվեց վերջինիս շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը:

Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի կողմից վերջին հարձակումների և ներխուժման հարցը և կշարունակի այդ մասին բարձրաձայնել ՄԱԿ-ի և նրա համապատասխան մարմինների առջև, որպեսզի վերջինները կատարեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար իրենց պատասխանատվությունը, վճռականորեն դատապարտեն հանցավոր հարձակումները Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, կոչ անեն անհապաղ և անվերապահ դուրս բերել զորքերը ՀՀ տարածքներից։

Համոզված ենք, որ միջազգային կառույցները պետք է վճռական լինեն իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների համակարգային և կոպիտ խախտումների դեպքում։ Տարածքներ գրավելու կամ միջազգային վեճերը լուծելու համար ուժի կիրառման հանցավոր գործելաոճը պետք է միանշանակ դատապարտվի, իսկ խախտողները՝ ենթարկվեն համապատասխան պատժամիջոցների։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ՄԱԿ-ի անդամ պետություններին ճանաչել ԼՂ Հանրապետությունը

Հաջորդը

«Իմացեք, մենք մի գիշեր կարող ենք գալ,սա վերաբերում է ոչ միայն Հունաստանին». Էրդողան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ դեսպանը խոսել է ԼՂ հակամարտության հետեւանքով տեղահանվածներին աջակցության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանին՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ…
Դիտել

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը․ Փաշինյանը՝ Լատվիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share