Ելակի գյուղը. Հայաստանում ելակի մշակության հեռանկարները

Տեղականի անվան տակ թուրքական ելակ է վաճառվում

Արմավիրի մարզում ելակի բերքահավաքը, նախորդ տարվա համեմատ, շուրջ 20 օր ուշ կսկսվի: Գյուղացիներն Ագրոպրեսին պատմում են՝ եղանակն այս տարի ելակի համար բարենպաստ չէր, ջերմոցային տնտեսությունները պահպանելու համար կրկնակի ծախս են կատարել, վաղ գարնանը քամիները վնասել են պոլիէթիլենային թաղանթներն ու ելակի չհասունացած պտուղները: Գյուղացիները ստիպված են եղել ցանքատարածությունները երկրորդ անգամ թաղանթապատել, իսկ բույսը՝ կրկնակի պարարտացնել:

Մի կողմից էլ հիվանդությունների պատճառով է բերքը տուժում: Այս տարի ելակի մշակությամբ զբաղվող գյուղացիների պնդմամբ՝ բերքը քիչ է լինելու:

Գեղակերտցի Վարդան Կարապետյանը 3000 մետր հողատարածքում ելակ է մշակում, 15 տարվա աշխատանքից դժգոհ չէ, ասում է՝ ռիսկային է, գյուղացու չարչարանքը բնությունից է կախված:

Հողագործի կարծիքով՝ ելակի մշակությամբ զբաղվելը ձեռնտու է, եթե եղանակը բարենպաստ է լինում:

«1000 մետրից մեկ տոննա ելակ եմ հավաքում, դա միջին բերք է: Ռեկորդային բերք չենք ստանում, քանի որ այս բույսը հիմնական հով տարածքում է լավ աճում, իսկ մեզ մոտ տաք է կլիման: Ծախս է պահանջում, տեխնիկա քիչ ես օգտագործում, հիմնականում բոլոր պահանջվող աշխատանքը ձեռքով է արվում, իսկ աշխատուժը գումար է պահանջում: Օրավարձով բանվոր ենք բերում, աշխատացնում, եթե առաջ մեկ օրվա համար բանվորը 3000 դրամ գումար էր ուզում, հիմա 7000-ով է գործ անում»,- նշեց գյուղացին:

Արմավիրի մարզում ելակի մշակությամբ զբաղվում են հիմնակում Գեղակերտ, Առատաշեն և Արշալույս համայնքների գյուղացիական տնտեսությունները:

Նրանք գրեթե ողջ տարին են զբաղված ելակով, մշակության նախապատրաստական աշխատանքները սկսում են սեպտեմբերից, շարունակվում մինչև բերքահավաք, երբ սեղանը սկսում է զարդարել գեղեցիկ տեսքով անուշ պտուղը, գյուղում հասցնում են շունչ քաշել։

Տիկին Մանուշակը 15 տարի է՝ ելակ է մշակում: Ասում է՝ չարչարանքը շատ է, նուրբ մշակաբույս է, մշտապես հետևել է պետք, հիվանդությունների նկատմամբ դիմացկուն չէ, որակյալ բերք ստանալու համար պետք է ժամանակին պարարտացնել: Նա նշում է, որ իրենց համայնքում մարդիկ տարեցտարի ավելացնում են ելակի ցանքատարծությունները:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը հայտնեց, որ դեռ այս տարվա հաշվարկները չեն արել, բայց իր կանխատեսմամբ, նախորդ տարվա համեմատ, ելակ ավելի շատ են մշակել:

Նախորդ տարի մարզում մոտ 350 հեկտար ելակ է մշակվել, այս տարվա ցուցանիշներն ավելի են:

«Եթե իրացումը լավ լինի, մարդիկ ավել շատ ելակ կմշակեն: Միշտ ասում եմ՝ երկու կարևոր խնդիր կա գյուղատնտեսությունում՝ իրացում և ոռոգման ջուր: Եթե այս երկուսը լինի, գյուղատնտեսությունը շեշտակի կաճի»,- հավելեց մարզի գլխավոր գյուղատնտեսը:

Ելակը հեռանկարային է

Օրեր առաջ Խոյ խոշորացված համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել էր բնակիչների հետ՝ գյուղատնտեսական աշխատանքների ու ծրագրերի վերաբերյալ:

«Հո՞ղ եք մշակում, կլուբնիկ ունե՞ք, ես գիտեմ, որ անցած տարի լավ վաճառվելա, բայց ինչքան գիտեմ՝ եթե շատ է լինում, գինն է ցածր լինում, քիչ է լինում, գինը բարձր է: Իսկ ապահովագրություն, բան արե՞լ եք»,- հարցրել էր Փաշինյանը գյուղացիներին, ինչին վերջիններս բացասական պատասխան են տվել:

Ելակի ջերմոցները գյուղապահովագրություն չունեն։ Գյուղացիներն ասում են՝ մինչև հիմա չեն կարողացել մարել ջերմոցների պոլիէթիլենային թաղանթների պարտքը. 1 կգ՝ 1500 դրամ: Իսկ ելակի ջերմոցների երկարությունը մինչև 20մ է:

Ելակի մշակությամբ զբաղվող գեղակերտցի ֆերմեր Վարդան Կարապետյանի համոզմամբ՝ գործը հեռանկարային է, եթե մթերման հարցը լուծվի: Գյուղացու խոսքով՝ տարեցտարի ելակի ցանքատարածություններն ավելանում են: Արտադրողը, սակայն, խնդիրներ է տեսնում: Ըստ նրա՝ եթե շարունակվի դրսից մեր երկիր ելակ մտնել, գյուղացիները կհրաժարվեն իրենց գործից:

«Մենք արտահանում չենք անում, արտահանվում է հիմնականում մեծ ջերմոցային տնտեսություններում արտադրված ելակը: Մեր գործից խփում է Թուրքիայից ներկրած ելակը: Այս տարի էլ են Թուրքիայից ելակ բերել և տեղականի անվան տակ վաճառում են: Թուրքական ելակը հիմա վաճառվում է այն թասերի մեջ, որոնց մեջ մերն է վաճառվում: Թուրքիայից էժան են բերում, իսկ մեր արտադրանքը թանկ է նստում․ աշխատուժի ենք գումար տալիս, բուժանյութն ու պարարտանյութը թանկ են»,- նկատեց նա:

Ելակի՝ նոր ջերմոցային համալիր կկառուցվի

Հայաստանում ելակի խոշոր ջերմոցները գտնվում են Իջևանում, Արագածոտնի մարզում և այլ վայրերում: Դրանց թիվը շուտով մեկով էլ կավելանա:

Պետությունն օգնում է, որ ֆերմերները կարողանան ելակի բիզնես հիմնել:

Ըստ այդմ՝ կառավարությունն ապրիլի 26-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԲԵՐՐԻՄԱՈՒՆԹ» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս ընկերությունը Կոտայքում 32 հազար քմ տարածքով ելակի ջերմոցային համալիր կկառուցի: Արտադրանքի 95 տոկոսը նախատեսվում արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 992 մլն դրամի ներդրում ջերմոցների ձեռքբերման համար։

Այս ներդրումային ծրագրի շնորհիվ նախատեսվում է մինչև 2023 թվականի ավարտը ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 120,000 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան Աղբյուրը՝  Agropress

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որքա՞ն ծիրանի բերք է սպասվում

Հաջորդը

Վերջնական համաձայնությունը կլինի պատմական և կբխի Հայաստանի ու Ադրբեջանի շահերից.Բլինքեն

Առնչվող նյութեր
Դիտել

Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով

Երևանի քաղաքապատերանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի սկզբից Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և…
Դիտել

Զարմանալի բանն այն է, որ կաթողիկոսը այս իշխանությունների համար մատաղ չի անում․ Իոննիսյան

Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ-ն պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից։ Սա միանգամից կրկնակի զարմանք է առաջացնում,…
Դիտել

Ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…
Դիտել

ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանում որոշ շրջաններ այցելել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share