Ժողովրդի հետ պետք է խոսել ազնվորեն․ Նորիկ Նորիկյան

Նկատի ունենալով, որ բազմաթիվ քաղաքական ուժեր ու գործիչներ, երիտասարդական խմբեր մեկը մյուսին հերթ չտալով ու տարբեր ձևաչափերով իրենց բողոքի ու դժգոհության ձայնն են բարձրացնում այս կամ այն երկրի դեսպանատան առջև՝ փորձելով այդ պետությունների ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար աղետի վրա, պարտքս եմ համարում պոպուլիզմից անդին Ձեր քննարկմանը ներկայացնել հարցի լուծման հավանական ու անհավանական մի քանի տարբերակներ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորիկ Նորիկյանը։

«Հակված չեմ պնդելու, որ ստորև ներկայացվող տարբերակները վերջնական են, իրատեսական են, կիրառելի են կամ արդյունավետ։

Ճիշտ հակառակը, հնարավոր է կան նաև այլ, ավելի ռացիոնալ տարբերակներ, որոնց իրագործմամբ հնարավոր կլինի հաղթահարել այս ճգնաժամը։

Ուրախ կլինեմ, եթե Ձեր կողմից ներկայացվեն նաև այլ տարբերակներ կամ բերված տարբերակների արդյունավետության կամ անարդյունավետության վերաբերյալ արվեն կոնկրետ դիտարկումներ։

Ավելի՛ն, եթե իսկապես կա կոնկրետ գործնական քայլ, որի արդյունքում կարող ենք լուծել այս հարցը, խնդրե՛մ, ներկայացրե՛ք, բոլորս միավորվենք այդ տարբերակի իրագործման գաղափարի շուրջը և լուծենք այս հարցը, հակառակ դեպքում իսկապես հոգնել ենք փողոց փակելով ու պիկետ անելով․․․

Այլ կերպ ասած՝ մեզ կոնկրետ աշխատանք է պետք կատարել, ոչ թե ժողովրդին դուր գալու համար պիկետ անել․․․

Այսպիսով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակները կարող են լինել հետևյալը․

1. Ադրբեջանն ինքնակամ բացում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, և խնդիրը լուծվում է։

2. Արցախի իշխանությունները կատարում են Ադրբեջանի պահանջը, այն է՝ թույլ են տալիս, որ նրանց ՛՛Բնապահպանները՛՛ մոնիտորինգի ենթարկեն Արցախի հանքավայրերը, և ճանապարհը բացվում է։

3. ՌԴ խաղաղապահ զորակազմը կատարում է իր պարտականությունները և ապահովում իր վերահսկողության ներքո գտնվող ճանապարհի բնականոն գործունեությունը, որի արդյունքում բացվում է փակված ճանապարհը։

4. Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման ներքո բացում է ճանապարհը և պարտավորվում այլևս չփակել այն։

5. Արցախի ժողովուրդը բազմահազարանոց երթով Ստեփանակերտից շարժվում է դեպի ճանապարհի փակված հատվածը և հարկադրանքով բացում այն (Այս դեպքում պետք է հաշվարկել Ադրբեջանի հնարավոր հակաքայլերը և դրանք հաղթահարելու հնարավորությունը)։

6. Արցախի Հանրապետության ոստիկանությունը ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով հարկադրանքի ուժով բացում է փակված ճանապարհը (Այս դեպքում պետք է հաշվարկել Ադրբեջանի հնարավոր հակաքայլերը և դրանք հաղթահարելու հնարավորությունը)։

7. Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները Արցախի ազգային անվտանգության ու ժողովրդի գոյության դեմ ուղղված սպառնալիքը չեզոքացնելու նպատակով ուժի գործադրմամբ բացում են փակված ճանապարհը և ապահովում Արցախի հետ կապող ճանապարհի բնականոն գործունեությունը (Այս դեպքում պետք է հաշվարկել Ադրբեջանի հնարավոր հակաքայլերը և դրանք հաղթահարելու հնարավորությունը)։

8. Եթե Ադրբեջանը Ճանապարհի բացումը պայմանավորում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով», ինչպես նաև պարտադրում է Հայաստանին իր օրակարգով կնքել Խաղաղության պայմանագիր, որի հետևանքով ստիպում է Հայաստանին ամբողջապես հրաժարվել Արցախից, պահանջում է վերադարձնել այսպես կոչված անկլավները, և կատարել Արդբեջանի այլ պահանջները, ապա Հայաստանը գլխիկոր կատարում է նրա բոլոր պահանջները, որի արդյունքում բացվում է ոչ միայն ճանապարհը, այլև լուծվում են բոլոր հարցերը (Այս դեպքում պետք է քննարկել այն հարցը, թե այդպիսի պայմանագիր կնքելուց հետո արդյո՞ք որևէ ապագա կարող է լինել, թե՞ ոչ, կամ առհասարակ՝ Հայաստան կլինի՞, թե՞ ոչ)։

9. Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջնականապես լուծելու համար պատերազմ է հայտարարում Ադրբեջանին, վերադարձնում է կորցրած տարածքները, ինքն է հարկադրում Ադրբեջանին կնքել անվերապահ կապիտուլյացիա՝ վերջնականապես լուծելով հարցը (Այս դեպքում պետք է հաշվարկել Ադրբեջանի հնարավոր հակաքայլերը և դրանք հաղթահարելու հնարավորությունը, ինչպես նաև պատերազմում Հայաստանի հաղթելու հավանականությունը)։

10. Հայաստանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը և դիմում աշխարհի բոլոր պետություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը և Արցախում տեղակալել ՄԱԿ-ի խաղաղպահ ուժեր (Այս դեպքում պետք է հաշվարկել Ադրբեջանի հնարավոր հակաքայլերը և դրանք հաղթահարելու հնարավորությունը, ինչպես նաև աշխարհի պետությունների հնարավոր դրական արձագանքի հնարարությունը)։

11. Հայաստանը հրաժարվում է սեփական ինքնիշխանությունից, դիմում է ներկայացնում Ռուսաստանի Դաշնությանը՝ Միութենական պետության կազմ մտնելու համար՝ ակնկալելով ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։

12. Հայաստանը դիմում է ներկայացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դադարեցնում է իր անդամակցությունը ԵԱՏՄ-ում, չեղյալ է հայտարարում ՌԴ-ի հետ կնքված 1997թ․ բարեկամության պայմանագիրը և հայտ է ներկայացնում Եվրոմիության ու ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, որպեսզի երաշխավորվի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը (Այս դեպքում պետք է հաշվարկել Ռուսաստանի Դաշնության հնարավոր հակաքայլերը և դրանք հաղթահարելու հնարավորությունը, ինչպես նաև Եվրոմիության ու ՆԱՏՕ-ի ռեակցիան ու դրական պատասխանի հնարավորությունը)։

13. Հայաստանում հրավիրվում է համազգային հանրահավաք, որի անունից Ռուսաստանի Դաշնությանը, ԱՄՆ-ին և Ֆրանսիայի Հանրապետությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, պահանջ է ներկայացնում հնարավորինս կարճ ժամանակահատվածում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և լուծել տասնամյակներ տևող այս հակամարտությունը՝ ապահովելով արցախահայության իրենց պատմական հայրենիքում հարատև ապրելու բնական իրավունքը։

14. Հայաստանը միջազգային իրավունքի ու սկզբունքների հիման վրա փորձում է կարգավորել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ առաջնորդվելով բացառապես սեփական պետության ռազմավարական շահերով՝ տուրք չտալով աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի պատմական ու ավանդական ընկալումներին։

Հ․Գ․ Ներկայացված տարբերակներում կան բավականին վտանգավոր կետեր, որոնց իրագործման դեպքում Հայաստանը կարող է կանգնել ընդհուպ կործանման եզրին։

Այս հրապարակման հիմնական նպատակը քաղաքական միտք կրողներին ռացիոնալ հարթության վրա հանրությանը ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ելքերի կապակցությամբ իրատեսական ուղի ցույց տալուն միտված «Պրովոկացիան» է։

Ժողովրդի հետ պետք է խոսել ազնվորեն ու նրան ներկայացնել ճշմարտությունը, ոչ թե նրան պահել հարատև ինքնախաբեության մեջ․․» ,- գրել է Նորիկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Հաջորդը

Երևանի բնակարաններից մեկում մաքրուհիները 12,5կգ ոսկի են գտել և թաքցրել

Առնչվող նյութեր
Դիտել

Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ․ Արմեն Գրիգորյան

Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն…
Դիտել

«Մեր զինվորականներին հանելու կոչ անողները ավանտյուրիստներ են». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և Լաչինի միջանցքի բլոկադայի իրավիճակին։ «Երևանի հայտարարությունները,…
Դիտել

ՊՆ-ում անցկացվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցություններ

Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: Խորհրդակցություններին մասնակցել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share