ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: Այս համաժողովը իսկապես հրաշալի առիթ է` հայ-ավստրիական տնտեսական հարաբերություններում առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու և փոխշահավետ նոր գործարար հարաբերություններ հաստատելու և, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր որակի բերելու համար: Մենք հնարավորություն ունենք ուղենշելու տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը, և այս տեսանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունն այս համաժողովին: 

Որպես ոչ տնտեսական, այլ քաղաքական ոլորտի մարդ` ուզում եմ ասել, որ մենք Հայաստանում ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ապահովենք այն անհրաժեշտ բարենպաստ միջավայրը, որտեղ տնտեսական հարաբերությունները և բիզնես կապերը և, ընդհանրապես, բիզնեսը կարող է իրեն հարմարավետ զգալ: Այս առումով ես ուզում եմ նշել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ, իրապես մրցակցային շուկայական հարաբերություների հաստատումը, և համոզմունք ունեմ, որ ավստրիացի գործարարների և, ընդհանրապես, աշխարհի գործարարների համար այս բառերը պետք է որ հնչեն որպես մեղեդի, որովհետև կարծում եմ, որ սրանք այն նվազագույն անհրաժեշտ պայմաններն են, որտեղ բիզնեսը կարող է և պետք է իրեն հարմարավետ զգալ:  

Նաև ուզում եմ ասել, որ Հայաստանն ունի որոշակի տնտեսական առավելություններ և ձեռքբերումներ վերջին տարիներին և հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում. նշենք «Արմաթ» լաբորատորիաները, ԹՈւՄՈ ստեղծարար կենտրոնները: Ուզում եմ հիշատակել, որ ԹՈւՄՈ-ի հաջող փորձը այժմ կիրառվում է Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Բեյրութում, Կիևում, Տիրանայում: Կարծում եմ` կարելի է դիտարկել նաև Վիեննայում և այլուր ԹՈւՄՈ-ների բացման հնարավորությունը: 

Գիտեք իհարկե, որ Հայաստանը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ իր որոշակի առավելություններով, իր 180 միլիոնանոց շուկայով: Եվ կարծում եմ, որ գործարարներն այս հնարավորոթյունը ևս կարող են օգտագործել: Նաև ուզում եմ անպայման նշել, որ իմ լավ բարեկամի՝ սիրելի պարոն Շալենբերգի հետ երեկոյան քննարկում էինք այս համաժողովը և մտածում էինք, որ իսկապես մեր կողմից արել ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք այն միջավայրը, որի մասին քիչ առաջ ասեցի: Եվ կարծում եմ, որ այստեղ մենք պետք է արդեն մի կողմ քաշվենք և թողնենք, որ բիզնեսն իր գործն անի: Ես հաջող ընթացք եմ մաղթում համաժողովին: 

Շնորհակալ եմ»: 

Գործարար համաժողովի ընթացքում նաև ստորագրվել են Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, ինչպես նաև համագործակցության հուշագրեր՝ հայկական ու ավստրիական ընկերությունների միջև:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք.Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Վերականգնվել է պատճառված 805 մլն ՀՀ դրամի չափով վնասը

Առնչվող նյութեր
Դիտել

Վաղը Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան կբերվի Սուրբ Գեղարդը

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ…
Դիտել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ

Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի…
Դիտել

ՔԿ-ն պարզել է զորամասի հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է ՊՆ զորամասի ինժեներա-սակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի…
Դիտել

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում հուլիսի 4-ին տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share